Երեւան: Մեդիամաքս: Transparency International-ն այսօր հրապարակել է 2017թ. կոռուպցիայի ընկալման վարկանիշը, որում Հայաստանը 35 միավորով 180 երկրների շարքում կիսել է 107-110-րդ տեղերը:
Նախորդ տարի Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) 33 էր, որով այն 176 երկրների շարքում կիսում էր 113-115-րդ տեղերը:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխանցմամբ՝ նկատի ունենալով Հայաստանի ԿԸՀ-ի համար հաշվարկված ստանդարտ սխալի չափը (3.79)՝ 2016թ. համեմատությամբ Հայաստանի հանրային ոլորտի կոռուպցիայի ընկալումը 2017թ. մնացել է մոտավորապես նույնը:
Հայաստանը նախկին խորհրդային երկրներից այժմ զիջում է բալթյան երկրներին եւ Վրաստանին, որի ԿԸՀ համաթիվը հավասար է 56-ի, եւ Բելառուսին, որի ցուցանիշը 2017թ. բարելավվել է՝ 40-ից հասնելով մինչեւ 44:
Կոռուպցիայի ընկալման ցուցանիշով Հայաստանը զիջում է նաեւ Թուրքիային՝ 40 միավոր։
Հայաստանի մյուս երկու հարեւանների՝ Ադրբեջանի եւ Իրանի ԿԸՀ համաթվերը 2016-ի համեմատ բարելավվել են 1-ական միավորով՝ հավասարվելով 31-ի (Ադրբեջան) եւ 30-ի (Իրան)։
Բելառուսից բացի, ԵԱՏՄ անդամ երկրների ԿԸՀ արժեքները շարունակում են ավելի ցածր մնալ Հայաստանի ԿԸՀ արժեքից: Ռուսաստանի ԿԸՀ արժեքը մնացել է 29 միավոր (135-ից 142-րդ տեղեր): Այս տարի նրան հավասարվել է Ղրղըզստանը՝ առաջադիմելով 1 միավորով։
Transparency International-ի վարկանիշում երկրները դասակարգվում են 0-ից 100 միավորային համակարգում, որտեղ 0-ն արտահայտում է կոռուպցիայի ընկալման ամենաբարձր, իսկ 100-ը՝ ամենացածր մակարդակը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: