Ռուբեն Վարդանյան. Փորձում ենք գտնել «Ավրորայի» ճիշտ բանաձեւը - Mediamax.am

11517 դիտում

Ռուբեն Վարդանյան. Փորձում ենք գտնել «Ավրորայի» ճիշտ բանաձեւը


Լուսանկարը` Ավրորա


Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն ասել է, որ երկու տարվա փորձը ցույց տվեց, որ շատ հարուստ բովանդակություն ունեն, որը կարելի է ավելի լայն օգտագործել:

Այս մասին նա ասել է Արմենիա հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որի ամբողջական տարբերակը տեղադրվել է համացանցում:

 

Ռուբեն Վարդանյանն ասել է, որ սխալներն ու հաջողությունները գնահատելով՝ կարողանում են առաջ շարժվելու ավելի ճիշտ ճանապարհ գտնել:

 

«Տեսանք, որ միայն մեկ մեծ միջոցառում անելը ճիշտ չէ, պետք է ավելի շատ միջոցառումներ կազմակերպել տարբեր երկրներում: Մենք զգուշորեն ենք մոտենում այս հարցին, որովհետեւ մարդկանց մի մասը չի ընդունում, որ «Ավրորա»-ն անում ենք այս չափով ու մակարդակով: Մի մասն ասում է՝ ինչո՞ւ այդքան հայկական չէ, մյուսը՝ շատ հայկական է: Մենք փորձում ենք բալանսը պահելով՝ գտնել ճիշտ բանաձեւը, որը մեզ հնարավորություն կտա այս նախագիծն առաջ տանել, որ մարդիկ ոչ թե ձեւի, այլ բովանդակության մասին խոսեն»,- բացատրել է Ռուբեն Վարդանյանը:

 

Այդ նպատակով որոշել են «Ավրորայի երկխոսություններ» (Aurora Dialogues)  քննարկումների շարքը անցկացնել ոչ միայն Երեւանում, այլեւ՝ տարբեր երկրներում ու քաղաքներում: Առաջինը 2017 թվականի դեկտեմբերին Բեռլինում էր՝«Միլիոնավոր մարդկանց տեղաշարժ. զարգացման եւ ինտեգրացիայի անհրաժեշտություն» խորագրով:

«Գերմանիայի համար այս հարցը շատ կարեւոր է: Նրանք շատ անհանգիստ են, թե այսօր ինչ է կատարվում Գերմանիայում եւ Եվրոպայում, եւ նրանց համար շատ զարմանալի էր, որ հայերն ուզում են այդ թեմայի շուրջ քննարկումներ անել: Երկար խոսեցինք շատ բարդ հարցերի շուրջ»:

 

Ռուբեն Վարդանյանը նախաձեռնության կարեւոր ձեռքբերումներից է համարում «Ավրորա»-ի Մարդասիրության Ինդեքս հետազոտությունը, որը հնարավորություն է տալիս հասկանալ, թե տարբեր երկրներում մարդիկ ինչպես են ընկալում մարդասիրական խնդիրները:

 

Բայց «Ավրորա»-ի առաքելության կարեւոր հատվածը, ըստ Ռուբեն Վարդանյանին, դեռ նոր է սկսվում.

 

«Չմոռանանք, որ Ավրորայի դափնեկիրը ստացված գումարը տրամադրում է կազմակերպություններին, որոնք այն ուղղում են տարբեր նախաձեռնություններին: Արդեն ունենք 14 երկրներում իրականացված նախագծեր: Սա շատ կարեւոր է»:

 

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք պատրաստվում են նախաձեռնության մեջ ընդգրկել Ջորջ Քլունիի նման համաշխարհային աստղի, որն իր հետ կբերի համաշխարհային մեդիայի ուշադրությունը, Ռուբեն Վարդանյանն ասել է, որ շատ կարեւորում է Ջորջ եւ Ամալ Քլունիների մասնակցությունը ծրագրին, բայց  իրենց նպատակը աշխարհի ուշադրությունը «Ավրորա»-ի հերոսների վրա կենտրոնացնելն է:

«Մի կողմից՝ շատ կարեւոր է, որ Ջորջը եկավ եւ մասնակցեց միջոցառմանը, բայց երբեմն լրագրողների համար ավելի կարեւոր է, թե ով է Ջորջ Քլունին, ինչ է անում ու ասում, քան՝ միջոցառման բովանդակությունը: Կարեւոր է, որ մեդիայի եւ հասարակության ուշադրությունը լինի մեր հերոսների վրա: Հուսով եմ՝ Ջորջը ու իր նման մարդիկ կշարունակեն մասնակցել մեր նախագծին, բայց մենք պիտի փորձենք ավելի լավ հասկանալ, թե ինչն է շարժում Թոմ Քաթինայի կամ Մարգարիտ Բարանկիցեի պես մարդկանց, ովքեր իրենց կյանքը վտանգում են եւ անում են զարմանալի եւ աշխարհի համար շատ կարեւոր բաներ», - ասել է «Ավրորա»-ի համահիմնադիրը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին