«Լիդիանի» միջոցներով վերազինվել է Վայքի հիվանդանոցը - Mediamax.am

8663 դիտում

«Լիդիանի» միջոցներով վերազինվել է Վայքի հիվանդանոցը


Լուսանկարը` Լիդիան Արմենիա

Լուսանկարը` Լիդիան Արմենիա

Լուսանկարը` Լիդիան Արմենիա

Լուսանկարը` Լիդիան Արմենիա


Երեւան: Մեդիամաքս: «Լիդիան Արմենիա» ընկերության աջակցությամբ դեկտեմբերի 13-ին Վայքի հիվանդանոցում պաշտոնապես բացվել է վերանորոգված եւ բժշկական տեխնիկայով վերազինված նոր վիրահատարանը, գործարկվել է հիվանդանոցային պահանջներին հարմարեցված վերելակը:

«Լիդիան Արմենիայի» ներկայացուցիչների խոսքով՝ ընկերությունը հատուկ հոգածություն ունի առողջության եւ անվտանգության մշակույթի հանդեպ, եւ մինչ Ամուլսարի հանքի շահագործումը նախաձեռնել է Վայքի հիվանդանոցի վերազինումը, քանի որ այն ընկերության աշխատակիցների առաջին շտապ բուժօգնության համար ամենահարմար բժշկական հաստատությունն է։

Լուսանկարը` Լիդիան Արմենիա

Հիվանդանոցի պայմանների բարելավման համար ընկերությունը ներդրել է $ 100 հազար։

 

«Լիդիան Արմենիան» հոգացել է նաեւ բուժանձնակազմի կարողությունների բարելավման մասին։ Առաջիկայում Երեւանում մասնագիտական վերապատրաստում են անցնելու հիվանդանոցի չորս մասնագետներ, որոնք կկատարելագործեն իրենց մասնագիտական հմտությունները։

 

Ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը, ծանոթանալով հիվանդանոցի նոր պայմաններին, նշել է, որ «Լիդիանի» համար հատուկ կարեւորություն ունեն այն ներդրումները, որոնք միաժամանակ ծառայում են Ամուլսարի հանքավայրի կարիքներին եւ նպաստում են հարակից համայնքների կենսապայմանների բարելավմանը:

Լուսանկարը` Լիդիան Արմենիա

«Լիդիանը ակնկալում է Վայքի հիվանդանոցի հետ ունենալ շարունակական համագործակցություն: Այսօր արդեն այս վերազինված բուժհաստատությունից կարող են օգտվել ոչ միայն Ամուլսարի աշխատակիցները, այլեւ տարածաշրջանի բոլոր բնակիչները»,- ասել է Հայկ Ալոյանը:

 

«Լիդիան Արմենիա» ընկերության բուժծառայության ղեկավար Վիգեն Տատինցյանն էլ ընդգծել է, որ  Լիդիանում առողջության եւ անվտանգության պահանջները շատ խիստ են։

«Ընկերության նպատակն է հնարավորինս նվազեցնել պատահարների եւ աշխատանքային վնասվածքների ռիսկը: Ամուլսարում շինարարության սկզբից ի վեր լուրջ վնասվածքներ չեն արձանագրվել, այդուհանդերձ, պատասխանատու ընկերությունը միշտ պետք է պատրաստ լինի տարբեր իրավիճակների, եւ Վայքի հիվանդանոցի վերազինումը հենց այդ նպատակն է հետապնդում»,- ասել է նա:

 

Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ռոբերտ Ասլանյանն ասել է, որ հիվանդանոցը, վերջապես, հնարավորություն ունի ժամանակակից սարքավորումներով բուժսպասարկում իրականացնել։

Լուսանկարը` Լիդիան Արմենիա

«Մեր հիվանդները շատ հաճախ ստիպված էին լինում ամենափոքր խնդրի համար հասնել մայրաքաղաք, իսկ այսօր մենք ի վիճակի ենք լիարժեք սպասարկել նրանց»,-ասել է բժիշկը։

 

Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը՝ կարեւորելով կատարված աշխատանքը նշել է, որ նոր սարքավորումները կնպաստեն համայնքի բնակիչների առողջության բարելավմանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին