Հաղթելով քաղցկեղը երազանքով. կապույտ թռչուններ, որ պետք է թռչեն - Mediamax.am

13600 դիտում

Հաղթելով քաղցկեղը երազանքով. կապույտ թռչուններ, որ պետք է թռչեն


Լիանա Ասոյանը եւ Ջուլյա Բարսեղյանը
Լիանա Ասոյանը եւ Ջուլյա Բարսեղյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` «Երազանք» նախագիծ

Լուսանկարը` «Երազանք» նախագիծ


Յուրաքանչյուր երեխային հարկավոր է սուպերհերոս, որը կիրականացնի իր ամենանվիրական երազանքը: Նման եզրահանգման են եկել ընկերուհիներ Ջուլյա Բարսեղյանը եւ Լիանա Ասոյանը, որոնք կյանքի են կոչել  «Երազանք» բարեգործական նախագիծը. այն ուղղված է քաղցկեղով հիվանդ երեխաների երազանքների իրականացմանը:

 

Ինչպես ամեն ինչ սկսվեց

 

Մեկ տարի առաջ Լիանան համացանցում պատահաբար տեսավ մի գրառում այն մասին, որ քաղցկեղով տառապող 3-ամյա տղային չի հաջողվել փրկել, եւ նա Նոր տարվա նախաշեմին մահացել է:

 

«Երեւի հենց այդ ժամանակ ես գիտակցեցի, որ այդ ամենը գոյություն ունի, եւ դրանից չես փախչի: Կան երեւույթներ, որոնք չենք կարող ո՛չ բացատրել, ո՛չ էլ կանխել՝ դրանց դեմ հարկավոր է պայքարել»,- ասում է Լիանան:

 

Իր մտերիմ ընկերուհի Ջուլյայի հետ Լիանա հորինեց  այդ սարսափելի հիվանդության դեմ պայքարի սեփական բանաձեւը՝ իրականացնել երեխաների ամենանվիրական, երբեմն էլ՝ շատ չնչին եւ զվարճալի ցանկությունները:

 

«Երեխաների ժպիտը եւ փայլող աչքերը տեսնելու համար ահռելի գումարներ հարկավոր չեն: Գունազարդում, տիկնիկ, զգեստ…Ցանկացած փոքրիկ նվեր կարող է ուրախացնել նրանց»,- կարծում է Ջուլյան եւ մի զավեշտալի դեպք հիշում. հարցին, թե ինչ կցանկանար ստանալ, 6-ամյա Թամարան առանց երկար մտածելու պատասխանել է՝ շպրոտ: Հետո պարզվել է, որ աղջնակը վատ է սնվում, իսկ շպրոտը նրա սիրելի ուտելիքն էր: Ինչպես եւ խոստացել էին, Թամարայի ցանկությունը կատարվեց. նա ստացավ կարմիր ժապավենով կապված շպրոտի պահածո եւ շատ ուրախացավ:

 

Ոգեշնչման աղբյուրները

 

Էներգիայի եւ ոգեշնչման ահռելի լիցքեր Լիանա եւ Ջուլյան ստանում են հենց այն երեխաներից, որոնց հետ շփվում են: Ըստ աղջիկների, չնայած փոքր տարիքին՝ երեխաները տոկունությամբ տանում են փորձությունը եւ չեն կորցնում առողջանալու հույսը:

 

«Ինձ նաեւ շատ ոգեւորեց Կոնստանտին Խաբենսկիի դասախոսությունը «Ինչպե՞ս կարող են օրինակելի անձիք օգնել համայնքներին եւ մղել նրանց գործողությունների՝ հանուն աշխարհում ամենախոցելի խմբերի» Aurora Dialogues-ի շրջանակում, որի ժամանակ մի փոքրիկ անձամբ շնորհակալություն հայտնեց դերասանին՝ ասելով, որ «քեռի Կոստյայի» հիմնադրամն օգնեց իրեն հաղթահարել հիվանդությունը»,- հիշում է Ջուլյան: 

Լուսանկարը` «Երազանք» նախագիծ

Իսկ Լիանան հիշում է մի տեսանյութ, որում քաղցկեղով հիվանդ 5-ամյա Սոնյան դուրս եկավ բեմ եւ երգեց իր կուռքի՝ երգչուհի Դիանա Արբենինայի հետ միասին.

 

«Ինձ շատ էր հուզել այդ պատմությունը: Սկսեցի փնտրել աղջկան սոցցանցերում եւ պարզեցի, որ նա ապաքինվել է: Դա ինձ հավատ ներշնչեց, որ երազանքի իրականացումը կարող է շատ բան փոխել»:

 

Ամենադժվարը

 

Աղջիկների խոսքով՝ չնայած մանր խնդիրներին եւ խոչընդոտներին, որոնք ծագում են կազմակերպչական հարցերում, ամենադժվարը հույզերը կառավարելն է:

 

«Հնարավոր է, որ մեզ պակասում է էմոցիոնալ սպառումը եւ դատարկությունը հաղթահարելու համար անհրաժեշտ դիմադրողականությունը»,- խոստովանում է Լիանան:

 

Այս դժվարությանն աղջիկներն առաջին անգամ առերեսվեցին, երբ ծանոթացան 9-ամյա Արփիի հետ, որը տառապում էր 4-րդ աստիճանի Յուինգի սարկոմայով: Բժիշկներն ասել էին, որ աղջնակի մոտ ապաքինման հույսեր չկան, եւ դադարեցրել էին բուժումը: Արփին երազում էր հանդիպել երաժիշտ, հումորիստ եւ դերասան Գարիկ Պապոյանի հետ եւ նրա ձեռքից կիթառ ստանալ: Մի քանի օրում աղջիկներին հաջողվեց կիթառ գտնել, կապ հաստատել Գարիկի հետ եւ կազմակերպել անակնկալը:

 

«Գլխումս անընդհատ հնչում էր նրա մոր խոսքը, որ բժիշկները քիչ ժամանակ են տվել: Այն մի քանի օրվա ընթացքում, երբ մենք զբաղվում էինք անակնկալը կազմակերպելով, ես անընդհատ արթնանում էի մտքով, որ գուցե չհասցնենք: Վախենում էի զանգահարել աղջկա մորը եւ ի պատասխան լսել, որ ուշացել ենք»:

 

Բարեբախտաբար, անակնկալը ստացվեց: Սակայն դա Արփիի վերջին երազանքն էր: Մեկ շաբաթ անց աղջնակը մահացավ: Աղջիկները խոստովանում են, որ դրանից հետո դեռ երկար ժամանակ պահանջվեց ուշքի գալու համար: Երկակի զգացողություններ էին հետապնդում. մի կողմից՝ ուրախություն, որ հաջողվեց կյանքի կոչել երեխայի երազանքը, մյուս կողմից՝ դատարկություն եւ կորստյան վիշտ:

Լուսանկարը` «Երազանք» նախագիծ

«Յուրաքանչյուր երեխա, որի հետ մենք ծանոթանում ենք, որոշակի առումով հարազատ է դառնում: Ուժեղ կապվածություն է ստեղծվում, եւ յուրաքանչյուրի համար սկսում ես յուրովի անհանգստանալ»,- խոստովանում է Ջուլյան:

 

Վստահության եւ սրտացավության մասին

 

«Երազանք» բարեգործական նախագիծը գործարկվել է ոչ վաղ անցյալում, եւ գրառումներին հիմնականում արձագանքում են հարազատներն ու ընկերները: Սակայն Լիանան եւ Ջուլյան չեն վհատվում. նախագիծը նոր է, եւ, հնարավոր է, որ դրա մասին քիչ մարդ գիտի: Սակայն օգնելու պատրաստակամությունը եւ անձնուրաց մոտեցումը շատ են մոտիվացնում: Ամենահրաշալին այն է, որ, երբեմն, մեկ երազանքը հնարավոր է լինում լուծել մի հոգու միջոցով՝ գրառում կատարելուց հաշվված րոպեներ անց:

 

Աղջիկներն աշխատում են Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ, որտեղ դիմում են հիմնականում անապահով ընտանիքները:

 

«Մենք համեմատաբար վերջերս ենք սկսել մեր գործունեությունը եւ բաց ենք ցանկացած համագործակցության համար: Ուրախ կլինենք գտնել համախոհներ եւ շարունակել զբաղվել այս գործով»,- ասում է Ջուլյան:

 

P.S. 9-ամյա Արփիի հետ աշխատող հոգեբանը ցույց էր տվել Լիանային եւ Ջուլյային աղջնակի նկարներից մեկը: Թղթի վրա պատկերված էր մի կապույտ թռչուն, իսկ ներքեւում գրված էր «հաղթանակ»: Ցանկություն է առաջանում անել հնարավոր ամեն բան, որպեսզի այդ երեխաների կապույտ թռչունները միշտ թռչեն:

 

Սոնա Միրզոյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին