Քաղաքապետը խոսել է ավագանու նիստի «տհաճ միջադեպի» մասին - Mediamax.am

2379 դիտում

Քաղաքապետը խոսել է ավագանու նիստի «տհաճ միջադեպի» մասին


Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը հանդիպել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ՝ քննարկելու փետրվարի 19-ին քաղաքապետարանում գրանցված միջադեպի հետ կապված լրատվամիջոցների կողմից հնչած մտահոգությունները:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ լրագրողական համայնքի մտահոգությունները փոխանցելով Երեւանի քաղաքապետին, Սաթիկ Սեյրանյանը նշել է.

 

«Ձեզ հետ հանդիպելու նախաձեռնությանս նպատակն է նախ եւ առաջ պարզաբանում ստանալ, թե ո՞րն է եղել Երեւանի քաղաքապետարանում ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքների խոչընդոտման պատճառը եւ արդյո՞ք հնարավոր չէր այլ լուծում տալ այդ իրավիճակին, որպեսզի չխոչընդոտվեր լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը:

 

Կցանկանայի նաեւ ներկայացնել լրագրողական համայնքի օբյեկտիվ անհանգստություններն ու մտահոգությունները, որոնք առաջացել են քաղաքապետարանի տարածած այն հաղորդագրության հետեւանքով, ըստ որի Ձեր հանձնարարությամբ կանոնակարգվելու է լրագրողների գործունեությունը քաղաքապետարանի շենքում:

 

Հաշվի առնելով, որ ՏԻՄ մարմինները ընտրովի մարմիններ են եւ պահանջում են կատարյալ թափանցիկություն, հաշվետվողականություն, իսկ լրատվամիջոցներն էլ այն միջնորդ օղակն են, որով հասարակությունը իրազեկվում է քաղաքապետարանի եւ ավագանու գործունեության մասին, այս հայտարարության թյուրըմբռնումը, ոչ լիարժեք իրագործումը, կարող է հասարակության եւ լրագրողական հանրության շրջանում, հաշվի առնելով ավագանու նիստում վերջերս տեղի ունեցած ծանր միջադեպը, ընկալվել որպես փորձ՝ խոչընդոտելու քաղաքապետարանի գործունեության լուսաբանումը, կոծկելով նիստերի ընթացքը, այդպիսով հետագայում խուսափելով աղմկահարույց որեւէ այլ միջադեպից»:

 

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը մեջբերում է նաեւ Տարոն Մարգարյանի խոսքը.

 

«Կարեւորում եմ մեր այս հանդիպումը, քանի որ իմ հանձնարարականից հետո, կարծես, թյուրըմբռնում եղավ լրատվամիջոցների եւ լրագրողական կազմակերպությունների շրջանում: Որոշ լրատվամիջոցներ դա մեկնաբանեցին որպես իրենց գործունեության սահմանափակում, հատկապես ավագանու վերջին նիստում տեղի ունեցածից հետո: Անկեղծ լինեմ, վերջին օրերի դեպքերը մեզ ստիպեցին նորովի կազմակերպել լրագրողների եւ քաղաքապետարանի համագործակցության ձեւաչափը, ինչը սակայն ոչ միայն չի՛ խաթարելու թափանցիկության ապահովումը, այլեւ առավել արդյունավետ է դարձնելու քաղաքապետարանի եւ ԶԼՄ-ների համագործակցությունը:

 

Ի դեպ, եթե նկատել եք, իմ հանձնարարականը վերաբերում էր առհասարակ քաղաքապետարանի անցագրային կարգին, շենքի պահպանության հարցերին, ինչպես նաեւ քաղաքապետարանի եւ լրագրողների աշխատանքի կանոնակարգմանը:

 

Ինչ վերաբերվում է փետրվարի 19-ին գրանցված միջադեպին, նշեմ, որ քաղաքապետարանի շենքը ՀՀ կառավարության կողմից սահմանված պետական պահպանության ենթակա տարածքների ցանկում է եւ, ըստ այդմ, տվյալ դեպքում չէր պահպանվել շենք մտնելու գոյություն ունեցող կարգը, ընդ որում, ոչ լրատվամիջոցների մեղքով: Սա հաշվի առնելով էլ լրատվական ծառայության պետը տեղում հայցել էր ներկա լրագրողների ներողամտությունը:

 

Մենք գնահատում եւ չափազանց կարեւորում ենք լրագրողների աշխատանքը. որոշ դեպքերում հենց նաեւ նրանց օգնությամբ են վերհանվում որոշակի խնդիրներ, ինչը, միանշանակ, անհրաժեշտ աջակցություն է քաղաքային իշխանությունների համար:

 

Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիների առջեւ: Երեւանի ավագանին էլ ընտրովի մարմին է, ու մենք պատասխանատու ենք նաեւ մեր ընտրողների առջեւ:

 

Միաժամանակ, ցավում եմ, որ մեր համաքաղաքացիները ստիպված եղան ականատեսը դառնալ Երեւանի ավագանու վերջին նիստում գրանցված տհաճ միջադեպի, ինչը հարիր չէր Երեւան քաղաքի կառավարման բարձրագույն մարմին»:

 

Հանդիպման ավարտին Երեւանի քաղաքապետն ու Հայաստանի ժուռնալիստների միության նախագահը պայմանավորվել են Երեւանի քաղաքապետարանում ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար աշխատանքների կազմակերպման պայմանների ստեղծման նախաձեռնությանը ներգրավել նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնք իրենց առաջարկներով կնպաստեն առավել թափանցիկ, հարմարավետ եւ արդյունավետ աշխատանքների կազմակերպմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին