IDeA-ի գլխավոր տնօրեն է նշանակվել Րաֆֆի Պաղճեանը - Mediamax.am

12469 դիտում

IDeA-ի գլխավոր տնօրեն է նշանակվել Րաֆֆի Պաղճեանը


Րաֆֆի Պաղճեանը
Րաֆֆի Պաղճեանը

Լուսանկարը` IDeA


Երեւան: Մեդիամաքս: «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Րաֆֆի Պաղճեանը։

Րաֆֆի Պաղճեանն ավելի քան 35 տարի աշխատել է էներգետիկ ոլորտի համաշխարհային առաջատար Shell ընկերությունում՝ զբաղեցնելով ղեկավար տարբեր պաշտոններ։ Մինչ Shell ընկերությունից հեռանալը, նա զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը։

 

«Վերջին մի քանի տարիները IDeA հիմնադրամի համար եղել են կայացման տարիներ։ Մենք հուսով ենք, որ Րաֆֆի Պաղճեանի փորձն ու գիտելիքները թույլ կտան, որպեսզի հիմնադրամը Հայաստանում սոցիալական ձեռներեցության մշակույթի զարգացման նոր փուլ մտնի»,- նշել են IDeA հիմնադրամի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը:

 

«Ուրախ եմ միանալ IDeA հիմնադրամին: Ինձ համար մեծ հաճույք է ծառայել հայրենիքիս՝ Հայաստան բերելով Shell ընկերության հետ իմ աշխատանքի 35 տարվա փորձը»,- ասել է Րաֆֆի Պաղճեանը:

 

Էդգար Մանուկյանը, որը IDeA հիմնադրամը ղեկավարում էր 2015թ. հուլիսից, որոշել է զբաղվել սեփական նախաձեռնությունների իրականացմամբ։  

 

«Մենք շնորհակալ ենք Էդգար Մանուկյանին՝ IDeA հիմնադրամում աշխատանքի եւ UWC Դիլիջան դպրոցի կառուցման գործում ունեցած մեծ ներդրման համար, ու հաջողություն ենք մաղթում նրա ձեռնարկումներում»,- նշել են Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը:

 

Րաֆֆին Պաղճեանը ծնվել է 1956թ. Բեյրութում։ 1981թ. ավարտել է Ֆրանսիայի Ecole Nationale Supérieure de Chimie de Lille ինստիտուտը՝ քիմիական ինժեների որակավորմամբ:

 

Կարիերան սկսել է 1984թ. Shell-ի Հաագայի գրասենյակում: Զբաղեցնելով նույն ընկերությունում տարբեր պաշտոններ՝ 2012թ. դարձել է Աբու Դաբիում Shell-ի գործառնական տնօրենը, իսկ 2016թ. մայիսին՝ նշանակվել Միացյալ Թագավորության Shell-ի գործադիր տնօրեն։  

 

2017թ. փետրվարին նշանակվել է N2Growth խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն:

 

Րաֆֆին Պաղճեանն ամուսնացած է, ունի երկու որդի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին