Էռնեկյանը գործարար նոր մշակույթ բերեց Հայաստան, ասել է նախագահը - Mediamax.am

3336 դիտում

Էռնեկյանը գործարար նոր մշակույթ բերեց Հայաստան, ասել է նախագահը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Նախագահի նստավայրում տեղի է ունեցել արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանին «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում շնորհելու հանդիսավոր արարողությունը:

Նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների, Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված ազգանվեր գործունեության համար բարերարին հանձնվել է Հայրենիքի շքանշանը:

 

Մինչ արարողությունը Սերժ Սարգսյանն ընդունել է Էդուարդո Էռնեկյանին եւ նրա հետ քննարկել Հայաստանում նոր ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Բարերարը պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ հայրենիքում շարունակել իր գործունեությունը:

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի տնտեսության համար առաջնահերթ նշանակություն ունեցող հեռանկարային մի շարք ոլորտներում ներդրումային ծրագրերի նախագծերը մշակելուց հետո ներկայացնել կառավարություն:

 

«Պարոն Էդուարդո Էռնեկյանին հատուկ ներկայացնելու կարիք չկա: Ոչ միայն Արգենտինայում, այլեւ աշխարհի տարբեր մայրցամաքներում պարոն Էռնեկյանը մեծ համբավ է վայելում` շնորհիվ այն լայնածավալ աշխատանքի, որ իրականացվում է նրա առաջնորդությամբ եւ ղեկավարությամբ: Դրանում անձամբ համոզվելու հնարավորություն ունեցա ոչ միայն Լատինական Ամերիկայում իմ պաշտոնական շրջագայությունների ժամանակ, այլ նաեւ եվրոպական մայրցամաքում տարբեր գործարարների եւ պաշտոնյաների հետ իմ հանդիպումների ընթացքում:

 

Պարոն Էռնեկյանը, սակայն, իր գործունեությունը դրանով բնավ չսահմանափակեց եւ որպես իսկական ու նվիրյալ հայ հաստատվեց նաեւ մայր Հայաստանում եւ ընդարձակ գործունեություն ծավալեց այստեղ: Առանձնահատուկ պետք է նշեմ, բայց հպանցիկ, որ մեծատաղանդ գործարարը նաեւ բարեհամբույր բարերար է, եւ չնայած այն հանգամանքին, որ նա չի խոսում իր կատարած բարեգործությունների մասին, թեեւ դա հենց այդպես էլ պետք է լինի, այնուհանդերձ, մենք գիտենք դրանց ծավալները, չափերը, գիտենք, որ դրանք կրում են շարունակական բնույթ:

 

Էդուարդո Էռնեկյանը եկավ Հայաստան եւ իր հետ բերեց գործարար նոր մշակույթ, որ համապատասխանում է համաշխարհային ամենաբարձր չափանիշներին: Կարող եմ խոստովանել, որ Հայաստան այցելած տարբեր պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ մշտապես դրական են արտահայտվում մեր օդանավակայանում իրականացվող ծառայությունների մասին: Շատ կարեւոր է, որ մենք դրական արձագանքներ ունենք մեր քաղաքացիներից եւ ընդհանրապես Հայաստան այցելող յուրաքանչյուր մարդուց: Այն, որ մենք ունենք զբոսաշրջության աճ, կարծում եմ, այստեղ նաեւ նպաստող հանգամանք է «Զվարթնոց» օդանավակայանի լավ աշխատանքը: Բայց պարոն Էռնեկյանի գործունեությունը Հայաստանում միայն օդանավակայանով չսահմանափակվեց, եւ օդանավակայանում կատարած հսկայական աշխատանքին  լրացնելու են գալիս տարբեր բրենդներ, տարբեր մեծածավալ աշխատանքներ՝ «Կոնվերս բանկը», «Հայփոստը», «Կարասը», այն հսկայական այգին, որ հիշեցնում է եվրոպական ամենաբարձր չափանիշներով մշակված մեծ հողակտոր:

 

Իհարկե, այս ցուցակն ամբողջական չէ, եւ պարոն Էռնեկյանի հետ ունեցած իմ հաճախակի զրույցներից գիտեմ, այսօր եւս այդ թեմայով խոսեցինք՝ նոր ներդրումների մասին, եւ ես պետության անունից, մեր կառավարության անունից այժմ հավաստիացնում եմ, պարո՛ն Էռնեկյան, որ մենք մշտապես պատրաստ ենք Ձեզ հետ քննարկելու ցանկացած ներդրումային ծրագիր, որովհետեւ գիտենք, որ Դուք միջավայրի կարիք առանձնապես չունեք, եւ շատ երկրներում ուրախ կլինեն Ձեզ լսելու, Ձեր ներդրումներից օգտվելու: Այնպես որ՝ մենք շատ լավ հասկանում եւ գիտակցում ենք, որ դա զուտ բիզնես չէ, սակայն զուգահեռաբար այն նաեւ բիզնես պետք է լինի, որպեսզի օրինակ լինի ուրիշների համար»,- ասել է նախագահը:

 

Էդուարդո Էռնեկյանն էլ ընդգծել է, որ պարգեւն ընդունում է մեծ պատասխանատվության զգացումով:

 

«Պարո՛ն Նախագահ, շնորհակալ եմ Ձեր ջերմ խոսքերի համար: Իրոք, մեծ պատիվ է լինել այսօր այստեղ, ստանալ Ազգային հերոսի շքանշանը, որը Դուք ինձ շնորհել եք:

 

Ես այն ընդունում եմ անչափ մեծ խոնարհությամբ եւ պատասխանատվության զգացումով:

 

Իմ սիրելի ծնողների եւ ավագ եղբոր մասին հուշերը ինձ համար կենդանանում են այսօր:

 

Ինչպես գիտեք, Անդրանիկը՝ իմ եղբայրը, ով բժիշկ էր, միավորեց իր խիզախ հայրենակիցներին, մեր նախնիների հողը՝ Արցախը, պաշտպանելու նպատակով, ինչպես արեցիք Դուք, պարո՛ն Նախագահ:

 

Ես կիսում եմ այս պատիվը նրանց հետ, որովհետեւ ես ժառանգել եմ հայրենասիրության, զոհաբերության եւ ծառայության ոգի, որն ինձ պարտավորեցնում է կանգնել Հայաստանի՝ մի երկրի կողքին, որը շատ բան է տվել դարերի ընթացքում:

 

Որպես հայկական ծագումով Արգենտինայի քաղաքացի՝ ես համարում եմ, որ իմ պարտքն է միանալ բոլոր իրական հերոսներին, ովքեր ամեն օր այս պետությունը հզոր են դարձնում, կյանքի են կոչում մեր նախնիների տեսլականը եւ կերտում այսօրվա ու վաղվա երկիրը: Իմ երախտագիտությունն ու հիացմունքն եմ հայտնում նրանց բոլորին եւ իմ արգենտինահայ ընկերներին, ովքեր շատ բան են անում այս պետության համար:

 

Թող այս մեդալը լինի մեծարանք բոլոր վերոհիշյալների համար եւ ժառանգություն՝ գալիք սերունդներին: Նրանց բոլորին հայտնում եմ իմ շնորհակալությունը: Ես վայելում եմ ժողովրդի հարգանքը: Հայաստանի ապագայի համար ամեն օր աշխատող մարդիկ են այս պահի իրական հերոսները»,- ասել է Էդուարդո Էռնեկյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին