Հայաստան են ժամանել ԱՄՆ անտառային ծառայության փորձագետները - Mediamax.am

7051 դիտում

Հայաստան են ժամանել ԱՄՆ անտառային ծառայության փորձագետները


Լուսանկարը` ՀՀ բնապահպանության նախարարություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստան է ժամանել ԱՄՆ անտառային ծառայության փորձագիտական խումբը:

Այն աշխատում է ՀՀ բնապահպանության նախարարության հետ՝ գտնելու համար արդյունավետ միջոցներ, որոնք կմեղմեն հողերի էրոզիայի, հեղեղումների վտանգները եւ երկարաժամկետ հեռանկարում կնպաստեն ջրբաժանների առողջացմանը եւ բուսածածկի վերականգնմանը Խոսրովի ու Արտավանի անտառների հրդեհից հետո:

 

Թիմը, որի կազմում ընդգրկված են անտառային գենետիկայի մասնագետ Էնդրյու Բաուերը եւ հիդրոլոգ Դանա Բաթլերը, Հայաստանում խորհրդատվություն կառաջարկի ԱՄՆ անտառային ծառայության կողմից նման աղետներից հետո կիրառվող Այրված տարածքների արձագանքելու արտակարգ գործողությունների գործընթացի վերաբերյալ: Նրանք նաեւ կներկայացնեն հրդեհի տարածումը կանխելու եղանակներն ու խորհրդատվություն կապահովեն ջրբաժանների առողջացման երկարաժամկետ անելիքների շուրջ:

 

«Ուրախ ենք, որ հրդեհից հետո այս թիմը կարողացավ այսքան շուտ օգնության գալ մեր հայ գործընկերներին՝ ներկայացնելու լավագույն փորձը: Հայաստանի հետ մեր գործընկերության շրջանակում սա կարեւոր քայլ է, որը հետագայում թույլ կտա մեղմել հրդեհների հետեւանքով հասցվող վնասը», - ասել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

 

Ամերիկացի երկու փորձագետները հանդիպումներ կունենան Խոսրովի արգելոցի աշխատակիցների, պետական պաշտոնյաների, հասարակական կազմակերպությունների հետ՝ ծանոթանալու եւ օգնելու գտնել հրդեհի գոտու ու դրա հարակից հատվածի այն առանցքային տեղանքները, որտեղ անհապաղ միջոցներ պետք է ձեռնարկվեն: Այցի ընթացքում նրանք կփորձեն պարզել այն տարածքները, որոնք կարող են վնասվել ջրահոսքերի ու բուսածածկի կորստյան պատճառով հողերի էրոզիայի հետեւանքով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին