Բեռլինում կանցկացվեն Aurora Dialogues քննարկումներ - Mediamax.am

9113 դիտում

Բեռլինում կանցկացվեն Aurora Dialogues քննարկումներ


Նուբար Աֆեյան
Նուբար Աֆեյան

Լուսանկարը` Ավրորա


Երեւան: Մեդիամաքս: Դեկտեմբերի 4-5-ը Բեռլինում կանցկացվեն «Միլիոնավոր մարդկանց տեղաշարժ. զարգացման եւ ինտեգրացիայի անհրաժեշտություն» խորագրով Aurora Dialogues քննարկումները:

«Ռոբերտ Բոշ» հիմնադրամի Բեռլինի ներկայացուցչության գրասենյակում անցկացվող քննարկումները կանդրադառնան, թե ինչպես Եվրոպական միությունը եւ Գերմանիան կարող են նպաստել հումանիտար խնդիրների լուծմանը զարգացման եւ ինտեգրացիայի միջոցով:

 

Համաժողովը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի, «Մերկատոր» հիմնադրամի եւ «Գլոբալ հեռանկարներ» նախաձեռնության համատեղ ձեռնարկումն է:

 

Քննարկման մասնակիցները կանդրադառնան փախստականների ճգնաժամի հիմնական պատճառներին եւ այդ ուղղությամբ արված քայլերի արդյունավետությանը, ինչպիսիք են՝ մարդասիրական աջակցությունը, կրթությունը եւ սոցիալական ինտեգրացիան:

 

«Եթե մենք փախուստը եւ միգրացիան ճիշտ ընկալենք՝ որպես մարդկության համընդհանուր պատասխանատվություն, կասկած չկա, որ կկարողանանք հաղթահարել խնդիրները միասին: Մարդիկ փախստական չեն ծնվում, այլ դառնում են: Նրանք փախչում են բռնությունից եւ հալածանքներից, նրանք փախչում են, որովհետեւ վախենում են սեփական կյանքի համար: Լինել փախստական նշանակում է լինել կարիքավոր եւ մնալ ուրիշների օգնության հույսին»,- ասել է Բունդեսթագի նախկին նախագահ Նորբերտ Լամերտը:

 

«Նշանակալից է, որ Aurora Dialogues-ը՝ որպես ամենահրատապ մարդասիրական խնդիրների քննարկումների կարեւոր միջազգային հարթակ, ընդլայնում է իր աշխարհագրությունը»,- նշել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

 

«Մենք սկսել ենք Երեւանում՝ գործով արտահայտելով մեր երախտագիտությունը նրանց, ովքեր փրկեցին հայերին 1915թ.՝ ցեղասպանության ժամանակ: Այսօր մենք Բեռլինում ենք մեր այն գործընկերների հետ, որոնք անում են կարեւոր գործ՝ բարձրաձայնելով այսօրվա հրատապ խնդիրների մասին եւ ձգտելով լուծել դրանք: Մենք, նախորդ համաժողովների փորձը եւ ձեռք բերված գիտելիքը հաշվի առնելով, կշարունակենք քննարկումներ կազմակերպել աշխարհի տարբեր քաղաքներում»,- հավելել է նա:

 

Բեռլինի Aurora Dialogues-ի բանախոսները հումանիտար գործիչներ են, գիտնականներ, բարերարներ եւ գործարարներ:

 

««Ռոբերտ Բոշ» հիմնադրամն ուրախ է հյուրընկալել հումանիտար, քաղաքացիական հասարակության եւ գործարար առաջնորդներին Բեռլինում: Մեր նպատակն է ուղղել մեր ուշադրությունը եւ գործունեությունը Գերմանիայում եւ Եվրոպայում միգրացիայի, ինտեգրման եւ ներգրավման ոլորտներում: Հետեւաբար, մենք ակնկալում ենք ծանոթանալ տարբեր մոտեցումների, որոնք  նպատակ ունեն գտնել լուծումներ եւ իրականացնել համապատասխան գործողություններ»,- ասել է «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի նախագահ եւ գործադիր տնօրեն Յոախիմ Ռոգալը:

 

«Գլոբալ հեռանկարներ» նախաձեռնության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ինգրիդ Համն էլ նկատել է, որ «Բեռլինի Aurora Dialogues-ը կբերի յուրօրինակ փորձառություն եւ ներկայիս միգրացիոն ճգնաժամի լուծումներին ուղղված մոտեցումներ՝ հիմնված առավել կայուն եւ բազմակողմանի զարգացման ու ինտեգրացիայի քաղաքականության վրա»:

 

«Լայնախոհությունը, հարգանքը եւ հանդուրժողականությունը մեր արժեհամակարգի կենտրոնում են: Այս արժեքները պետք է բարձր պահել, հատկապես, երբ բախվում ենք այնպիսի բարդ խնդիրների, ինչպիսիք են միգրացիան եւ ինտեգրացիան: Մենք մեր գործընկերոջ՝ «Ինտեգրացիայի եւ միգրացիայի գերմանական հիմնադրամների» Փորձագիտական խմբի հետ  նպաստում ենք հանրային բանավեճի ծավալմանը եւ լավագույն փորձի ներդրմանը: Բեռլինի Aurora Dialogues-ն ի մի է բերում տարբեր ոլորտների մոտեցումներ՝ ուղղված այս բազմակողմանի խնդրին»,- նշել է «Մերկատոր» հիմնադրամի գործադիր տնօրեն Վինֆրեդ Քնայփը:

 

Բեռլինի Aurora Dialogues քննարկումների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին