Ապօրինի անտառահատման վերահսկողությունը կխստացվի - Mediamax.am

6170 դիտում

Ապօրինի անտառահատման վերահսկողությունը կխստացվի


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել անտառօգտագործման պահանջների եւ պատասխանատվության միջոցների կատարելագործման ուղղությամբ:

«Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ, մի կողմից, ապօրինի ծառահատումների համար սահմանված վարչական եւ քրեական պատասխանատվության միջոցները չեն նպաստում դրանց կանխարգելմանը: Մյուս կողմից՝ վերջին տարիներին ավելի քան 3 անգամ նվազեցվել է բնափայտի մթերման օրինական ծավալները»,- ասել է վարչապետը:

 

Բնապահպանության, գյուղատնտեսության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին հանձնարարվել է շարունակել անտառամերձ համայնքների բնակիչներին թափուկի անվճար տրամադրման գործընթացը՝ առաջնայնությունը տալով սոցիալապես խոցելի խմբերին եւ, միաժամանակ, ապահովելով այդ գործընթացի թափանցիկությունը:

 

Նախարարներին հանձնարարվել է նաեւ 10-օրյա ժամկետում համատեղ քննարկել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել բնափայտի օրինական մթերման վերանայված եւ օպտիմալ ծավալները՝ հիմնված բնական վերաճի եւ սահմանափակումների վրա:

 

Բացի այդ, հանձնարարվել է 2-ամսյա ժամկետում համատեղ մշակել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել ապօրինի անտառահատումների վերաբերյալ վարչական եւ քրեական պատասխանատվության միջոցների հստակեցման եւ խստացման վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր:

 

«Հաշվի առնելով շուկայի իրական ծավալները եւ գնահատելով, թե որքան է այնտեղ կազմում ստվերը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ կապված պետք է բարեփոխումներ ձեռնարկենք: Տրամաբանության չափով անհրաժեշտ է օրինականացնել անտառահատումներն ու այդ ֆինանսական միջոցներն ուղղել «Հայանտառ», որպեսզի վերջինս պատրաստված լինի գույքով եւ բոլոր անհրաժեշտ գործիքներով՝ սահմանելու առավելագույնս հստակ եւ կոշտ հսկողություն»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին