ՀՀ դեսպանը ծանոթացել է Հալեպի վերականգման ծրագրերին - Mediamax.am

6884 դիտում

ՀՀ դեսպանը ծանոթացել է Հալեպի վերականգման ծրագրերին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը այցելել է Հալեպ եւ ծանոթացել է քաղաքի վերականգնմանն ուղղված ջանքերին:

ԱԳՆ-ում նշել են, որ Հալեպում ՀՀ նորանշանակ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը դեսպանին ներկայացրել է հյուպատոսության գործունեության հիմնական ուղղությունները: Քննարկվել են հալեպահայ համայնքի եւ Հալեպի նահանգային իշխանությունների հետ համագործակցության խորացման հնարավորությունները:

 

Դեսպանն այցելել է նաեւ հյուպատոսության հիմնական շենք եւ ծանոթացել շենքի ընդհանուր վիճակին՝ ուսումնասիրելով հյուպատոսության աշխատանքները հիմնական շենքում վերսկսելու հնարավորությունը: 2012թ. զինյալների հարձակման պատճառով հյուպատոսությունը տեղափոխվել էր ավելի ապահով հայաբնակ թաղամաս:

 

Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիաբի հետ հանդիպմանն ամփոփվել են Հալեպում ռազմական գործողությունների ընթացքում կրած նյութական վնասները:

 

Նահանգապետն անդրադարձել է քաղաքի վերականգնման մի շարք նախագծերի իրականացմանը: Քննարկվել են դրանց Հայաստանի մասնակցության, ինչպես նաեւ երկկողմ համագործակցության աշխուժացման հեռանկարները:

 

Նահանգապետը բարձր է գնահատել Հայաստանի հավասարակշռված դիրքորոշումը սիրիական ճգնաժամի վերաբերյալ, որը լավագույնս դրսեւորվել է Հալեպում շրջափակման օրերին ՀՀ գլխավոր հյուպատոսության անխափան գործունեությամբ:

 

Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն Արշակ Փոլադյանը նշել է, որ Հայաստանը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել հայության խնդիրները եւ գործադրելու է հնարավոր բոլոր ջանքերը հայրենակիցների հոգսերը թեթեւացնելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին