«Կեմպինսկի»-ն չի մեկնաբանում Երեւանում հյուրանոց հիմնելու լուրերը - Mediamax.am

exclusive
8548 դիտում

«Կեմպինսկի»-ն չի մեկնաբանում Երեւանում հյուրանոց հիմնելու լուրերը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: «Կեմպինսկի» հյուրանոցային ցանցը չի մեկնաբանում տեղեկությունները Երեւանում հյուրանոց հիմնելու իր մտադրության մասին:

«Նպատակահարմար չենք գտնում մեկնաբանություններ անել ձեր հարցման առնչությամբ: Մենք ձեզ անպայման տեղյակ կպահենք, եթե ապագայում տարածաշրջանին վերաբերող նորություններ ունենանք», - Մեդիամաքսի հարցմանն ի պատասխան ասել է «Կեմպինսկի»-ի ներկայացուցիչ Լանա Մելնիկովան:

 

Մեդիամաքսը օգոստոսի 24-ին անդրադարձել էր Աբովյան 5/5 հասցեում կառուցվելիք հյուրանոցին:

 

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությունից Մեդիամաքսին հայտնել էին, որ վերոնշյալ հասցեում  հասարակական նշանակության շինության քանդման համար առկա է կառուցապատողներ` «Ա.Ս.Դ.Հոթել» ՓԲԸ-ին, «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ» կոնցեռն ՍՊԸ-ին և Դավիթ Մանթաշյանին 19.07.2017թ. տրված հ.01/18-05/1-Կ-2054-538 նախագիծը և ներկայումս հիշյալ հասցեում համապատասխան քանդման թույլտվությամբ իրականացվում է գոյություն ունեցող շինության քանդման աշխատանքներ:

 

Մեդիամաքսի հարցմանն ի պատասխան Քաղաքաշինության պետական կոմիտեից նշել էին, որ. «նշված ծրագիրը («Կեմպինսկի» հյուրանոցային բրենդի երեւանյան մասնաճյուղ) ներառված է նախատեսվող խոշոր ներդրումային ծրագրերի ցանկում: Նախագծային աշխատանքներն իրականացվում են «Հայնախագիծ» ընկերության կողմից: Նախագծային աշխատանքների փուլը կավարտվի հոկտեմբերի վերջին: Աշնանը նախատեսվում է սկսել բուն շինարարական աշխատանքները»:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ վերջին տարիներին մի քանի անգամ շոշափվել էր «Կեմպինսկի» հյուրանոցային բրենդի մուտքը Հայաստան:

 

2011թ. փետրվարին «Կեմպինսկիի» տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ «Կեմպինսկի Երեւան» հյուրանոցը կտեղակայվի Ամիրյան փողոցի վրա, ԱԳՆ շենքի մոտակայքում: Նշվում էր, որ հյուրանոցի բացումը նախատեսված է 2013 թ.-ին, սակայն նախագիծն այդպես էլ իրականություն չդարձավ:

 

2012 թվականին «Մուլտի գրուպ» ընկերությունը եւ «Կեմպինսկին» հուշագիր էին ստորագրել Առինջ գյուղի մոտ, Սեւան տանող ճանապարհին կառուցված հյուրանոցի կառավարման համար: Սակայն այս նախագիծը եւս չիրագործվեց՝ հյուրանոցի եւ հարակից «Փարավոն» զվարճանքների համալիրի կառավարումը «Մուլտի գրուպ»-ն իրականացում է ինքնուրույն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին