Փորձագետներն առաջարկներ կանեն «Նաիրիտում» առկա նյութերի համար - Mediamax.am

5869 դիտում

Փորձագետներն առաջարկներ կանեն «Նաիրիտում» առկա նյութերի համար


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: «Նաիրիտ» գործարանի հրդեհի հետեւանքով այրված պահեստարաններին եւ գործարանի տարածքում պահվող քիմիական նյութերին ծանոթանալու նպատակով Հայաստան են ժամանել միջազգային փորձագետներ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ օգոստոսի 28-ին, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տարածքում բռնկված հրդեհի հաջորդ օրը, նախարարությունը դիմել էր միջազգային կազմակերպությունների օգնությանը՝ խնդրելով փորձագիտական առաքելություն ուղարկել Հայաստան:

 

ՄԱԿ-ի մարդասիրական գործերը համակարգող գրասենյակի միջոցով (UN OCHA) հայտին պատասխանել են Եվրոպայի արձագանքման համագործակցության կենտրոնը (ERCC) եւ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալությունը (SDCA)`Հայաստան գործուղելով երեք փորձագետ:

 

Սեպտեմբերի 11-ին փորձագետները այցելել ԱԻ նախարարություն եւ «Նաիրիտ» գործարան: Իրավիճակին նախնական ծանոթացումից հետո նրանց ընդունել է արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:

 

Շնորհակալություն հայտնելով արագ արձագանքի համար՝ նա ընդգծել է, որ հայկական կողմն ակնկալում է ստանալ առկա խնդրի հրատապ ու արդյունավետ լուծման առաջարկներ՝ ապագայում բացառելու համար հնարավոր արտակարգ պատահարները:

 

Առաջիկա օրերին փորձագետները կշարունակեն ուսումնասիրությունները, որոնք ներառելու են ՀՀ օրենսդրական դաշտը, քիմիական նյութերի եւ թափոնների պահպանման, դրանց իրացման կամ չեզոքացման հնարավորությունները, մարդկանց եւ շրջակա միջավայրի համար առկա ռիսկերը:

 

Փորձագիտական խումբը Հայաստանում կաշխատի երկու շաբաթ, ինչից հետո հանդես կգա առաջարկությունների փաթեթով, որը հիմք կհանդիսանա ծրագիր մշակելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին