Հայաստանին անհրաժեշտ է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը - Mediamax.am

exclusive
15138 դիտում

Հայաստանին անհրաժեշտ է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը


Շեյն Ռոզենթալ
Շեյն Ռոզենթալ

Լուսանկարը` Ասիական զարգացման բանկ

Լուսանկարը` Ասիական զարգացման բանկ

Լուսանկարը` Ասիական զարգացման բանկ

Լուսանկարը` Ասիական զարգացման բանկ

Լուսանկարը` Ասիական զարգացման բանկ

Լուսանկարը` Ասիական զարգացման բանկ


Շեյն Ռոզենթալ, Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության գրասենյակի տնօրեն

Նյութի հեղինակը Շեյն Ռոզենթալն է՝ Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության գրասենյակի տնօրենը: Դրանում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

 

550 կիլոմետր երկարությամբ ձգվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը Հայաստանի կարեւորագույն ռազմավարական ենթակառուցվածքներից մեկն է: Այն կընդլայնի տրանս-եվրոպական տրանսպորտային ցանցը եւ Հայաստանի ողջ երկայնքով կապ կապահովի Իրանից դեպի Վրաստան, ինչպես նաեւ երկրի սահմաններից դուրս: Բարձր թողունակությամբ այս մայրուղին, որը կառուցվում է ինժեներական եւ նախագծման ժամանակակից մոտեցումների կիրառմամբ, կխթանի Հայաստանի տնտեսական աճն ու ինտեգրումը աշխարհին: 

 

Այս պատճառով ճանապարհային միջանցքի արդիականացումը հանդիսանում է կառավարության առաջնային գերակայություններից մեկը, եւ այդ իսկ նպատակով Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) ֆինանսավորում է տրամադրել միջանցքի երեք հիմնական հատվածների կառուցման համար: Այնուամենայնիվ, հայաստանցիներից շատերը տեղեկացված չեն ծրագրի հիմնավորման, օգուտների եւ ծախսերի մասին:

Լուսանկարը` Ասիական զարգացման բանկ

Մի քանի փաստ ծրագրի վերաբերյալ.  

 

Ծրագրի նախագիծը. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի առաջնահերթ նպատակն է ապահովել,  որպեսզի այն կառուցվի երկրի երկարաժամկետ զարգացման կարիքների համար: Երբ ԱԶԲ-ն ներգրավվեց ծրագրում, մենք համաձայնություն ձեռք բերեցինք կառավարության հետ, որ ծրագիրը պետք է նախագծված լինի՝ առավելագույնի հասցնելու դիմացկունությունը, նվազեցնելու երկարաժամկետ սպասարկման եւ շահագործման ծախսերը եւ երկարաձգելու ճանապարհի շահագործման ժամկետը: Ճանապարհի որոշ հատվածներում օգտագործելով բետոնե ծածկ, նախագծողները կերկարացնեն ճանապարհի շահագործման ժամկետը՝ 10 տարիների (ասֆալտե ծածկ) փոխարեն հասցնելով այն մինչեւ 30 տարի (բետոնե ծածկ): Թեեւ բետոնե ծածկի օգտագործման պարագայում աճում են կարճաժամկետ ծախսերը, քանի որ շինարարության համար պահանջվում են մասնագիտացված բետոնափռիչ մեքենաներ, բարձր որակավորում ունեցող օպերատորներ եւ որակի խիստ վերահսկողություն, այդ լրացուցիչ սկզբնական ծախսերը  արդարացվում են երկարաժամկետ պահպանման եւ շահագործման ցածր ծախսերով: Միջանցքի առավել ծանրաբեռնված հատվածներն ունեն չորս գոտի, քանի որ ճանապարհը նախատեսված է նաեւ Հայաստանի արտահանման աճող ոլորտի կարիքները բավարարելու համար:

 

Աշխարհագրությունը. Ծավալներով, ծախսերով եւ բարդությամբ պայմանավորված՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումն իրականացվում է հատված առ հատված: ԱԶԲ-ի կողմից ֆինանսավորված առաջին՝ Երեւանը Արտաշատին եւ Աշտարակին կապող հատվածի կառուցումն ավարտվել է 2016 թվականին: Այս հատվածում երթեւեկությունը երկրի ամենածանրաբեռնվածներից մեկն է, եւ ճանապարհի կառուցումն արդեն սկսել է էական տնտեսական օգուտներ բերել այդ հատվածի օգնությամբ կապվող տարածքներին:  

 

ԱԶԲ-ի կողմից ֆինանսավորվող մյուս երկու հատվածներն այժմ շինարարության փուլում են:  Դրանք են՝ Աշտարակ-Թալին (42կմ) եւ Թալին-Լանջիկ (18.7կմ) հատվածները, որոնց ավելի քան 25 կիլոմետրը նախատեսվում է բետոնածածկել  մինչեւ այս տարվա վերջ, իսկ այդ հատվածների ամբողջ շինարարությունը նախատեսվում է ավարտել 2019 թվականին: Այս հատվածներն ունեն ավելի բարդ ռելիեֆ եւ ներառում են նոր ճանապարհային ուղի, որոնց համար պահանջում է հողի օտարում, կամուրջների եւ այլ կառույցների շինարարություն, արժեքավոր հնագիտական վայրերի պաշտպանություն եւ կոմունալ հարմարությունների տեղափոխում: Ճանապարհի այդ հատվածների կառուցումը Հայաստանի համար ունի առաջնային նշանակություն՝ Վրաստանի եւ մի շարք խոշոր բնակավայրերի հետ կապն ապահովելու տեսակետից:

Լուսանկարը` Ասիական զարգացման բանկ

Ֆինանսավորումը. ԱԶԲ-ն տրամադրել է երկարաժամկետ ֆինանսավորում ճանապարհային միջանցքի երեք հատվածների համար երեք վարկերի միջոցով, որոնք համապատասխանաբար տրամադրվել են 2009թ., 2010թ. եւ 2014թ., եւ որոնց ընդհանուր գումարը կազմում է 330 միլիոն ԱՄՆ դոլար: Ֆինանսավորման յուրաքանչյուր փաթեթ տրամադրվել է միայն այն ժամանակ, երբ համապատասխան ճանապարհային հատվածը պատրաստ էր ծրագրի իրագործմանը: Հայաստանը որպես ԱԶԲ-ի անդամ պետություն օգտվում է ԱԶԲ-ի Երեք Ա վարկանիշից: Վերջինս թույլ է տալիս ՀՀ կառավարությանը ձեռք բերել երկարաժամկետ եւ ավելի ցածր դրույքաչափերով վարկեր:

 

Ծախսերը. ԱԶԲ-ի կողմից ֆինանսավորվող հատվածների շինարարության ծախսերը այլ երկրներում համանման ճանապարհների շինարարության ծախսերի միջակայքում են: Թեեւ ծախսերը մեծապես կախված են տարածքից, նյութերի առկայությունից, տարաբնակեցման եւ հողի օտարման ծախսերից՝ սովորական է, որ այս տարածաշրջանում 1 կմ ճանապարհի կառուցման արժեքը հասնի 8 միլիոն ԱՄՆ դոլարի: Սակայն Աշտարակ-Թալին ճանապարհային հատվածի մեկ կիլոմետրի կառուցման ծախսերը գնահատվել են մոտ 3.5 միլիոն ԱՄՆ դոլար, մինչդեռ Աշտարակի եւ Արտաշատի հատվածների համար մեկ կիլոմետրի ծախսը կազմել է մոտ 2 միլիոն ԱՄՆ դոլար: 

 

ԱԶԲ-ն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի համար տրամադրում է ավելին, քան պարզապես ֆինանսավորումը: Ծրագրի նախագծման, շինարարության եւ վերահսկողության պայմանագրերի մրցույթներն իրականացվում են մրցակցային հիմունքներով՝ միջազգային լավագույն փորձի համաձայն: Դա հնարավորություն է տալիս ապահովել, որպեսզի ծրագրի իրականացման համար պայմանագիր կնքած ընկերություններն ունենան պատշաճ փորձ եւ տեխնիկական ու ֆինանսական կարողություններ, իսկ պայմանագրերն ընդգրկեն վեճերի բանակցման եւ լուծման  միջազգայնորեն ընդունված մեխանիզմներ: ԱԶԲ-ն նաեւ տրամադրում է տեխնիկական աջակցության դրամաշնորհներ՝ ծրագրի կառավարումը հզորացնելու նպատակով, եւ պարբերաբար մշտադիտարկում է առաջընթացը, այդ թվում՝ համապատասխանությունը բնապահպանական եւ սոցիալական անվտանգության պահանջներին:

Լուսանկարը` Ասիական զարգացման բանկ

Օգուտները. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի արդիականացումն իր հետ բերում է մի շարք օգուտներ: Միջանցքի երկայնքով տեղակայված երեք տնային տնտեսություններից մոտ երկուսն իրենց եկամուտները ստանում են ծառայություններից կամ արդյունաբերությունից, իսկ մոտ մեկ երրորդը՝ գյուղատնտեսությունից եւ հարակից ձեռնարկություններից: Երթեւեկության ավելի կարճ ժամանակը եւ ուղեւորափոխադրման եւ բեռնափոխադրման ավելի ցածր ծախսերը կբարելավեն բիզնեսի պայմաններն ու ընտանիքների կյանքը՝ հատկապես աղքատ եւ խոցելի խմբերի պարագայում:

 

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը չափազանց կարեւոր է նաեւ տարածաշրջանային ինտեգրման համար: Հայաստանի ներմուծման եւ արտահանման ծավալների մեծ մասը տեղափոխվում է ավտոմոբիլային ճանապարհներով. ճանապարհի վրա ծախսվող ժամանակի եւ ծախսերի կրճատումը ենթադրում է ավելի ցածր գներ եւ ավելի մեծ մրցակցություն: Շինարարության ավարտից հետո Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը հնարավորություն կտա Հայաստանի բիզնեսներին առավել հեշտությամբ հասնել տնտեսական մասշտաբային էֆեկտին եւ ինտեգրվել համաշխարհային հավելյալ արժեքի ստեղծման շղթային: Դրանից, ընդհանուր առմամբ, շահում է ամբողջ տնտեսությունը:

 

ԱԶԲ-ն ուրախ է համագործակցել Հայաստանի կառավարության հետ՝ աջակցելու երկրին կենսամակարդակի բարելավման, արտադրողականության բարձրացման եւ աշխատատեղերի ստեղծման գործընթացում: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը կենսական նշանակություն ունի Հայաստանի երկարաժամկետ զարգացման համար:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին