Երկու ամանորյա հեքիաթ՝ հատուկ Մեդիամաքսի ընթերցողների համար - Mediamax.am

exclusive
11754 դիտում

Երկու ամանորյա հեքիաթ՝ հատուկ Մեդիամաքսի ընթերցողների համար


Լուսանկարը` Nick Kenrick

Հովիկ Աֆյանը
Հովիկ Աֆյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Նառա Վարդանյանը՝ դստեր հետ
Նառա Վարդանյանը՝ դստեր հետ

Լուսանկարը` անձնական արխիվից


Մեդիամաքսը դիմեց երիտասարդ գրողներ Նառա Վարդանյանին եւ Հովիկ Աֆյանին՝ առաջարկելով ամանորյա հեքիաթ գրել մեր ընթերցողների համար: Սիրով ներկայացնում ենք նրանց ստեղծագործությունները:

 

Լինում է չի լինում

 

Նառա Վարդանյան

 

Լինում է չի լինում, չէ՛, լինում էր աղջիկս, որ մի մայրիկ սիրում էր ջրերին նայել, գետերի կողքին նստել, հենվել գետափի ծառերին, տխուր, թաթիկները դներ ծնոտի տակ, եղեգների հետ ճոճվել ու երգել՝ սիրունի՜կ, սիրունի՜կ, սիրունի՜կ նախշուն կաքավիկ: Հետո գալիս էին սիրուն, գույնզգույն թռչունները ու ձայնակցում էին մայրիկին, հետո գալիս էին սկյուռիկները, եղնիկները, ձագուկների հետ շարվում էին մայրիկի կողքին ու գուրգուրում, շոյում միմյանց: Արեւը փռվում էր գետի երկարությամբ՝ մայրիկը արեւի հետ խաղում էր, գծեր էր գծում, արեւը մեկ այս մեկ այն կողմ էր թռչկոտում: Հետո, երբ մթնում էր, երկնքի աստղիկներին էին գալիս մայրիկի կողքին շարվում, օրորում էին, քնում էր մայրիկը:

 

Մի անգամ, երբ էլի մայրիկը նստած գետի ափին երազում էր, գետը եղեգներին հրելով հեռուներից  բերեց մի կողով, սիրուն, ծղոտից հյուսած: Սպիտակ սավանը կողովի շուրջբոլորը կախվել էր ու թրջվել: Կողովը պտտվեց, պտտվեց ջրերի վրա ու եկավ դիպավ մայրիկի ոտքերին: Մայրիկը գլուխը բարձրացրեց ու տեսավ կողովի մեջ երկու չքնաղ աչուկ իրեն են նայում, ծիծաղկոտ, սիրուն, ժպտացող: Մայրիկը չհավատաց հրաշքին: Կանչեց սկյուռիկներին, եղնիկներին, նրանք էլ թե՝ այոո՜, բալիկ է, սիրո՜ւն է, հրա՜շք է: Գիտե՞ս ձագուկ, դու էիր էն սիրուն կողովիկի մեջ, որ Տերն ուղարկեց ինձ: Ապրե՜ս Տեր ջան:

Նառա Վարդանյանը՝ դստեր հետ Նառա Վարդանյանը՝ դստեր հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

Հետո մայրիկը գրկեց բալիկին, թռչուններին, եղնիկներին, սկյուռիկներին, արեւին ու աստղիկներին իր հետ տուն բերեց: Նրանք օգնում էին մայրիկին, խնամել քեզ: Հետո, երբ ամառն անցավ, աշունն անցավ, ու եկավ ձմեռը, դուռը թակեցին: Մայրիկը բացեց եւ տեսավ, որ գետափի ծառերից մեկը եղեւնի է դարձել ու հյուր է եկել, կանաչել, փարթամացել, սիրունացել է ու ասում է՝ աստղիկներ եկեք գրկեմ ձեզ, սկյուռիկներ եկեք գրկեմ ձեզ, սիրուն եղնիկներ, նստեք ոտքերիս տակ ու երազանք պահեք, Ամանոր է, հյուր եմ եկել: Բոլորն ուրախացան, դու տեսնեիր թե թռչուններն ինչպես էին ծլվլում, երգում, դու տեսնեիր սկյուռիկներն ինչպե՜ս էին փաթաթվել եղեւնուն: Իսկ մայրիկը երջանկացել էր ու չգիտեր ինչ անի, խենթացել, քեզ առել էր թեւերի մեջ ու պտտվո՜ւմ, պտտվո՜ւմ էր տոնածառի շուրջը:

 

***

 

Սեւ-սեւ, կապույտ-կապույտ, փաթիլ-փաթիլ

 

Հովիկ Աֆյան

 

Տղան սեւ աչքեր ուներ, սեւ եւ խոշոր: Նա երազում էր հեծանիվի մասին: Մի անգամ տեսել էր ֆիլմում ու էլ չէր մոռանում: Գիշերները, երբ փակում էր սեւ աչքերն, անմիջապես տեսնում էր հեծանիվը ու մտածում` «տեսնես ինչո՞ւ են մարդիկ իրենց երազած բանը միշտ փակված աչքերով տեսնում, այն դեպքում երբ տեսնելու համար պետք է բացել աչքերը»: Օրինակ տղայի հայրը միշտ ասում էր. «Որդիս, ապրիր բաց աչքերով», մայրը միշտ ասում էր. «Տղաս, ապրիր` ամեն բան տեսնելով»: Տղան վաղուց արդեն չէր տեսել հորն ու մորը: Մի օր որոշեցին ու գնացին Նյու Յորք ու այլեւս չվերադարձան: Տղայի ծնողների ընկերներն ասում էին, որ շուտով մենք բոլորս գնալու ենք նրանց մոտ: Տղան հարցնում էր` Նյու Յո՞րք, նրանք էլ պատասխանում էին. «Ավելի հեռու, ավելի մաքուր մի տեղ, որտեղ գնում են միայն լավագույնները»:

 

Տղան որոշել էր, որ պետք է դառնա լավագույնը: Մի անգամ նա հարցրեց. «Իսկ կարո՞ղ եմ ես առաջինը գնալ իմ ծնողների մոտ, չէ՞ որ ես ամենաշատն եմ նրանց սիրում»: Տղան այդ ժամանակ 10 տարեկան էր: Նրա ծնողների ծանոթները, որոնք տղայի աչքերի պես սեւ մորուքներ ունեին, նայեցին իրար ու ասացին. «Իսկ ինչո՞ւ ոչ: Հենց դու էլ առաջինը կգնաս»: Հետո տղային պաղպաղակ նվիրեցին` իսկական ելակով:

 

Մեկ ամիս անց էլ, ճիշտ սուրբծննդյան օրերին, տղային տարան Կոպենհագեն, ապա վրան ամրացրեցին ինչ-որ ծանր բաներ ու ասացին, որ հիմա գնում ենք Լեգո-լենդ: Տղան չգիտեր, թե Լեգո-լենդն ինչ է, տղան չգիտեր նաեւ, թե իր վրա ինչեր են ամրացրել ու ինչու են դրանք այդքան ծանր: Հետո տղային ասացին, որ հենց հասնեն Լեգո-լենդ, թողնելու են, որ նա խաղա, որքան ուզում է, պարզապես հենց հասնի կապույտ լեգոյով պատրաստված կենտրոնական պալատի մոտ, պետք է սեղմի այ այս կոճակը, ու ցույց տվեցին տղայի փորի վրայի կոճակը:

Հովիկ Աֆյանը Հովիկ Աֆյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Տղան գլխով արեց, ու ասաց. «Իսկ մայրիկի ու հայրիկի մոտ ե՞րբ կգնամ»: Ասացին, որ հենց սեղմի, այդ ժամանակ էլ կգնա: Ապա մեկը շոյեց տղայի գլուխն ու ասաց, որ հեծանիվով կգնա: Տղայի աչքերը փայլեցին, մայրիկի, հայրիկի մոտ ու հեծանիվո՞վ, ինչպես չէր երազել մինչեւ հիմա: Հետո նստեցին մեքենա ու տղան եկավ Լեգո-լենդ:

 

Տղան քայլում էր ու ոչինչ չէր մտածում, նրա աչքերը փակ չէին, բայց տեսնում էր այն, ինչի մասին երազում էր: Հետո տեսավ կապույտ պալատը, մոտեցավ: Հետո տեսավ մի աղջկա, ով կապույտ-կապույտ աչքեր ուներ, կապույտ ու խոշոր: Հետո աղջիկն էլ տղային տեսավ: Տեսավ ու ժպտաց, տղան էլ ժպտաց: Ապա աղջիկը մոտեցավ տղային ու բռնեց ձեռքը: Տղան էլ բռնեց նրա ձեռքն ու աղջիկն ասաց. «Արի վազենք ու փախչենք այստեղից»: Տղան գլխով արեց: Հետո աղջիկն ու տղան սկսեցին վազել` կապույտ պալատից շատ հեռու, տղան հոգնեց ու զգաց, որ փորին կապված ծանր բան կա, հանեց ու շպրեց: Ծանր մետաղական զանգվածն ընկավ ձյան վրա ու ոչ մի ձայն չեկավ, ոչինչ չդղրդաց, ոչինչ չպայթեց. կոճակը ոչ ոք չէր սեղմել: Հետո բոլորը, տեսնելով գետնին նետված իրը, սկսեցին փախչել, աղջկա ծնողները վազելով եկան ու գրկեցին իրենց փոքրիկին ու արագ տարան: Հետո վազելով եկան ոստիկաններն ու տղային բռնեցին: Տղան ոչինչ չէր հասկանում, ու երջանիկ ժպտում էր, երբ իրեն ոստիկանություն էին տանում հեծանիվով: «Հիմա հայրիկի ու մայրիկի մոտ ենք գնում», մտածեց տղան ու ավելի լայն ժպտաց: Իսկ երեկոյան, երբ հեռուստացույցով ցուցադրեցին տղայի լուսանկարը, կապույտ-կապույտ աչքերով աղջիկը նայեց ու ինքն էլ ժպտաց…

 

Հաջորդ օրը սուրբծննդյան առավոտն էր ու Կոպենհագենում ձյուն էր գալիս` մեծ-մեծ, փաթիլ-փաթիլ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին