«Ավրորա»-ն շարունակում է աջակցել Մատենադարանին - Mediamax.am

4824 դիտում

«Ավրորա»-ն շարունակում է աջակցել Մատենադարանին


Լուսանկարը` Ավրորա


Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը $ 20 000-ի նոր դրամաշնորհ է տրամադրել Մատենադարանին՝ զբոսավարների եւ երիտասարդ գիտաշխատողների մասնագիտական զարգացմանն ուղղելու նպատակով:

Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը տրամադրված դրամաշնորհով կազմակերպում է մասնագիտական զարգացմանն ուղղված դասախոսություններ զբոսավարների եւ երիտասարդ գիտնականների համար՝ նպաստելու հայկական ժառանգության ներկայացմանը, պահպանմանը եւ սերունդներին փոխանցմանը:

 

«Մասնագիտական զարգացումը եւ գիտելիքների խորացումը Մատենադարանի առաջնահերթ եւ կարեւորագույն խնդիրներից մեկն է: Այս ծրագիրը կնպաստի երիտասարդ զբոսավարների եւ գիտաշխատողների մասնագիտական աճին եւ հմտությոնների զարգացմանը»,- ասել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղեւոնդյանը:

 

«Մատենադարանի եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջեւ համագործակցությունը հաջողությամբ նպաստում է մարդկության թողած ժառանգության մի կարեւոր հատվածի պահպանմանը»,- հավելել է նա:

 

Մատենադարանում կկազմակերպվեն ավելի քան 50 դասախոսություններ: Դասախոսություններն ընդգրկում  են ինչպես հումանիտար եւ բանասիրական, այնպես էլ Մատենադարանի անմիջական գործունեությանն առնչվող գիտակարգեր՝ միջնադարագիտություն, ձեռագրագիտություն, աղբյուրագիտություն, մատենագիտություն, ձեռագրերի, արխիվային նյութերի վերականգնում եւ պահպանում: Դասախոսությունները կանցկացվեն 2018թ. հունվար-ապրիլ եւ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, որոնց կարող են մասնակցել ինչպես Մատենադարանի գիտաշխատողները եւ զբոսավարները, այնպես էլ բոլոր հետաքրքրված անձիք:

 

«Մատենադարանը հայերի մարդասիրական ժառանգությունն ուսումնասիրելու եւ արեւմտյան քաղաքակրթության զարգացման ամենակարեւոր կենտրոններից է: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուրախությամբ շարունակում է այս կարեւոր համագործակցությունը, որը նպաստելու է այդ ժառանգության՝ աշխարհում առավել լավ ներկայացմանը եւ տարածմանը: Աջակցելով երիտասարդ գիտաշխատողների մասնագիտական զարգացմանը՝ մենք նաեւ ներդրում ենք կատարում մշակութային հարստության սերունդներին փոխանցման գործում» - ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

 

Դրամաշնորհը տրամադրվում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիշողության պահպանման Armenian Memory Act նախագծի շրջանակում, որն ուղղված է հայկական ժառանգության մասին փաստող արխիվների եւ փաստաթղթերի պահպանմանն ու գործածմանը: 2015թ. ինստիտուտը, ստանալով դրամաշնորհը, ձեռք է բերել ձեռագրերի թվայնացման հատուկ սարքավորում՝ դրանք դարձնելով առավել հասանելի հետազոտողների ու հանրության համար: Մինչ օրս թվայնացվել են  617 ձեռագրեր եւ 4327 արխիվային փաստաթղթեր:

 

2016թ. դրամաշնորհի միջոցով էլ ֆինանսավորվել է Մատենադարանի տասը զբոսավարների վերապատրաստման դասընթացը Գերմանիայում:

ՄԵԴԻԱՄԱՔՍ

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին