Գարեգին Բ-ն Առաջին Հանրապետությանը նվիրված կոնդակ կհրապարակի - Mediamax.am

exclusive
5711 դիտում

Գարեգին Բ-ն Առաջին Հանրապետությանը նվիրված կոնդակ կհրապարակի


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Փետրվարի 8-ին՝ Սուրբ Վարդանանց տոնին, կհրապարակվի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի կոնդակը՝ Առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով:

Մայր Աթոռում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը ծրագրելու, կազմակերպելու եւ համակարգելու է եկեղեցական կառույցների կողմից իրականացվող միջոցառումերը:

 

Դրանց մեկնարկը տրվելու է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակով:

 

«Այն կարեւոր ուղղորդիչ պատգամներ կբովանդակի այսօրվա մեր կյանքի համար, թե ինչպիսի դասեր պետք է քաղենք առաջին Հանրապետության կարճատեւ գոյապայքարից եւ մայիսյան հերոսամարտերից: Հենց այս խորհրդով է, որ կոնդակի հրապարակումը ծրագրվում է Ս. Վարդանանց զորավարների տոնին` փետրվարի 8-ին: Այս հոբելյանի եւ տոնի խորհուրդները մեկ ընդհանրություն ունեն`ցույց տալ մեր ժողովրդի միասնականությունն ու հաստատակամությունը հանուն ազատության ու անկախ պետականության, գոյամարտ հանուն ինքնության պահպանման եւ ապագայի տեսիլքի»,- Մեդիամաքսին ասել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

 

Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով  Մայր Աթոռի կառույցները՝ կրթական, գիտական, մշակութային հաստատությունները,  իրականացնելու են մի շարք միջոցառումներ:

 

Մասնավորապես, բացվելու է «Ս. Էջմիածինը մայիսյան հերոսամարտերին եւ Հայաստանի Ա. Հանրապետության տարիներին» արխիվային վավերագրերի եւ նյութերի ցուցահանդեսը, լույս են տեսնելու այդ շրջանին վերաբերող մենագրություններ, ուսումնասիրություններ, ինչպես նաեւ 1914-1920 թթ. վավերագրերի երկու հատորները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին