UWC քոլեջների ուսանողները կառաջարկեն մարդասիրական նոր նախագծեր - Mediamax.am

5311 դիտում

UWC քոլեջների ուսանողները կառաջարկեն մարդասիրական նոր նախագծեր


Լուսանկարը` «Ավրորա»


Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է իր համագործակցությունը UWC կրթական ցանցի հետ՝ նպաստելով հումանիտար խնդիրների հաղթահարմանը:

Մեկնարկել է 2018թ. «UWC դպրոցների եւ քոլեջների համար Ավրորա մարդասիրական նախագծի» հայտերի ընդունման գործընթացը։ Նախագիծը, որն ստեղծվել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ UWC (Միավորված աշխարհի քոլեջներ) կազմակերպության համագործակցության արդյունքում, բաց է UWC բոլոր 17 դպրոցների ու քոլեջների համար եւ հորդորում է ուսանողներին մշակել UWC դպրոցներին ու քոլեջներին հարակից համայնքներում դրական տեղաշարժերին նպաստող նախագծեր։

 

Հաղթող խումբը կպարգեւատրվի 4 000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհով՝ առաջադրած նախագիծն իրագործելու համար։

 

«Մենք ցանկանում ենք քաջալերել ուսանողներին հոգ տանել այն համայնքների համար, որտեղ ապրում են, եւ փորձել դրական փոփոխություններ բերել այնտեղ»,– ասել է UWC Dilijan քոլեջի հիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը. «Մեր նպատակն է UWC ցանցի ուսանողներին ու շրջանավարտներին ոչ միայն ահազանգել մարդասիրական խնդիրների հրատապության մասին, այլեւ շահագրգռել նրանց ուսումնասիրել դրանք, պատասխանատվություն վերցնել եւ լուծումներ առաջարկել՝ կիրառելով տնտեսական, սոցիալական ու շրջակա միջավայրի առումով կայուն, շարունակական եւ նորարարական մոտեցումներ»։

Լուսանկարը` UWC

Սա «UWC դպրոցների եւ քոլեջների համար Ավրորա մարդասիրական նախագծի» երկրորդ տարին է։ Առաջին տարում ծրագրին մասնակցել են UWC ցանցի այն ժամանակ դեռ 16 դպրոցներից եւ քոլեջներից 15-ը։ Նախագծի մասնակիցները ներկայացնում էին իրենց դպրոցների ու քոլեջների հարեւանությամբ առկա բազմաթիվ հումանիտար խնդիրները եւ հաճախ առաջնահերթ էին համարում տեղի համայնքների հետ անմիջական համագործակցությունը դրանց լուծման համար։

 

«UWC դպրոցների եւ քոլեջների համար «Ավրորա» մարդասիրական նախագիծն այս ցանցի բազմազան ուսանողական կազմի առջեւ խնդիր է դնում մտորել աշխարհում դրական, իմաստալից եւ կայուն փոփոխության հասնելու կոնկրետ ուղիներ գտնելու մասին»,– ասել է UWC International-ի գործադիր տնօրեն Յենս Ուելթերմանը։

 

Ներկայացված նախագծերը պետք է նկարագրեն թիմի կողմից առաջ քաշված հումանիտար կոնկրետ մի հիմնահարց, որ կապված է UWC դպրոցի կամ քոլեջի գտնվելու վայրի հետ, եւ առաջարկեն դրա մեղմացմանը կամ վերացմանը նպաստող կոնկրետ քայլեր։ Նախագծերը պետք է ձեռնարկվեն եւ ղեկավարվեն բացառապես ուսանողների կողմից։ UWC ցանցի յուրաքանչյուր դպրոց կամ քոլեջ կարող է ներկայացնել ընդամենը մեկ առաջարկ «Ավրորա» մարդասիրական նախագծին։

 

 «UWC դպրոցների եւ քոլեջների համար Ավրորա մարդասիրական նախագծի» մասին բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին