Երեւանում կկայանա Best of British Education ցուցահանդեսը - Mediamax.am

9143 դիտում

Երեւանում կկայանա Best of British Education ցուցահանդեսը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 25-ին Երեւանում տեղի կունենա Best of British Education կրթական ցուցահանդեսը, որի ընթացքում երիտասարդները հնարավորություն կունենան ծանոթանալ բրիտանական կրթություն ձեռք բերելու հնարավորություններին։

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում նախատեսված ցուցահանդեսին կներկայացվեն մասնագիտական զարգացման եւ վերապատրաստման, ինչպես նաեւ անգլերենի ուսուցման եւ թեստավորման ծրագրեր։

 

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն այսօր ասել է, որ միջոցառումը այն երիտասարդների համար է, որոնք հետաքրքրված են իրենց մասնագիտության իրական զարգացմամբ։

 

«Նկատել եմ, որ հայկական ընտանիքները բարձր են գնահատում կրթությունը։ Ուրախ ենք հայտարարելու, որ բրիտանական համալսարանները հետաքրքրված են խթանել հայաստանյան հաստատությունների հետ կապերը։ Հայաստանը եւս մեծ հետաքրքրվածություն է ցուցաբերում՝ բրիտանական փորձը դպրոցներում կիրառելու եւ անգլերենի դասավանդումը բարելավելու համար»,- ասել է դեսպանը։

 

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանն ասել է, որ ցուցահանդեսի մասնակիցները հնարավորություն կունենան մանրամասն տեղեկություն ստանալ հայտնի Chevening, John Smith Fellowship եւ մի շարք այլ ծրագրերի մասին։

 

Կներկայացվեն նաեւ բրիտանական հայտնի հրատարակչությունների գրքեր, կկազմակերպվեն քննարկումներ։ Ցուցահանդեսի մասնակիցները կկարողանան շահել նվերներ՝ մասնակցելով Treasure Hunt մրցույթին։

 

«Վստահ ենք, որ կրթության եւ մշակույթի միջոցով կարող ենք վստահություն սերմանել երկու երկրների միջեւ եւ խրախուսել համագործակցությունը»,- նշել է Արեւիկ Սարիբեկյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին