ՀՀ խորհրդարանը ճանաչել է 2014թ. եզդիների ցեղասպանությունը Իրաքում - Mediamax.am

10771 դիտում

ՀՀ խորհրդարանը ճանաչել է 2014թ. եզդիների ցեղասպանությունը Իրաքում


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային ժողովն այսօր ձայների 91 կողմ եւ 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014թ. իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» նախագիծը։

Այն խորհրդարանի հաստատմանն էին ներկայացրել պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը (ազգությամբ` եզդի), ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Նախաձեռնությանը միացել էին նաեւ «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները:

 

Ռուստամ Մախմուդյանը, ներկայացնելով նախագիծը, կոչ էր արել «ոչ միայն դատապարտել եզդի ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանությունը, այլեւ միջազգային կառուցակարգերի միջոցով հետաքննել կատարված հանցագործությունները, հետապնդել եւ պատասխանատվության ենթարկել միջազգային հանցագործություն կատարած մարդկանց եւ ձեռնարկել քայլեր՝ ապագայում նման դրսեւորումները կանխելու համար»։

 

Նախքան քվեարկության մեկնարկը ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանն էլ կոչ էր արել բանաձեւում օգտագործել «ճանաչում» բառը:

 

«Ոչ մի ցեղասպանության ճանաչման բանաձեւում «ճանաչում» բառը չի օգտագործվում, մենք շատ երկրների մեղադրում ենք ընտրովի վերաբերմունքի մեջ, մենք էլ նույնը չանենք ու ամբողջությամբ դատապարտենք»,- ասել էր Սամվել Ֆարմանյանը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին