FAST-ը «ցույց է տալիս նոր Հայաստանի տեսլականը իրագործելու ուղին» - Mediamax.am

10729 դիտում

FAST-ը «ցույց է տալիս նոր Հայաստանի տեսլականը իրագործելու ուղին»


Լուսանկարը` FAST հիմնադրամ


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ FAST հիմնադրամը «մեզ ցույց է տալիս այն ուղին, որով Հայաստանի իշխանությունները, ընդդիմությունը, քաղաքացիական հասարակությունը, սփյուռքի կառույցները եւ բոլոր շահագրգիռ անհատները պետք է քայլեն նոր եւ ինտելեկտուալ Հայաստանի տեսլականը իրագործելու համար»։

Նախագահն այդ մասին ասել է հոկտեմբերի 19-ի երեկոյան՝ ելույթ ունենալով Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) եւ ԱՄՆ Գիտության ազգային հիմնադրամի (NSF) աշխատաժողովին նվիրված գալա ընթրիքին:

 

«Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամն ավելի հայտնի է իր անվանման անգլերեն FAST հապավումով: Fast նշանակում է «արագ», ուստի մենք պետք է կարողանանք արագ կողմնորոշվել եւ մեր ճիշտ տեղը գտնել այս արագ փոփոխվող աշխարհում: Հիմնադրամը Հայաստանի զարգացման գաղափարի շուրջ է հավաքել անվանի հայերի Հայաստանից եւ սփյուռքից: Նրանք հաջողություն են արձանագրել գիտության, տեխնոլոգիաների եւ դրանց հետ շաղկապվող ձեռնարկատիրության ոլորտում: Հիմնադրամի շուրջ միավորված մարդիկ իրենց այլ նախաձեռնություններով տարիներ շարունակ աջակցել են Հայաստանի բարեփոխմանը եւ զարգացմանը: Այս նախաձեռնությունը պետք է դառնա պետական եւ մասնավոր հատվածների համագործակցության եւս մեկ արդյունավետ եւ հաջողված օրինակ: Վերահաստատում եմ իմ եւ Հայաստանի ողջ պետական համակարգի աջակցությունն այս նախաձեռնությանը, շնորհակալություն եմ հայտնում FAST-ի հիմնադիրներին եւ աջակիցներին», - ասել է Սերժ Սարգսյանը:

 

«Նորարարության զարգացման ուղղությամբ Հայաստանի, սփյուռքի եւ միջազգային գիտական համայնքների մեկտեղումը, վստահ եմ, կարող է տալ տեսանելի եւ չափելի արդյունքներ: Հաճախ ենք լսում, որ գիտատեխնիկական շատ մշակումներ չեն իրացվում բյուջետային եւ ֆինանսական սահմանափակումների պատճառով: FAST-ի հովանու ներքո գրանտային-վենչուրային ֆինանսավորման գործիքների ներդրումը կլինի եւս մեկ կարեւոր քայլ մեր գիտական ներուժի լիարժեք բացահայտման ճանապարհին», - նշել է ՀՀ նախագահը:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին