Սառնաղբյուր․ խոպանչիների գյուղի պաղ արեւը - Mediamax.am

exclusive
7107 դիտում

Սառնաղբյուր․ խոպանչիների գյուղի պաղ արեւը


Լուսանկարը` Մեդիամաքս

Գագիկ Հակոբյանը՝ թոռների հետ
Գագիկ Հակոբյանը՝ թոռների հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ պապը
Հայկ պապը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

54-ամյա տիկին Սուսաննան
54-ամյա տիկին Սուսաննան

Լուսանկարը` Մեդիամաքս

54-ամյա տիկին Սուսաննան
54-ամյա տիկին Սուսաննան

Լուսանկարը` Մեդիամաքս

Սամվել Հովսեփյանը՝ թոռան հետ
Սամվել Հովսեփյանը՝ թոռան հետ

Լուսանկարը` Մեդիամաքս


-Արեւ, արեւ, եկ, եկ,

Զիզի քարին վեր եկ...

Զիզի-բիզի, բիզի-զիզիիիի՜՜՜

 

Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքի գյուղամեջում քար լռություն է: Այնքան լուռ է, որ միայն ճանճի տզզոցն է լսվում ու հեռվից իր մոտից կանչող՝ մանկական անուշ լեզվից հնչող զիզի-բիզին:

 

Քայլում եմ ձայնի ուղղությամբ: 4 փոքրիկ են՝ զարմիկներ: Բազմոցին նստած խաղում են: Անծանոթիս տեսնելուն պես սուս են մնում:

 

- Իրանք ըտպես են՝ թե տանը մարդ չկա՝ ձենները գլուխները կքցեն, հենց մե անծանոթմ գա՝ միանգամից լուռ կմնան,- ասում է փոքրիկների տատը՝ տիկին Հասմիկը:

 

Փորձում եմ փոքրիկների հետ զրույցի բռնվել: Պարզվում է՝ անզոր եմ: Հետս չեն խոսում , հարցերիս չեն պատասխանում: Իրենց ստեղծած աշխարհում ես տեղ չունեմ: Այնտեղ միայն Մոսկվան է ու Մոսկվայում աշխատող պապաները:

 

- Քիչմ էլ անցնի, ու պապայիս հետ ես էլ կերթամ խոպան,- բլբլացնոմ է տղաներից մեկն ու տուն վազում՝ վերջ, փոքրիկների հետ շփումն ավարտվում է, ես հեռանում եմ, ու անմիջապես էլ վերսկսվում է երեխաների արտասանությունը՝

 

-Արեւ, արեւ, եկ, եկ,

Զիզի քարին վեր եկ...

Զիզի-բիզի, բիզի-զիզիիիի....

 

Իսկ Սառնաղբյուրում արեւն իսկապես եկել էր: Բայց եկել-նստել էր ոչ թե քարին, այլ քարին նստած Հայկ պապու գլխարկին:

Հայկ պապը Հայկ պապը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պապին ու արեւը ժպտում են ինձ: Զրույցի ենք բռնվում․

 

- Գիտե՞ս՝ ինչ պատմական գյուղ ես եկել, աղջիկ ջան, մենք 18 թվին թուրքի ոտքը կտրեցինք ըստեղից․ պատմական հող է: Մեր մասին շատ են գրել ու դեռ կգրեն: Բայց հմի մենք արդեն ոչ թե հերոսների, այլ խոպանչիների գյուղն ենք: Տուն չկա, որ խոպանչի չունենա: Արդեն ադաթ է՝ տղեն բանակից եկավ, մոսկվաների ճամփեն կբռնե: Կյանքիս մեծ մասը ռուսական հողի վրա մաշեցի, նոր-նոր եմ գյուղ եկել: Բայց ապրածս կյանքից հեչ բողոքավոր չեմ: Լավ-լավ օրեր կային, հե՜յ գիտի ջահելություն...,- 80-ամյա պապը թերեւս երանությամբ էր հիշում երիտասարդ օրերի վայելքները:

 

- Պապ, մի ժամ է՝ գյուղում պտտվում եմ, ինչ լուռ գյուղ ունեք բայց, փողոցները դատարկ են, ու՞ր են ձերոնք՝ դաշտերում երեւի, չէ՞,- հարցնում եմ ես:

 

- Չէ, այ աղջիկ ջան, բա չըսի՞, որ խոպանչիների գյուղ ես եկել: Խոպան են մեծ մասը: Մեր գյուղը 3455 բնակիչ ունի, որից հազար տղամարդը հմի Ռուսաստան է, նոր տարին հարի չի եկել, չեն գա,- ասում է պապը:

 

Հայկ պապի 40-ամյա որդին Օրենբուրգում է աշխատում: Ասում է՝ ուղիղ 20 տարի առաջ գնացել է կարճ ժամանակով խոպան ու դարձել էնտեղի մշտական հյուրը:

 

- Գնաց, որ փող աշխատեր, գար տուն-տեղ դներ, բայց էլ հետ չեկավ: Տղուս նման բայց քիչ կա մեր գյուղում: Մերոնք հետ եկող են սաղն էլ: Կերթան, փող կաշխատին ու հետ գուկան,- ասում է պապն ու մատնացույց անում գյուղի տները՝ ցանկանալով ցույց տալ խոպանի փողերով սարքվածը:

 

Եվ իսկապես, Սառնաղբյուրում դժվար է գտնել վատ կառուցված կամ աղքատիկ տուն: Այստեղ հիմնականում կոկիկ, ընդարձակ եւ լավ կահավորված առանձնատներ են:

 

Սառնաղբյուրում սիրում են լավ ապրել, սիրում են շքեղություն, լավ կենցաղ, որին տարին 12 ամիս հետեւում են գյուղում մնացած կանայք, ովքեր պետք է միաժամանակ զբաղվեն երեխաների դաստիարակությամբ ու հետեւեն բարգավաճող տնտեսությանը:

 

- Ես ըտպես էլ չամուսնացա, խոպանից փող ուղարկող ըտպես էլ չունեցա ու հիմա չունիմ մեծ տուն ու սիրուն այգի,- կատակում է 54-ամյա տիկին Սուսաննան:

54-ամյա տիկին Սուսաննան 54-ամյա տիկին Սուսաննան

Լուսանկարը` Մեդիամաքս

Նա կարտոֆիլ է լվանում ու կեսկատակ-կեսլուրջ նշում՝ եթե ուզում ես պատկերացում կազմել, թե տարվա ընթացքում խոպանում ում գործն է լավ եղել, ապա պարզապես պետք է պտտվել գյուղով մեկ. որ տան մոտից շինարարության ձայն է լսվում, նշանակում է՝ էդ տան տղամարդու գործերը լավ են, դրսից ուղարկած փողն էլ՝ շատ:

 

- Թոռներիս խաթր եմ եկել: Թոռից անուշ բան չկա, թե չէ՝ ի՞նչ կնիկ, ի՞նչ բան․ լիքը ջահել ռուս աղջիկ կար էլի, ան քեզ կնիկ,- կատակում է 57 տարեկան Գագիկ Հակոբյանը, ով 1980 թվականից մինչեւ վերջերս յուրաքանչյուր տարի արտագնա աշխատանքի է մեկնել:

Գագիկ Հակոբյանը՝ թոռների հետ Գագիկ Հակոբյանը՝ թոռների հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

- Յա, յա՜՜, էտ ես եմ արդեն խելացվորել, կանացի հմայքս եմ գործի դրել ու քեզ արդեն կողքս կպահեմ: Երանի չէ՞ր էս խելքս ու ճարպկությունս էն ժամանակ ունենայի,- միջամտում է Գագիկի կինը՝ Լարիսան:

 

-Երազե, կնիկ ջան,- ժպտալով ասում է Գագիկն ու շարունակում, - Ռոստով, Մոսկվա, Իրկուտսկ քաղաքներում եմ աշխատել: 5 մատիս պես գիտեմ էդ քաղաքները, հմի երկու տղես էլ ընտեղ են գործի, բայց որոշել եմ՝ թոռներիս չեմ թողնելու գնան: Ստեղ թող մնան, հայրենիքին կպած մնան, Հյասատանիցս լավը չկա: Հազար շանս ունեի ընտանիքս տանելու, բայց չտարա: Ես նպատակիս հասա՝ տուն-տեղս սարքեցի, պրծավ խոպան գնալը,- ասում է Գագիկը:

 

- Մեր գյուղում ջահել տղու դիֆիցիտ է: Իրանք նոր տարվա լիմոնադի պես ճիշտ նոր տարվան էլ գուկան ու տոները պրծնելուն պես հետ կերթան, բիձեքս ենք ստեղ ու երեխեքը հարսների հետ,- ասում է 57-ամյա Սամվել Հովսեփյանը:

Սամվել Հովսեփյանը՝ թոռան հետ Սամվել Հովսեփյանը՝ թոռան հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Սառնաղբյուրում հարսանիքները հիմնականում հունվարին կամ դեկտեմբերին են անում: Տղաները տարվա այդ ամիսներին են Հայաստանում լինում: Գալիս են ծնողների հետ տոները նշելու, միանգամից էլ ընտանիք են կազմում ու շտապում հետ՝ խոպան:

 

Այս գյուղում երիտասարդ հարսները խիստ ամաչկոտ են՝ լուսանկարվել ու հարցազրույց տալ չեն սիրում․ ասում են՝ հեռվում գտնվող ամուսիիները մեկ էլ տեսար իրենց նկարները «սայթում» տեսնեն , ջղայնանան ու իրենց ընտանիքներում խոսք-խորաթա լինի (տհաճ զրույց – հեղ․:):

 

Հիմա գյուղում արդեն նախատոնական տրմադարություն է: Նախատոնականն այս դեպքում տղամարդկանց դիմավորելուն պատրաստվելն է: Հարսներն ակտիվորեն անկողիններ են արեւին տալիս՝ փորձելով աշնան արեւի վերջին ջերմությունը խցկել բրդի մեջ, որ ընդամենը մի քանի շաբաթով Հայաստան եկող ամուսինները մուշ-մուշ քնեն փափուկ անկողինների մեջ: Պահածոյացնում են այգիների բերքն ու բարիքը՝ տան տղամարդու սիրած ուտեստները պատրաստելու համար:

 

Սեպետմբերի 1-ին դպրոց գնալուն պես երեխաներն էլ իրենց հետհաշվարկն են սկսում: Գիտեն՝ պապաները գալու են ձմռան արձակուրդների հետ ու դրանց ավարտին էլ հետ են գնալու:

 

Հոգ չէ, ասում են փոքրիկները, կհասցնենք պապաների կարոտը առնել, նրանց բացակայության ընթացքում էլ կխաղանանք «ռուսաստաններից բերած ֆիրմա խաղալիքներով»:

 

Ու մինչ պապաները կգան, հետներն էլ՝ սպասված խաղալիքները, փոքրիկները արտասանում են ու դեռ արեւին կանչում.

 

-Արեւ, արեւ, եկ, եկ,

Զիզի քարին վեր եկ...

Զիզի-բիզի, բիզի-զիզիիիի՜՜՜

 

Արմինե Ավետիսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին