Թանգյանը ներկա կլինի իր սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերային - Mediamax.am

4063 դիտում

Թանգյանը ներկա կլինի իր սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերային


Լուսանկարը` Bart Notermans


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա ամերիկահայ ռոք-երաժիշտ Սերժ Թանգյանի «Օրկա» սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերան:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբից Մեդիամաքսին այսօր ասել են, որ Սերժ Թանգյանը ներկա է լինելու պրեմիերային:

 

Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կկատարի Թանգյանի սիմֆոնիկ ստեղծագործությունը, ինչը, երաժշտի խոսքով, մեծ պատիվ է իր համար:

 

«Orca Symphony No 1»-ն ձայնագրվել է 2012 թվականի հոկտեմբերին Ավստրիայի Լինց քաղաքում: Պաշտոնապես ալբոմի տեսքով թողարկվել է 2013թ. հունիսի 25-ին:

 

Այս սիմֆոնիայով Թանգյանը նպատակ ունի խոսելու մարդասիրության մասին, օրկային՝ խոյադելֆինին, համեմատելով մարդկանց հետ:

 

«Ստեղծագործության առաջին բաժինը կոչվում է Victorious Orcinus, եւ այն հիմնականում ներկայացնում է խոյադելֆինի կյանքը, թե ինչպես է նա կարողանում դառնալ հաղթական կենդանի, սպանել, ֆիզիկական տեսանկյունից հասնել այն ամենին, ինչ հնարավոր է այս մոլորակում:

 

Երկրորդ բաժնում խոյադելֆինը որոշում է խորանալ ջրի տակ՝ մեդիտացիայի եւ խորն ինքնավերլուծության նպատակով: Երկրորդ եւ երրորդ բաժինների միջեւ խոյադելֆինը գիտակցում է, որ ինքը նման է դելֆինի: Մենք նրան անվանում ենք խոյադելֆին, բայց այն պատկանում է կաթնասունների տեսակին, դելֆին է: Այս տեսանկյունից խոյադելֆինն ու դելֆինը մարդկության լավ ու վատ տարատեսակներն են: Ես փորձում եմ ասել, որ մենք ե´ւ լավն ենք, ե՛ւ  վատը: Մենք մեր ներսում ունենք բազում գույներ ու խավար: Եվ յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ գնալ դեպի լույսը եւ հավատալ կյանքին: 

 

 

«Օրկա» սիմֆոնիայի վերջին մասը կոչվում է Lamentation of the Beached: Այստեղ խոյադելֆինը կամ կարող ենք ասել՝ մարդկությունը, գիտակցում է, որ մեր կյանքն այս մոլորակում սահմանափակ է՝ եւ ոչ տարիքի ու ֆիզիկական գոյության տեսանկյունից: Այն սահմանափակ է մոլորակի տարիքի կամ մոլորակի համար արածի տեսակետից։ Այս գիտակցումը հսկայական ինքնակայացում է»,- տեսաուղերձում ասել է Սերժ Թանգյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին