exclusive
3691 դիտում

#Տարկետում. Գիտաշխատողները բաց նամակով առաջարկներ են ներկայացրել


Լուսանկարը` Photolure


Հայաստանյան եւ արտասահմանյան գիտական հաստատությունների մի խումբ գիտաշխատողներ եւ դասախոսներ բաց նամակ են գրել Հայաստանի նախագահին, Ազգային ժողովին եւ կառավարությանը, որում մտահոգություն են հայտնել, որ ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում կրթության եւ գիտության ոլորտին ծանր հետեւանքներ են սպասվում»:

Գիտնականները նամակում նաեւ առաջարկներ են ներկայացրել.

«Կիսելով «Հանուն Գիտության Զարգացման» նախաձեռնության մտահոգությունները՝ ստորեւ նշված գիտաշխատողներս եւ դասախոսներս առաջարկում ենք.

1. Օրենքի նախագծում ամրագրել դրույթ, որի համաձայն Կրթության եւ գիտության նախարարությունը պետք է կազմակերպի ամենամյա հիմնավոր հետազոտություն՝ յուրաքանչյուր ոլորտում բակալավրի, մագիստրոսի եւ ասպիրանտի կրթական աստիճաններում նպատակային տարկետման համար անհրաժեշտ տեղերի նվազագույն թվերը սահմանելու եւ դրանք Պաշտպանության նախարարությանը ներկայացնելու նպատակով: Հատկացված տարկետման տեղերի համար Կառավարությունը պետք է սահմանի չափանիշներ, որոնց բավարարելն անհրաժեշտ պայման պետք է լինի տարկետման իրավունք ստանալու համար (օրինակ՝ մագիստրատուրա ընդունվելիս տարկետման իրավունք չի կարող ստանալ այն դիմորդը, ում բակալավրիատի ՄՈԳ-ը ցածր է 18-ից)։ Նմանապես, անհրաժեշտ է սահմանել հստակ չափորոշիչներ, որոնք կկարգավորեն թեկնածուի գիտական աստիճան ունեցողներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը՝ կապված նրանց գիտամանկավարժական մասնագիտական գործունեության հետ (օրինակ՝ պաշտպանությունից հետո կամ սահմանված ժամանակահատվածի ընթացքում պետք է տպագրել որոշակի քանակով գիտական հոդվածներ կամ սահմանված ժամանակահատվածում իրականացնել մանկավարժական գործունեություն)։

2.  Ձեւավորել այնպիսի համակարգ, որտեղ ՊՆ-ն եւ գիտական հաստատությունները շահագրգռված կլինեն համաձայնության գալ համատեղ հետազոտական նախագծերի շուրջ եւ այդ նախագծերում կներգրավեն բակալավրիատի, մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի՝ տարկետում չունեցող շրջանավարտներին: Այն դեպքում, երբ ՊՆ-ն չի կարողանա ապահովել այս կատեգորիայի՝ ուսման հաջորդ փուլ ընդունված ուսանողների գիտելիքների նպատակային կիրառումը ծառայության ընթացքում, ՊՆ-ն կպարտավորվի առաջարկել այնպիսի ծառայություն, որի ընթացքում ուսանողները կկարողանան շարունակել մագիստրոսական եւ ասպիրանտական կրթությունը բուհերում եւ գիտական հաստատություններում: Սա կշահագրգռի ՊՆ-ին հնարավորին կարճ ժամկետներում պայմաններ ստեղծել ուսանողների գիտելիքները նպատակային կիրառելու համար:

Հիմնվելով մեր մասնագիտական փորձառությանը, վստահեցնում ենք ձեզ, որ առանց վերոնշյալ փոփոխությունների, կրթության եւ գիտության ոլորտը կկրի անդառնալի կորուստներ»։

Բաց նամակին արդեն միացել է 139 գիտաշխատող եւ դասախոս, նրանց թվում են YerevaNN հետազոտական լաբորատորիայի ղեկավար Հրանտ Խաչատրյանը, Իլինոյսի համալսարանին կից Խելացի ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի (Intelligent Robotics Lab) տնօրեն Նաիրա Հովակիմյանը, ԵՊՀ Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի Ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի վարիչ, դոցենտ Միքայել Պողոսյանը, Մաքս֊Պլանկ Ինստիտուտի գիտաշխատող Կարապետ Մկրտչյանը, ԵՊՀ Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանը եւ այլք:

Մեդիամաքսի հետ զրույցում Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի Ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի վարիչ, դոցենտ Միքայել Պողոսյանն ասել է, որ բացի կրթության շարունակականության խախտվելուց օրենքի ընդունումը այլ կարեւոր խնդիրներ եւս առաջ կբերի:

«Ես ունեմ ուսանողներ, որոնք բանակում ծառայել, վերադարձել են: Մի մասը, իհարկե, լավ չի սովորում, բայց կան նաեւ լավ սովորողներ: Հարցն այն է, որ այդ լավ սովորող ուսանողներն արդեն աշխատում են սովորելուն զուգահեռ, բայց գիտությամբ զբաղվելու ցանկություն, ըստ էության, չունեն: Հետագայում գիտությամբ զբաղվելու մոտիվացիան բացարձակ կորչելու է, հատկապես՝ այն ֆոնին, որ գիտության ֆինանսավորումը պակասեցնում են: Նույնիսկ շատ լավ ուսանողը, ով նպատակային գնում է բանակ, վերադառնում եւ ուզում է լավ սովորել, ավարտելուց հետո ինչո՞ւ պիտի մոտիվացված լինի մնալ գիտության մեջ: Ինքս մաթեմատիկոս եմ, ունեմ ընկերներ, ուսանողներ, ովքեր պարզապես սովորել են, տարկետում են ունեցել, մտել են թեմայի մեջ, խնդիրներով են զբաղվել, ոգեւորվել են եւ այդ իներցիայով պաշտպանելուց հետո մնացել են բնագավառում: Հիմա բավական ակտիվ զբաղվում են գիտությամբ եւ մանկավարժական գործունեությամբ: Այս օրենքի ընդունումից հետո այդ տարբերակը չի գործելու, գուցե ինչ-որ բնագավառներում ստացվի, որ մարդը ծառայելուց հետո վերադառնա եւ զբաղվի գիտությամբ, բայց որոշ բնագավառներ էլ տուժելու են, մասնավորապես՝ մաթեմատիկան»,- ասել է նա:

Հավելենք, որ քիչ առաջ Ազգային ժողովը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է վերոհիշյալ օրենքն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:
Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am