Արթուր Ջանիբեկյան՝ ամեն ինչի հիմքում վառվող աչքերով մարդն է - Mediamax.am

53886 դիտում

Արթուր Ջանիբեկյան՝ ամեն ինչի հիմքում վառվող աչքերով մարդն է


Արթուր Ջանիբեկյանը
Արթուր Ջանիբեկյանը

Լուսանկարը` Gazprom Media

Արթուր Ջանիբեկյանը
Արթուր Ջանիբեկյանը

Լուսանկարը` Yerevan Productions

Արթուր Ջանիբեկյանը
Արթուր Ջանիբեկյանը

Լուսանկարը` Yerevan Productions


Comedy Club Production-ի հիմնադիր եւ գլխավոր պրոդյուսեր, ռուսական ТНТ եւ Матч ТВ հեռուստաալիքների գլխավոր տնօրեն, «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ»-ի ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը 2017 թվականի հոկտեմբերի 13-ին «Ի՞նչ և ինչո՞ւ չանել բիզնեսում» թեմայով վարպետության դաս է վարել «Այբ» դպրոցում՝ «Հաջողության բանաձեւ« նախագծի շրջանակում:

 

Նախագիծն իրականացվում է «Այբ» կրթական հիմնադրամի եւ «Երևան Փրոդաքշնի» համատեղ նախաձեռնությամբ, այն հայտնի ու հաջողակ մասնագետների անվճար վարպետության դասերի շարք է:

 

Արթուր Ջանիբեկյանը վարպետության դասին ներկայացրել է բիզնես եւ գործարարական միջավայրում հաջողության հինգ բանալիները:

 

Ճիշտ գործընկեր

 

Առաջին եւ ամենահիմնական հարցն է՝ ո՞վ պետք է լինի ձեր գործընկերը եւ ի՞նչ ունակություններով պետք է օժտված լինի այն մարդը, ով ձեզ հետ պետք է սկսի այդ ճանապարհը:

 

Ես այս համատեքստում կֆիքսեի մի քանի երեւույթ: Առաջինն ընդհանուր փիլիսոփայության եւ արժեհամակարգի կրելն է: Չեք կարող բիզնես անել մարդու հետ, ում հետ չունենք ընդհանուր առաքելություն եւ ցանկություններ: Մյուս կարեւոր հանգամանքն այն է, որ ձեր գործընկերը պետք է ձեզանից ուժեղ լինի. դա բազմապատկում է ձեր ունեցած հնարավորությունները:

 

Ձեր գործընկերոջ եւ ձեր մասնագիտություններն ու հմտությունները պետք է տարբեր լինեն, որպեսզի մի բիզնեսի շրջանակում չանեք նույն գործը: Այլապես դուք ռումբ եք դնում ձեր հարաբերությունների հիմքում: Բիզնեսը պետք է պլանավորված լինի երկար տարիների համար եւ այդ տարիների ընթացքում դուք ձեր գործընկերոջ հետ կունենաք կոնֆլիկտ, եթե ձեր գործառույթները կրկնվեն:

Արթուր Ջանիբեկյանը Արթուր Ջանիբեկյանը

Լուսանկարը` Yerevan Productions

Իհարկե, լինում են կանոնները հաղթող բացառություններ: Ձեր գործընկերն ու դուք պետք է ունենաք հաջողության հասնելու նույն ցանկությունը: Եթե դուք սկսնակ, 19 տարեկան մասնագետ եք եւ ինչ-որ գործ եք ձեռնարկում, իսկ ձեր գործընկերն արդեն կայացած եւ ուրիշ բիզնես ունեցող մարդ է, նրա հետ անմիջական գործունեություն ծավալելը դժվար է: Ձեր ուժերն ու ցանկությունները տարբեր են, ինչը ռիսկի գործոն է:

 

Մարդկանց ընտրությունը

 

Ամեն ինչի հիմքում պետք է դնել մարդուն: Այդ մարդու աչքերը պետք է վառվեն, նա պետք է լինի արհեստավարժ, պետք է կարողանա իր առջեւ դրված խնդիրներն իրականացնել, բայց այդ ամենից զատ՝ նա պետք է ունենա մի բան, որ տարբերում է նրան մյուսներից: Ինչ-որ ձեւով, ինչ-որ ճանապարհներով պետք է կարողանա շահել ձեր վստահությունը: Դուք զգում եք, որ այդ մարդուն կարող եք վստահել: Մենք խոսում ենք բիզնեսի մասին, որի հիմքում մաթեմատիկան ու ճշգրիտ հաշվարկներ են, այնուամենայնիվ, միանշանակ շատ կարեւոր է վստահությունը:

 

Վստահեք ձեր բնազդին: Եթե մարդուն դնում եք պրոցեսի հիմքում եւ հասկանում եք, որ նա կկարողանա լուծել իր առջեւ դրված խնդիրները, ապա նա կկարողանա: Եթե ձեր վստահությունը չլինի, նրա ունեցած մյուս բոլոր հմտություններն առոչինչ են: Հիմքում պետք է դնել մարդուն, ոչ թե գինը, ոչ թե պրոֆեսիոնալ մակարդակը, չնայած այդ ամենը պետք է հաշվի առնել, բայց վերջնական եւ կարեւոր տարրը մարդն է:

 

Պետք է վստահել, պայքարել, լավը ցանկանալ: Գործընկերոջ հետ աշխատելու որոշման պահից սկսած՝ մենք որեւէ իրավունք չունենք ասելու, որ նրա արած ինչ-որ բանը ճիշտ չէ: Նման էներգետիկայի ստեղծումն օգուտ չի բերում: Իհարկե, բոլորս մարդ եք, բոլորիս մոտ առաջանում են բազմաթիվ խնդիրներ: Բայց պետք է պայքարել, լուծել դրանք, ոչ թե մեղադրել ենթագործակալին կամ նրան ընտրողին:

 

Գործի ընտրությունը կամ ուղղությունը

 

Ի՞նչ է անում եւ ինչո՞վ է զբաղվում բիզնեսը: Պետք է անել մի բան, որն աշխարհում առաջինն է: Հավատացած եղեք, որ կարող եք դա անել: Շատերը կարծում են, որ կարեւոր գործեր հորինող, հզոր մարդիկ բոլորն են՝ բացի իրենցից: Ինչո՞ւ դու չես այդ մարդը: Ի՞նչ ուներ Սթիվ Ջոբսը, որ չունեք դուք: Հետագայում է պարզվում, թե ինչ ուներ նա, բայց չէ՞ որ դուք չգիտեք՝ դա ունեք, թե՞ ոչ: Իհարկե, շատ կարեւոր է երկիրը, որտեղ ծնվել է տվյալ մտքի կրողը, կրթությունը, որը նա ստացել է:

Արթուր Ջանիբեկյանը Արթուր Ջանիբեկյանը

Լուսանկարը` Yerevan Productions

Պետք է փորձել ընտրել մի գործ, որը դուք առաջինն եք մտահաղացել: Հավատացեք ձեր ուժերին: Դա սոսկ ամբիցիայի խնդիր չէ: Նոր միտքը մրցակից չունի: Մինչեւ մրցակիցների առաջանալը դուք մոնոպոլիստ եք: Գործն ընտրելիս պարտավոր եք կատարել լայնածավալ ուսումնասիրություն: Պետք է ներդնել հնարավորինս շատ ռեսուրս այդ ուսումնասիրության մեջ: Այդ ռեսուրսային ծախսը բերում է նրան, որ դուք բյուրեղացնում եք ձեր մտքերն ու հասկանում, թե ինչ եւ ինչպես անել:

 

Կարեւոր է բիզնեսի աշխարհագրությունը: Պետք է հասկանաք՝ այն երկրում, որտեղ սկսում եք բիզնեսը, արդյո՞ք ձեզ պաշտպանող համակարգերն արդար, ընկալելի եւ թափանցիկ են:

 

Բիզնեսի մասշտաբը, բազմացումը եւ համացանցը

 

Ձեր բիզնեսը պետք է ունենա հնարավորություն հեշտ եւ հասկանալի ձեւով տարածվելու: Ձեր բիզնեսի պոտենցիալ մասշտաբը կարեւոր է: Բիզնեսի գլուխը դուք եք, իսկ ձեր կյանքում ամեն ինչն անչափ է, բացի ժամանակից: Կարող եք շատ փող եւ կապեր ունենալ, բայց առավելագույնը 24 ժամ ունեք օրվա մեջ:

Մյուս կարեւոր հանգամանքը՝ ձեր գաղափարի արդիական լինելն է: Եթե ձեր միտքը սմարթֆոնում չի տեղավորվում կամ չունի սմարթֆոնով սպառման գոնե հարակից ձեւ, այն արդիական չէ:

 

Հոգեւորը

 

Սա ամենակարեւոր տարրն է, որ թույլ կտա հաջողության հասնել: Եթե ունես հավատք, պինդ ընտանիք, լավ ընկերներ, ապա կունենաս հնարավորություն քո միտքն իրագործելու, ստեղծագործելու եւ հաջողության հասնելու:

 

Սա ամենաաներեւույթ, բայց ամենակարեւոր հանգամանքն է: Սրան է վերաբերվում «բախտը բերել» երեւույթը, սրան է վերաբերում հույսը եւ հավատը, որ ունես, երբ գնում ես որեւէ ճանապարհով: Այս կետն է օգնում, որպեսզի չհուսահատվեք եւ հանգիստ լինեք նախորդ թվարկած կետերում ծագած մեծ հարցերի եւ խնդիրների պարագայում:

 

Գրի առավ Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին