Փորձագետները հրաժարվել են մասնակցել Ամուլսարի քննարկմանը - Mediamax.am

3951 դիտում

Փորձագետները հրաժարվել են մասնակցել Ամուլսարի քննարկմանը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: «Լիդիան Արմենիա»-ն հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ քիմիական/էկոլոգիական ինժեներ Հարութ Բրոնոզյանը եւ նրա կողմից պատվիրված Ամուլսարի բնապահպանական ազդեցության վերաբերյալ զեկույցների հեղինակները հրաժարվել են մասնակցել մասնագիտական քննարկմանը:

«Սա անսպասելի էր, հաշվի առնելով, որ այս հանդիպումը ՀՀ բնապահպանության նախարարությունը նախաձեռնել էր իրենց խնդրանքով: Նախարարությունը դիմել էր «Լիդիան Արմենիա»-ին՝ մեր մասնագետների մասնակցությունն ապահովելու համար: Պատրաստակամ լինելով շահագրգիռ կողմերի հետ երկխոսության եւ բոլոր մտահոգություններին պատասխանելու, «Լիդիան»-ը ընդունել էր քննարկմանը մասնակցելու հրավերը: Նախարարության առաջարկով բոլոր կողմերը համաձայնության էին եկել հանդիպել Երեւանում՝ հունվարին: Սակայն հետագայում Հարութ Բրոնոզյանն իր փորձագետների անունից հրաժարվել է մասնակցել հանդիպմանը»,- ասված է հաղորդագրությունում:

 

Ընկերությունում նշել են, որ խնդրո առարկա զեկույցներին ծանոթանալուց հետո «Լիդիան»-ի համար ակնհայտ էր, որ դրանցում առկա են երկրաքիմիայի եւ ժամանակակից լավագույն փորձի հիման վրա մեղմացման միջոցառումների վերաբերյալ գիտելիքների հիմնարար բացեր, մինչդեռ այս խնդիրները ներկայացվել են Ամուլսարի ԲՍԱԳ-ում եւ բազմաթիվ հանրային լսումներում: «Լիդիան Արմենիա»-ի փորձագետները մանրամասն գրավոր պատասխանել են Ամուլսարի բնապահպանական կառավարման վերաբերյալ զեկույցներում առկա հարցերին այստեղ եւ այստեղ:

 

«Մեր փորձագետները վստահ են, որ Ամուլսարի համար նախագծված են միջազգային լավագույն փորձի համապատասխան կառավարման մեխանիզմները եւ ապացուցել են այս պնդումը: Այդ իսկ պատճառով, չշեղվելով նախնական պայմանավորվածությունից, հունվար ամսվա ընթացքում բնապահպանական կառավարման ոլորտում միջազգային ճանաչում ունեցող Global Resource Engineering ընկերության հեղինակավոր փորձագետ Լարրի Բրեքենրիջը ՀՀ բնապահպանության նախարարությանը կներկայացնի Ամուլսարում միջազգային լավագույն փորձի կիրառման մանրամասները:

 

Ամուլսարի ծրագիրը լիովին համապատասխանում է օրենսդրական պահանջներին, ավելին՝ կիրառում է  բնապահպանական կառավարման խիստ միջազգային չափանիշներ: Ծրագիրն այժմ գտնվում է շինարարության եզրափակիչ փուլում: «Լիդիան»-ը վստահ է, որ Ամուլսարի ծրագիրը կարեւոր դեր է ունենալու Հայաստանի տնտեսական զարգացման մեջ, միաժամանակ հանքարդյունաբերության բնապահպանական եւ սոցիալական կառավարման ոլորտ բերելով նոր չափանիշներ»,- ասված է հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին