Մոսկվայում բացվել է Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին - Mediamax.am

7100 դիտում

Մոսկվայում բացվել է Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Մոսկվայի Մեծ հայրենական պատերազմի կենտրոնական թանգարանում նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը:

Կիսանդրին Հայաստանի Հանրապետության նվերն է Ռուսաստանի Դաշնությանը՝ Խորհրդային Միության կրկնակի հերոսի 120-ամյակի կապակցությամբ։

 

Այն թանգարանին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

 

Միջոցառումը տեղի է ունեցել Հաղթանակի թանգարանի կենտրոնական սրահում՝ խորհրդային հրամանատարների պանթեոնում, որը ոգեկոչում է Մեծ հայրենականի հերոսների սխրագործությունը։

 

Հովհաննես Բաղրամյանի բրոնզե կիսանդրու տեղադրման նախաձեռնողը ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն է: Քանդակի հեղինակներն են քանդակագործներ Միսակ Մելքոնյանը եւ Աշոտ Թադեւոսյանը:

 

«Թանգարանը գիտություն է ու հիշողություն: Դա պատմությունը վերաքննելու բոլոր միջոցների դեմ ուղղված կարեւորագույն գործիքներից մեկն է: Մեզ համար մեծ է պատիվ Հայաստանի Հանրապետության անունից Մեծ հայրենական պատերազմի կենտրոնական թանգարանին նվիրաբերել մարշալ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին, որի ներդրումը միասնական հաղթանակի կերտման գործում դժվար է գերագնահատել:

 

Հայաստանն ու հայ հասարակությունը այն երկրների ու ժողովուրդների շարքերում են եղել, որոնց միահամուռ ջանքերի շնորհիվ մարդկությունն ու քաղաքակրթությունը փրկվել է 20-րդ դարի ամենամեծ չարիքից՝ ֆաշիզմից: Հայաստանի եւ հայ ժողովրդի համար այդ հաղթանակը յուրահատուկ նշանակություն է ունեցել:

 

Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական իրադարձություններից եւ 1,5 միլիոն հայի կյանք խլած 1915թ. ցեղասպանությունից ընդամենը երեք տասնամյակ անց Հայաստանը` ԽՍՀՄ ամենափոքրաթիվ բնակչություն ունեցող հանրապետություններից մեկը, ամենաակտիվ մասնակցությունն ունեցավ Մեծ հայրենականին` մոբիլիզացրելով եւ ռազմաճակատ ուղարկելով 600 հազար հոգու»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին