3243 դիտում

«Ստանդարտ» ժամանակակից արվեստի տրիենալեն կհասնի Կապան եւ Սեւան


Լուսանկարը` «Ստանդարտ»

Լուսանկարը` «Ստանդարտ»

Ռուբեն Արեւշատյանը
Ռուբեն Արեւշատյանը

Լուսանկարը` «Ստանդարտ»

Լուսանկարը` «Ստանդարտ»


Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 12-ին Երեւանի կենտրոնական երկաթուղային կայարանում տեղի կունենա Ֆելիչե Վարինիի «Վեցանկյուններ, շրջաններ եւ սեղաններ» ինստալյացիայի ցուցադրությունը:

Շվեյցարացի արվեստագետի աշխատանքով մեկնարկում է «Ստանդարտ» ժամանակակից արվեստի առաջին տրիենալեի երկրորդ մասը: Ֆելիչե Վարինիի երեւանյան ցուցադրությանն աջակցել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատունը:

«2016-ին մայիսին Շվեյցարիայի դեսպանությունը Վարինիին հրավիրել էր Հայաստան՝ ներկայացնելու փաստագրական լուսանկարները: Միջոցառումը նաեւ նպատակ ուներ աշխարհահռչակ արվեստագետին ցույց տալ Հայաստանը: Երեւանում մի շարք վայրեր այցելեց, եւ նրան շատ դուր եկավ երկաթուղային կայարանի շենքը: Միտք հղացավ այստեղ ինչ-որ բան կազմակերպել»,- լրագրողներին ասել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկա Գասերը:

Մեկ տարի անց Ֆելիչե Վարինին կրկին Հայաստանում է՝ արդեն պատրաստի նախագծով:

«Հիացած եմ երկաթուղային կայարանի ճարտարապետությամբ: Այն մեկտեղում է ժամանակակից եւ վերածննդի շրջանի ճարտարապետությունը: Որպես ճարտարապետական կոթող՝ այն տարբեր է ներսից եւ դրսից, եւ ես կարողացել եմ այստեղ իրականացնել իմ երկու աշխատանքները»,- ասել է շվեյցարացի արվեստագետը:

Լուսանկարը` «Ստանդարտ»


Տրիենալեի շրջանակում սեպտեմբերի 13-ին Սեւանի գրողների միության հանգստյան տանը կցուցադրվեն «Դեժա-վյու ՍՏԱՆԴԱՐՏ» տեսաինստալյացիաները: Համադրող Ռուբեն Արեւշատյանը պատմել է, որ երբ իրեն առաջարկել են կազմակերպել այս ցուցադրությունը, արվեստագետների ընտրության համար երկար չի մտածել.  գաղափարը հուշել է:

«Յոզեֆ Դաբերնիգի՝ «Ստանդարտ»-ում ներկայացված ֆիլմերից մեկը նա նկարահանել է 2011-ին՝ Դիլիջանի կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տանը, երբ այն դեռ ռադիկալ չէր կերպարանափոխվել: Նույն տարում այդ ֆիլմն արժանացավ Վենետիկի կինոփառատոնի հատուկ մրցանակին: Ջերարդ Բըրնի գործն ինձ համար հատուկ է, որովհետեւ երբ 2007-ին այն տեսա Իռլանդիայի ազգային տաղավարում, անմիջապես մտածեցի՝ ե՞րբ կստեղծվի հնարավորություն այն ներկայացնել Հայաստանում, եւ ցուցադրության համար հենց Սեւանի գրողների տունը աչքիս առաջ եկավ: 10 տարի է անցել, եւ այդ երազանքն իրականություն դարձավ: Իգոր Գրուբիչի գործն առնչվում է արդի մշակույթն եւ արդի դարաշրջանի ամփոփմանը եւ դրա ողջ ողբերգությանը»,- ասել է Ռուբեն Արեւշատյանը:
Ռուբեն Արեւշատյանը Ռուբեն Արեւշատյանը

Լուսանկարը` «Ստանդարտ»


Տիրենալեն սեպտեմբերի 15-ին կհասնի նաեւ Կապան: Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանի Կապանի մասնաճյուղում կներկայացվի Արման Գրիգորյանի «Միջոցներ եւ նպատակներ» ցուցադրությունը:

«Ստանդարտ»-ի շրջանակում նախագծեր կներկայացվեն նաեւ նոյեմբերին, իսկ դեկտեմբերին լույս կտեսնի տրիենալեն ամփոփող պատկերագիրքը:

Տրիենալեն մեկնարկել է այս հուլիսին:  Այն կանցկացվի 3 տարին մեկ՝ հանրապետության տարբեր շրջաններում՝ բացահայտելով Հայաստանի մշակութային շերտերն ու ձեւավորելով ժամանակակից մշակույթը:

Լուսանկարը` «Ստանդարտ»


Տրիենալեն կազմակերպել է Արվեստների հայկական խորհուրդը՝ մշակույթի նախարարության, «Արվեստն աշխարհի համար» կազմակերպության, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան, «Հայկական արվեստ» հիմնադրամի, մասնավոր գործընկերների հետ համագործակցությամբ: 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am