Թուխիկյանը պնդում է՝ նախարարությունը տեղյակ էր ցուցահանդեսի մասին - Mediamax.am

exclusive
7074 դիտում

Թուխիկյանը պնդում է՝ նախարարությունը տեղյակ էր ցուցահանդեսի մասին


Նարինե Թուխիկյանը
Նարինե Թուխիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Օգոստոսի 4-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում բացված «Խավարում» խորագրով ցուցահանդեսը պետք է շարունակվեր մինչեւ ուշ աշուն: Սակայն օգոստոսի վերջերին մշակույթի նախարարության պահանջով բոլշեւիկյան բռնաճնշումների զոհերի հիշատակին նվիրված ցուցահանդեսը փակվել է:

Թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանն այսօր Մեդիամաքսին ասել է, որ ցուցադրության 22 օրերի ընթացքում որեւէ խնդիր չի եղել: Ամեն ինչ սկսվել է «ահաբեկչական» զանգից հետո, երբ թանգարան է զանգահարել մի տղամարդ ու սպառնացել տնօրենին: Դրանից հետո նախարարությունը ցուցադրությունը փակելու որոշում է կայացրել:

 

Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը նշել էր, թե սա գրաքննություն չէ, խնդիրը ցուցադրության ներկայացման ձեւն է:

 

«Համարվել է, որ փոքր-ինչ քաղաքականացված է, եւ որոշում է կայացվել, որ որոշակի շտկումներ իրականացնելուց հետո, որոնց մասին տիկին Թուխիկյանի հետ խոսել ենք, նա հիմնականում համաձայն է, հնարավոր կլինի այլ տեղերում իրականացնել, քանի որ շրջիկ ֆորմատ ունի ցուցադրությունը»:

 

Մշակույթի նախարարությունից Մեդիամաքսին հայտնել են, որ նախարարության բոլոր ՊՈԱԿ-ները պարտավոր են մեկամյա կտրվածքով իրենց հետ համաձայնեցնել բոլոր ցուցադրությունները: «Խավարում»-ը համաձայնեցված չի եղել:

 

Նարինե Թուխիկյանը հակառակն է պնդում: 2016-ի դեկտեմբերին այս տարվա ծրագիրը ներկայացնելիս նաեւ այս ցուցահանդեսն են նշել, բայց այլ՝ «Թումանյանի զավակների ճակատագիրը» պայմանական խորագրով, քանի որ բռնաճնշումների զոհ են դարձել նաեւ Թումանյանի երեք զավակները: Ըստ Թուխիկյանի՝ խորագիրը հստակեցնում են ցուցահանդեսի կոնցեպտը մշակելուց հետո:

 

Հարցին, թե արդյոք հնարավո՞ր է մի մարդու միջամտությամբ ցուցահանդես փակել, Նարինե Թուխիկյանն ասել է. «Նայած՝ այդ մարդն ինչ որակի է. ոչ թե ինչ խելքի մարդ է, այլ՝ ինչ որակի: Եթե դա շանտաժ է, շատ դեպքերում կարող է մտածեն՝ չարժի մի ցուցահանդեսի համար պատմությունների մեջ ընկնել: Այդ որակի մարդիկ պատրաստ են ամեն ինչի: Ես չգիտեմ՝ այդ զանգից հետո ուր են զանգել, հետո ինչ է եղել, ես չգիտեմ այդ շղթան, կարող եմ միայն ենթադրել»:

 

Դեպքից հետո Նարինե Թուխիկյանը փորձել է հանդիպել մշակույթի նախարարին, բայց վերջինս արձակուրդ է մեկնել: Հուսով է՝ արձակուրդից հետո հանդիպել եւ հասկանալ՝ ինչն է խնդիրը:

 

Մինչ այդ որոշել է ոստիկանություն դիմել, որ պարզեն, թե ով է եղել թանգարան զանգահարողը:

 

Ստալինյան բռնատիրության զոհերին, որոնց թվում էին նաեւ Հովհաննես Թումանյանի երեք որդիները, նվիրված ցուցահանդեսի բացվել էր Հովհաննես Թումանյանի թանգարանի մուտքի բացօթյա տարածքում:

 

«Ցուցահանդեսը բոլշեւիկյան տեռորի մասին է. առանցքում Թումանյանի երեք զավակներն են, որոնք ստալինյան բռնաճնշումների զոհ դարձան: Նրանք անմեղ էին, վեհ, ազնիվ ու բարձր մարդկային արժանիքներ ունեին: Թումանյանի զավակների միջոցով մենք պատմում ենք մի սերնդի ճակատագրի մասին, որ իշխանությունների հիստերիկ, շիզոֆրենիկ քաղաքականության զոհը դարձավ»,- նշել էր Նարինե Թուխիկյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին