Պետական ակադեմիական երգչախումբը համերգ տվեց Տաթեւում - Mediamax.am

6837 դիտում

Պետական ակադեմիական երգչախումբը համերգ տվեց Տաթեւում


Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA


Երեւան: Մեդիամաքս: «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Տաթեւի վերածնունդ» ծրագրի նախաձեռնությամբ այսօր Տաթեւի վանական համալիրի բակում տեղի է ունեցել Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի համերգը։

Երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ երգչախումբը կատարել է Կոմիտասի, Եկմալյանի, Մոցարտի, Վերդիի եւ Չայկովսկու ստեղծագործությունները։

 

«Տաթեւը զարմանահրաշ կառույց է։ Բազմիցս մասնավոր այցով եղել եմ Տաթեւում, բայց այս անգամ, ի ուրախություն ինձ, այստեղ ելույթ ունեցանք մեր երգչախմբով։ 1111-ամյա իր բարձունքից մեզ նայող Տաթեւի վանքը ջերմությամբ հյուրընկալեց մեզ։ Խորհրդանշական է, որ հոկտեմբերի 16-ին լրանում է «ՏաԹեւեր» ճոպանուղու գործարկման յոթերորդ տարեդարձը»,- ասել է Հովհաննես Չեքիջյանը։

 

Երգչախմբի համերգը մեկն է այն միջոցառումներից, որոնք ուղղված են Տաթեւում հոգեւոր ու մշակութային կյանքի վերածննդին։ Համերգին ներկա էին Տաթեւի վանքի հարակից համայնքների բնակիչները, բազմաթիվ հյուրեր ու զբոսաշրջիկներ Հայաստանից եւ արտերկրից։

 

«Եթե պատմության էջերն ուսումնասիրենք՝ կտեսնենք, որ 1111 տարեկան Տաթեւի վանքը եղել է հայ հոգեւոր երաժշտության դարբնոցը։ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի համերգը Տաթեւի վանքի բակում հայ հոգեւոր երաժշտության դարավոր ավանդույթների պահպանման ու շարունակության լավագույն օրինակն է»,- նշել է Տաթեւի վանքի վանահայր Տեր Միքայել Վարդապետ Գեւորգյանը:

 

«Երգչախմբի համերգը ինքնատիպ մի փորձ էր նույն տարածության մեջ հանդիպեցնելու մեր մշակույթի անցյալն ու ներկան․ կազմակերպել Տաթեւի վանքի բակում մաեստրո Չեքիջյանի ղեկավարած երգչախմբի համերգը։  Թե՛ Տաթեւը, թե՛ երգչախումբը հոգեւոր եւ մշակութային բացառիկ արժեքներն են ոչ միայն հայերի համար։ Այս ձայները հնչել են աշխարհի լավագույն բեմերից, իսկ Տաթեւը եւ «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը կարողացել են համախմբել տարբեր ազգությունների ու դավանանքի մարդկանց։ Ի վերջո, այս «հանդիպումը» վաղ թե ուշ պետք է կայանար։ Այս համերգը լավ առիթ էր, որպեսզի վանքի հարակից համայնքների բնակիչներն ու հյուրերը հաղորդակցվեն կենդանի լեգենդի՝ մաեստրո Չեքիջյանի եւ նրա ղեկավարած երգչախմբի արվեստի հետ»,- ասել է IDeA հիմնադրամի մշակութային ծրագրերի ղեկավար Էլեոնորա Մալխասյանը։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին