Փորձագետը պատասխանել է Ամուլսարի վերաբերյալ մտահոգող հարցերին - Mediamax.am

5183 դիտում

Փորձագետը պատասխանել է Ամուլսարի վերաբերյալ մտահոգող հարցերին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Միջազգային անկախ փորձագետ, բնապահպանական ճարտարագետ Լարրի Բրեքենրիջը հունվարի 12-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում նախարար Արծվիկ Մինասյանին, փոխնախարար Էրիկ Գրիգորյանին եւ նախարարության փորձագետներին ներկայացրել է Ամուլսարի ծրագրում բնապահպանական կառավարման մանրամասները:

Անկախ փորձագետը եւս մեկ անգամ վերահաստատել է, որ Ամուլսարի հանքում չկան անկառավարելի ռիսկեր, եւ այն կառուցվում եւ շահագործվելու է ժամանակակից լավագույն փորձի կիրառմամբ:

 

«Լիդիան Արմենիա»-ում նշել են, որ 3 ժամ տեւած հանդիպման ընթացքում հնչել են ծրագրի հետ կապված խնդրահարույց հարցեր, այդ թվում՝ Սեւանի եւ այլ ջրային ռեսուրսների վրա ազդեցության եւ թթվային ապարների դրենաժի կառավարման վերաբերյալ մտահոգությունները: Փորձագետը նշել է, որ թթվային դրենաժը առկա է բնական պայմաններում եւ խնդիր է հանդիսանում ոսկու, արծաթի եւ պղնձի շատ հանքավայրերում: Այդքանով հանդերձ, միջազգային փորձը թույլ է տալիս այդ խնդիրը հաջողությամբ կառավարել: Ընդ որում, պայմանավորված բնական առանձնահատկություններով եւ այն հանգամանքով, որ հանքաքարը լիովին օքսիդացված է, իսկ դատարկ ապարների միայն մի մասն է պոտենցիալ թթվագոյացնող, Ամուլսարում թթվային դրենաժի խնդիրը շատ ավելի մեղմ է, քան արդյունավետ կառավարվող բազմաթիվ այլ ժամանակակից հանքերում:

 

Ներկայացվել է կառավարման մանրամասն նախագիծը, որն Ամուլսարում ավելի քան 7 տարի իրականացված հետազոտական աշխատանքների արդյունք է: Այն ապահովում է շրջակա բոլոր ջրային ռեսուրսների արդյունավետ պաշտպանություն: Հետազոտությունը ցույց է տալիս, որ Ամուլսարի ծրագիրը ջրի որակի վրա բացասական ազդեցություն չի ունենա: Դրա երաշխիքն են աղտոտման կանխարգելման ակտիվ միջոցառումները եւ ջրի կառավարման ամենաժամանակակից մեթոդները, այդ թվում՝ հանքի տարածքի ջրերի շարունակական կիրառումը տեխնոլոգիական գործընթացում: Լարրի Բրեքենրիջը ներկայացրել է կառավարման նմանօրինակ տարբերակներ Միացյալ Նահանգների հանքերից: 

 

Մասնագիտական հանդիպումը նախատեսվում էր անցկացնել «Լիդիան»-ի ներկայացուցիչների եւ վերջերս հրապարակված Ամուլսարի ծրագրի քննադատական զեկույցների հեղինակների միջեւ: Վերջիններս, սակայն, չնայած նախնական համաձայնությանը, հրաժարվել են մասնակցել մասնագիտական քննարկմանը: Հանդիպմանը ծրագրի քննադատներից ներկայացել էր միայն Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը, որը սակայն լքել է դահլիճը հանդիպման  սկզբից՝ առանց տեսակետ հայտնելու: 

 

Լարրի Բրեքենրիջն Ամերիկյան Global Resource Engineering ընկերության փորձագետ է, կանադական օրենսդրության համապատասխան որակավորված մասնագետ (QP): Այս կոչումն ունեցող մասնագետների տեսակետները ունեն իրավական ուժ եւ տեխնիկատնտեսական հաշվետվություններում ու Կանադայի արժեթղթերի եւ բորսայի հանձնաժողովի կողմից պահանջվող այլ փաստաթղթերում ընդունվում են որպես հիմք: Լարրի Բրեքենրիջը ունի տարբեր երկրներում հանքերի բնապահպանական կառավարման 20 տարվա փորձառություն, բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է: Նա մեկն է միջազգային ճանաչում ունեցող փորձագետներից, որոնք մասնակցել են Ամուլսարի ծրագրի բնապահպանական կառավարման նախագծի մշակմանը եւ իրագործմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին