exclusive
11032 դիտում

Գարդասիլ` միֆերն ու իրականությունը


Լուսանկարը` REUTERS


Հայաստանում մեկնարկել է մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման ծրագիրը, որի մասին արդեն պատմել ենք:

Պատվաստումն իրականացվելու է «Գարդասիլ» պատվաստանյութով, որի հանդեպ Հայաստանում բավականին ակտիվ դիմադրություն է նկատվում՝ հիմնավորմամբ, որ պատվաստանյութն անվտանգ չէ եւ կարող է պատվաստված մարդու մոտ առաջացնել առողջության անդառնալի կորուստներ եւ անգամ մահ:

Սույն հոդվածը դիտարկում է, թե որքանով է հիմնավորված մարդկանց անհանգստությունը՝ կապված պատվաստանյութի հավանական վտանգավոր լինելու հետ եւ որոնք են տարածված անհանգստությունների սկզբնաղբյուրները։

Մահ պատվաստման պատճառո՞վ, թե՞ պատվաստումից հետո

Պայմանական առաջին մտահոգության աղբյուրը 2012  հրապարակված  «Մահ մարդու պապիլոմավիրուսի դեմ քառավալենտ  պատվաստումից հետո: Պատճառ, թե պատահականություն» հետազոտությունն է, որը կատարել են Բրիտանական Կոլումբիայի համալսարանից Քրիստոֆեր Ա. Շոուն եւ Լուսիա Տոմլենովիչը: (Christopher A. Shaw and Lucija Tomljenovic of the University of British Columbia) 

Մահացության դեպքը հետազոտողներ Քրիստոֆեր Ա. Շոուն եւ Լուսիա Տոմլենովիչը հոդվածի «արդյունքներ» բաժնում գրում են, որ մահացած աղջիկների ուղեղի հյուսվածքներից վերցված նմուշներում հայտնաբերվել է աուտոիմունային վասկուլիտ, որն առաջացել է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութում առկա հակամարմիններից: Պատվաստման հակամարմինները մեծ խտությամբ հայտնաբերվել են ուղեղի արյունատար անոթներում, ինչը եւ հանգեցրել է մահվան: Հետազոտողները «եզրակացություն» բաժնում գրում են, որ իրենց  ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՄՊՎ-16L1 հակածիններ պարունակող ՄՊՎ պատվաստանյութին բնորոշ է պոտենցիալ մահացու աուտոիմունային վասկուլոպաթիաներ դրդելու ռիսկ: Հետազոտության «ծանոթագրությունների» բաժնում հետազոտողներ Քրիստոֆեր Ա. Շոուն եւ Լուսիա Տոմլենովիչը շնորհակալություն են հայտնում Դվոսկին, Լոտուս եւ Կեթլին ֆոքս ընտանեկան հիմնադրամին (the Dwoskin, Lotus and Katlyn Fox Family Foundations)  հետազոտության իրականացման համար ցուցաբերած ֆինանսական աջակցության համար:

Ովքե՞ր են Քրիստոֆեր Ա. Շոուն եւ Լուսիա Տոմլենովիչը

Համացանցում այս անուն-ազգանունների որոնման արդյունքում հանդիպում ենք մեկ այլ հետազոտության, որը դարձյալ կատարվել է Քրիստոֆեր Ա. Շոուի եւ Լուսիա Տոմլենովիչի կողմից: Հետազոտությունը, որը Vaccine հանդեսում  տպագրվել է «Վարքային խանգարումներ երիտասարդ արու մկների մոտ ալյումինի ադյուվանտ պարունակող Գարդասիլի պատվաստանյութի ներարկումից հետո»,  2016 թվականին հետ է կանչվում պարզաբանմամբ, «որ կան լուրջ մտահոգություններ, որոնք վերաբերում են հոդվածի գիտական հիմնավորվածությանը»: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նույնպես լուրջ քննադատության է ենթարկում աշխատությունները՝ անվանելով այն «լրջագույնս խեղաթյուրված»:


Vaccine հանդեսի գլխավոր խմբագրի դիտարկումները եւ այլ փորձագետների գնահատականները մատնանշում են, որ  հոդվածի մեթոդաբանությունն ունի լուրջ թերություններ, որոնց առկայությունը հոդվածը դարձնում է չհիմնավորված:

«Որպես միջազգային հեղինակավոր հանդես՝ մենք մեր պարտքն ենք համարում հանել հոդվածը հետագա տարածումից եւ զգուշացնել այդ մասին հանրությանը»,- ասված է հետազոտության մասին հոդվածը հեռացնելու Vaccine հանդեսի հիմնավորման մեջ:

2016 THE ORIGINAL SKEPTICAL RAPTOR հանդեսի էլեկտրոնային տարբերակում կարդում ենք նաեւ, որ պատվաստումների վտանգավորության մասին (տես վերը նշված երկու հոդվածները) հետազոտություններ իրականացրած Բրիտանական Կոլումբիայի համալսարանի հետազոտողներ Քրիստոֆեր Ա. Շոուն եւ Լուսիա Տոմլենովիչը գիտական հանրությանը հայտնի են որպես հակապատվաստումային, մասնավորապես, հակագարդասիլ շարժման կողմից ֆինանսավորվող՝ վճարվող հետազոտողներ եւ ունեն բավական ամուր կապեր ամերիկյան Դվոսկին ընտանիքի եւ Կետլին Ֆոքս հիմնադրամների հետ:

Հետագա ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Դվոսկին ընտանիքի եւ Կետլին Ֆոքս հիմնադրամները ֆինանսավորել են նաեւ Քրիստոֆեր Ա. Շոուի եւ Լուսիա Տոմլենովիչի հետագա հետազոտությունները, որոնք կքննարկենք հոդվածում ավելի ուշ:

Ի՞նչ են Դվոսկին ընտանիքի եւ Քեթլին Ֆոքս հիմնադրամները

Դվոսկինների ընտանիքի հիմնադրամը բարեգործական ոչ առեւտրային կազմակերպություն է, որի ակտիվների հիմնական մասը պահվում է օֆշորային գոտիներում եւ գումարային ներդրումներում: Դվոսկինների ընտանիքի ֆոնդը Ալբերտ եւ Լիզ Քլեր Դվոսկիների բարեգործական ֆոնդն է: Այն 2001թ. գրանցվել է որպես ոչ առեւտրային ֆոնդ, որում արված միակ ներդրումը պատկանում է Դվոսկինների ընտանիքին: foundation's 990 form-ում արված վերջին ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ֆոնդի ակտիվները հասնում են 3,5 միլիոն ԱՄՆ դոլարի:

Դվոսկին ընտանիքի հիմնադրամի եւ Քեթլին Ֆոքս հիմնադրամի գործադիր տնօրենն ու նախագահն է Ալբերտ Դվոսկինը, իսկ նրա կինը՝ Կլարա Դվոսկինը Ազգային պատվաստումների ինֆորմացիոն կենտրոնի հակապատվաստումային խմբի (National Vaccination Information Center) խորհրդի անդամ էր մինչեւ 2015թ.: Այս մասին կա պնդում նաեւ CNN-ի  The Money Behind the Vaccine Skeptics վերտառությամբ հոդվածում, որտեղ մանրամասն ներկայացվում է, թե ինչ ֆինանսական շարժեր կան Դվոսկին հիմնադրամի եւ այլ հակապատվաստումային կազմակերպությունների միջեւ:


2010թ. Դվոսկին հիմնադրամը կատարում է երկու նվիրատվություն American Foundation for University of British Columbia (UBC), գումարները փոխանցելով հենց  Շոուին եւ Թոմլյենովիչին: Նվիրաբերած գումարը կազմում էր 25 000 դոլար, որից 10 000 ձեւակերպվում է որպես ընդհանուր ծախսեր: Հաջորդ նվիրատվությունը ուղղվում է ալյումինի տոքսիկ ծրագրի (Aluminum Toxicity Project) լաբորատոր ծախսերին, որը կազմում է 125 000 դոլար: Մեկ այլ՝ «Այստեղ են հակապատվաստումային շարժման թիկունքում կանգնած փողերը» Here's the Money Behind the Anti-Vaccine Movement հրապարակման համաձայն, 2011-2013 թթ. Դվոսկին հիմնադրամը Բրիտանական Կոլումբիայի համալսարանին փոխանցում է 950 000 դոլար հետազոտությունների համար, որոնցից մի քանիսը հստակ կապեր ունեն պատվաստանյութերում առկա այլումինիումի եւ նյարդաբանական խնդիրները քննող հետազոտությունների հետ:

Արդյունքում, 2011թ. տպագրվում են «Նպաստե՞լ է արդյոք ալյումինի ադյուվանտը աուտիզմի տարածման մեծացմանը», «Պատվաստանյութերում ալյումինի ադյուվանտ: Անվտանգ է արդյոք»  հոդվածները, իսկ 2012 թ. տպագրվում է «Ալյումինյում ադյուվանտի թունավոր եւ աուտոիմուննային մեխանիզմները մանկաբուժական պոպուլիացիայի վրա» վերտառությամբ հոդվածը:

Այսպիսով, Դվոսկին հիմնադրամը առատորեն ֆինանսավորում է Բրիտանական Կոլումբիայի համալսարանի հետազոտողներին, որոնք էլ իրենց հերթին հրապարակում են հոդվածներ, որոնք իբրեւ թե փաստում են պատվաստումների վտանգավորությունն ու անարդյունավետությունը:

Լուսանկարը` REUTERS


2010թ. Ալբերտ Դվոսկինը եւ նրա կին Քլեիր Դվոսկինը իրենց հիմնադրամի կողմից ֆինանսավորում են հակապատվաստումային քարոզչություն իրականացնող  The Greater Good Movie վերնագրով ֆիլմը:

2010թ. հոկտեմբերի 30-ին Fox Business հեռուստաընկերության ինտերնետային կայքում լրագրող Ջոն Սթոսելը գրում է, որ պատվաստումների մասին իր թողարկումից հետո Քլեիր Դվոսկինը նամակ է գրել իր պրոդյուսերին, որում տիկին Դվոսկինն ամոթանք է տալիս պատվաստումներին կողմ հանդես եկող բոլորին՝ պատվաստումը համեմատելով Հոլոքոստի հետ, եւ նշում է, որ պատվաստումների միջոցով թունավորում է «մեր երեխաների ուղեղն ու իմունային համակարգը»:

Անվտանգ են արդյո՞ք «Գարդասիլ» եւ «Ցերվարիքս» պատվաստանյութերում առկա ալյումինի ադյուվանտները
 
Հաջորդ պնդումը, որին, ցավոք, հաճախ հղում են տալիս մի քանի հայ բժիշկներ,  այն է, որ «պատվաստանյութերում առկա ալյումինի ադյուվանտներն անվտանգ չեն, ունեն բիոկայունություն եւ կարողանում են տեղաշարժվել գլխուղեղ՝ առաջացնելով նյարդաբանական լուրջ բարդություններ»:

Վերը նշված փաստերում արդեն քննարկեցինք, թե ալյումինի ադյուվանտի վերաբերյալ ուսումնասիրությունների մի զգալի մասն ինչ ֆինանսական աջակցությամբ են իրականացվել, եւ ինչ քննադատության են ենթարկվել գիտական հանրության կողմից: Հատկանշական է, որ վերը նշված ուսումնասիրությունների, որն է՝ ալյումինի ադյուվանտի եւ աուտիզմի կամ ուղեղի այլ խնդիրների վերաբերյալ կատարած եզրակացությունների մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խորհրդատվական կոմիտեն (World Health Organization’s (WHO) Global Advisory Committee) նույնպես ոչ արժանահավատ է որակում կատարված ուսումնասիրությունները՝  նշելով հետազոտություններում թույլատրված մեթոդաբանական սխալները:


Առողջապահության համաշխարհային կազմակերպության Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խորհրդատվական կոմիտեի 2012թ. Հունիսի 6-7 հանդիպման մասին զեկույցում կարդում ենք, որ Կոմիտեն քննարկելով պատվաստումների առաջ բերած հավանական խնդիրները, արված հրապարակումներն ու ուսումնասիրությունները, տալիս է եզրակացություն առ այն, որ պատվաստանյութերը, որոնք պարունակում են ալյումինի ադյուվանտներ, անվտանգ են եւ չեն առաջացնում խնդիրներ անգամ հղիների եւ նորածին երեխաների մոտ:

 Ի՞նչ է ալյումինի ադյուվանտը

Ալյումինի տարբեր միացություններ բժշկության մեջ լայնորեն օգտագործվում են որպես պատվաստանյութերի իմունոլոգիական ադյուվանտներ, կոպիտ ձեւակերպմամբ՝ ալյումինի ադյուվանտները ալյումինի միացություններ են, որոնք պատվաստանյութերում օգտագործվում են որպես իմունախթանիչներ` թույլ են տալիս պատվաստումում պարունակվող հակածնի փոքր քանակով ստանալ իմուն բավարար պատասխան:

Ալյումինի ադյուվանտները օտագործվել են ավելի քան 70 տարի միլիարդավոր պատվաստանյութերի չափաբաժիններում՝ ցուցաբերելով գերազանց անվտանգության ցուցանիշ (Butler et al., 1969; Edelman, 1980; Jefferson et al., 2004):

Պատվաստանյութում օգտագործվող եւ մարդուն թույլատրելի ալյումինի ադյուվանտի առավելագույն քանակը Միացյալ Նահանգներում  0.85 միլիգրամն է մեկ չափաբաժնում, իսկ լիցենզավորված պատվաստանյութում ալյումինի ադյուվանտի թույլատրելի քանակը 0.125 -ից մինչեւ 0.85 միլիգրամ չափաբաժին Aluminum salts in vaccines—US perspective: Ալյումինը նաեւ ամենատարածված մետաղն է, որը առկա է շրջակա միջավայրում եւ ամենահաճախն է հանդիպում սննդում եւ ջրում:

Կարո՞ղ են արդյոք «Գարդասիլ» եւ «Ցերվարիքս» պատվաստանյութերն ազդել մարդու վերարտադրողական ֆունկցիայի վրա՝ առաջացնելով անպտղություն

2016 թ. Ամերիկյան մանկաբույժների քոլեջի «Նոր մտահոգություններ մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութի մասին» զեկույցում մտահոգություն է հայտնում, որ «Գարդասիլը» կարող է ասոցացվել հազվադեպ պատահող, բայց շատ լուրջ խնդիր հանդիսացող՝ մարդու ձվարանների վաղաժամ անբավարարության (premature ovarian failure POF) հետ:


(Այստեղ անհրաժեշտ է նշել, որ Ամերիկյան մանկաբույժների ակադեմիան, որը պարբերաբար հերքում է Ամերիկյան մանկաբույժների քոլեջի տարբեր հրապարակումներ, խորհուրդ է տալիս պատվաստել 11-12 տարեկան երեխաներին՝ ապահովագրելով նրանց հետագա վարակումներից: Ամերիկյան մանկաբույժների ակադեմիան, որն աշխարհի հեղինակավոր մանկաբուժական կազմակերպություններից մեկն է, արդյունավետ ու անվտանգ է որակում շուկայում առկա Գարդասիլ, Ցերվարիքս եւ Գարդասիլ-9 պատվաստանյութերը HPV Vaccine Recommendations):

Քոլեջի մտահոգության աղբյուրը 2013-ին հրապարակված «Մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութ եւ ձվարանների վաղաժամ անբավարարություն. Ադյուվանտի պատճառով առաջացած աուտոիմուն/բորբոքային համախտանիշի այլ կողմը» հոդվածն է, որն այն մասին է, թե ինչպես երեք երիտասարդ աղջիկներ, որոնք ստացել են մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստում, ունեցել են ձվարանների վաղաժամ անբավարարություն: Կատարված ուսումնասիրության համահեղինակներից մեկը դարձյալ Բրիտանական Կոլումբիայի համալսարանի հետազոտող Լուսիա Տոմլենովիչն է, իսկ ուսումնասիրության ֆինանսական աջակցությունն իրականացվել է Դվոսկին հիմնադրամի կողմից: 

Ուսումնասիրության «մեթոդ» բաժնում կարդում ենք, որ հավաքագրվել են տվյալներ երեք երիտասարդ աղջիկների մասին, որոնց մոտ գրանցել է երկրորդային դաշտանադադար՝ ՄՊՎ-ի դեմ պատվաստումից հետո: Վերլուծվել են պատվաստանյութի տիպը, քանակը, անձնական, կլինիկական եւ շիճուկաբանական հատկանիշները, վերլուծվել են նաեւ բուժման ռեակցիաները:

Չնայած ֆինանսավորմանը, դեպքերի, որն է՝ ձվարանների վաղաժամ անբավարարության եւ պատվաստումների միջեւ պատճառահետեւանքային կապը հաստատելու համար չի իրականացվել լաբորատոր հետազոտություն, սակայն «եզրակացություն» բաժնում հետազոտողները գրում են, որ փաստաթղթավորել են ապացույցներ, որ մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը կարող էր առաջացնել աուտոիմունային վիճակ՝ առաջացնելով հաշմանդամություն: Նրան նաեւ նշում էին, որ նման դեպքերի աճող քանակը եւ պատվաստանյութի ոչ երկարաժամկետ կլինիկական առավելության հաստատումը ՄՊՎ հանդեպ հանդիսանում է հանրային առողջապահության հարց եւ պահանջում է հետագա մանրակրկիտ հետազոտություն:


Հաջորդ հետազոտությունը, որ օգտագործվել է Ամերիկյան մանկաբույժների քոլեջի զեկույցում «Մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստմանը հետեւած ձվարանների վաղաժամ անբավարարություն պատանիների մոտ: Ընդհանուր պրակտիկայում դիտարկվող դեպքերի շարք» հետազոտությունն է:

Ուսումնասիրությունը՝ վերնագրված դեպքերի շարք, անդրադարձել է միայն երեք 16, 18 եւ 16 տարեկան աղջիկների դեպքերին, որոնց մոտ ձվարանների վաղաժամ անբավարարությունը գրանցվել է պատվաստումից հետո: Հետազոտողները, չներկայացնելով որեւէ փաստարկված հիմնավորում եւ չկատարելով որեւէ աղբյուրի հղում, նշում են, որ «մինչ եւ հետ արտոնագրային ժամանակահատվածում կատարած հետազոտությունները ունեն ոչ բավարար հիմնավորում այն մասին, թե պատվաստանյութն անվտանգ է ձվարանների համար»:

Երրորդ հետազոտությունը, որն օգտագործվել է Ամերիկյան մանկաբույժների քոլեջի կողմից, վերնագրված է «Առնետների մոտ պտղաբերության եւ պտղի զարգացման վրա տոքսիկ ազդեցության բացակայություն  ՄՊՎ քառավալենտ պատվաստումից հետո»: Հետազոտություն իրականացվել է լաբորատոր պայմաններում, երկու խումբ առնետների մասնակցությամբ, որոնց ներարկվել է մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութի մարդու ամբողջական չափաբաժին: Հետազոտողները գրում են, որ լաբորատոր փորձարկումների արդյունքում գրանցված ցուցանիշները ցույց են տալիս ՄՊՎ-ի դեմ քառավալենտ պատվաստանյութը չունի ոչ մի բացասական հետեւանք լաբորատոր առնետների եւ նրանց սերունդների վրա: Չունենալով մարդու պապիլոմավիրուսի եւ մարդու ձվարանների վաղաժամ անբավարարության մասին որեւէ ապացուցողական հետազոտություն՝ Ամերիկյան մանկաբույժների քոլեջը հրապարակում է զեկույց, որում մտահոգություն է հայտնում որ «Գարդասիլ» պատվաստանյութը կարող է ունենալ ձվարանների վաղաժամ անբավարարություն առաջացնող հետեւանքներ: Այս զեկույցն էլ լայնորեն օգտագործվում է Հայաստանում մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման դեմ հանդես եկող քաղաքացիների եւ որ ավելի մտահոգիչ է, մի շարք հայ բժիշկների կողմից, որպես հիմնավորում «Գարդասիլ» եւ «Ցերվարիքս» պատվաստանյութերի անարդյունավետ ու վտանգավոր լինելու մասին:


Այս հանգամանք առավել հետաքրքիր է դառնում այն դեպքում, երբ Քոլեջն իր զեկույցն ավարտում է հետեւյալ եզրակացությամբ. «Քոլեջը հրապարակել է այս զեկույցը, որպեսզի մարդիկ, ովքեր դիտարկում եմ մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստվելու հանգամանքը, տեղյակ լինեն խնդիրների մասին, չնայած համոզիչ ապացույցներ ձվարանների դիսֆունկցիայի կամ վաղաժամ անբավարարության եւ պատվաստման միջեւ պատճառահետեւանքային կապ չկա»:
 
Անվտանգ են արդյո՞ք մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութերը՝ «Գարդասիլ» եւ երկվալենտ «Ցերվարիքս»

2006-ին ավելի քան 270 միլիոն դեղաչափ պատվաստանյութ է օգտագործվել մարդու պապիլոմա վիրուսի դեմ: Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խորհրդատվական կոմիտեն պատվաստանյութերի անվտանգության հարցն ուսումնասիրել է առաջին անգամ 2007, այնուհետեւ 2008, 2009, 2013, 2014, 2015 թվականներին: Սկզբնական փուլում կոմիտեին հաղորդվել են ահազանգեր այն մասին, որ գրանցվել են անաֆիլակսիաներ եւ ուշագնացություններ:

Անաֆիլակսիայի ռիսկը կանխորոշվել է մոտավորապես 1,7/1,000,000, իսկ ուշագնացությունները պատճառաբանվել են հետներարկումային սթրեսային վիճակներով: Որեւէ այլ անբարենպաստ հետպատվաստումային արդյունքներ չեն գրանցվել: Այս մասին ասվում է Համաշխարհային առողջապահության կազմակերպության Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խորհրդատվական կոմիտեն 2017 թվականի հունիսին կայացած հանդիպման հաղորդագրությունում:

71 երկրում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Գերմանիայում, Միացյալ Թագավորությունում, Դանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Ավստրալիայում եւ այլն, կազմվել է ՄՊՎ-ի դեմ պատվաստումների ազգային օրացույց: Մարդու պապիլոմա վիրուսի դեմ այսօր շուկայում առկա են քառավալենտ «Գարդասիլ» (արտադրող՝ Merck & Co.) եւ երկվալենտ «Ցերվարիքս» (GlaxoSmithKline) անվանումներով պատվաստանյութերը: Պատվաստումների նպատակն է պաշտպանել օրգանիզմը պապիլոմավիրուսի 6, 11, 16 եւ 18 շճատիպերից, որոնք ունեն օնկոգեն հատկություն եւ առաջացնում են սեռական կոնդիլոմաների արգանդի պարանոցի քաղցկեղ:

Սույն ուսումնասիրության նպատակն էր աղբյուրների ճշտման եւ ֆինանսական հոսքերի հետազոտման միջոցով հասկանալ ՄՊՎ-ի դեմ կատարվող պատվաստանյութերի վտանգավոր կամ անվտանգ լինելը: Աղբյուրների ստուգման արդյունքում չհանդիպեցինք գեթ մեկ հետազոտության, որը կապացուցեր պատվաստանյութի եւ պատվաստված մարդու մոտ գրանցված առողջական խնդիրների պատճառահետեւանքային կապը:

Հետեւաբար, պնդումներն այն մասին, որ Գարդասիլը վտանգավոր է եւ առաջացնում է մահ, անպտղության, աուտոիմուն կամ այլ խնդիրներ, հիմնավոր չեն եւ չեն համապատասխանում իրականությանը: Հետազոտությամբ փորձեցինք  ցույց տալ նաեւ, որ ահազանգ պարունակող հրապարակումներն անաչառ չեն կարող դիտարկվել, քանի որ ֆինանսավորվում են հատուկ հակապատվաստումային ֆոնդերի կողմից:

Արփի Մախսուդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am