Քննարկվում է ՀՀ-ում «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի վերականգնումը - Mediamax.am

6308 դիտում

Քննարկվում է ՀՀ-ում «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի վերականգնումը


Լուսանկարը` https://armenianweekly.com


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը եւ Պալատի հետախուզության հանձնաժողովի անդամ Ադամ Շիֆն աջակցում են Հայաստանում «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի (ՀՄԿ) ծրագրերի վերականգնմանը:

Հայ դատի հանձնախմբի Արեւմտյան շրջանի կազմակերպած խորհրդաժողովի շրջանակում կոնգրեսականները հայտարարել են, որ սատարում են հանձնախմբի նախաձեռնությունը՝ ուղղված ՀՄԿ-ի կողմից Հայաստանին $ 100 մլն կրթական դրամաշնորհի տրամադրմանը:

 

««Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ներդրումը կարող է մեծապես նպաստել Հայաստանի հետ առեւտրային կապերի զարգացմանը»,- ասել է Էդ Ռոյսը:

 

Ադամ Շիֆն էլ հիշեցրել է, որ «Հազարամյակի մարտահրավերներ»-ի կողմից նախկինում Հայաստանին տրամադրված օժանդակությունը զգալիորեն կրճատել է գյուղական շրջաններում աղքատության մակարդակը՝ հավելելով, որ ինքը մեծապես աջակցում է կրթական ոլորտում նոր հատկացում կատարելու գաղափարին:

 

«Հայաստանն ինչո՞ւ չի կարող վերածվել Սիլիկոնյան հովտի»,- նշել է կոնգրեսականը:  

 

«Մենք ողջունում ենք Էդ Ռոյսի եւ Ադամ Շիֆի աջակցությունը, որը կօգնի «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի $ 100 մլն հատկացման շնորհիվ Հայաստանի գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության եւ մաթեմատիկայի ոլորտում ծրագրեր իրականացնել»,- հայտարարել է Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը։

 

Մեդիամաքսը նշում է, որ 2006-2011 թթ. «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակում Հայաստանում ծախսվել է $ 177 մլն, որն ուղղվել է գյուղական շրջաններում աղքատության կրճատմանը: Վերջին տարիներին Հայաստանը դիմել է ծրագրի երկրորդ փուլին մասնակցելու հայցով, սակայն մերժվել է, քանի որ Հայաստանում կոռուպցիոն ռիսկերի վերահսկելու պահանջի ցուցանիշը սահմանված նորմայից ցածր է եղել:

 

«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան ստեղծվել է 2004թ. ԱՄՆ կառավարության կողմից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին