«Վերադարձվել է» Մաթեւոսյանի կենտրոն-թանգարանի երրորդ հարկը - Mediamax.am

3137 դիտում

«Վերադարձվել է» Մաթեւոսյանի կենտրոն-թանգարանի երրորդ հարկը


Լուսանկարը` «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամ


Երեւան: Մեդիամաքս: «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի երրորդ հարկը «վերադարձվել» է: Ըստ նախագծի՝ կենտրոնը լինելու էր եռահարկ, սակայն շինարարության ընթացքում որոշվել էր կառուցել երկու հարկ:

 

«Հրանտ Մաթեւոսյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթեւոսյանն այսօր ասել է, որ Աբովյան պուրակի հարակից տարածքում կառուցվող կենտրոնի երրորդ հարկը հաջողվել է վերականգնել Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի հետ հանդիպումից հետո:

 

Ամռանը կլրանա կենտրոն-թանգարանի շինարարության 3-րդ տարին: Դեռ հստակ չէ, թե աշխատանքները երբ կավարտվեն: Դրանից հետո էլ պարզ չէ, թե կենտրոնը երբ կգործի:

 

«Երբ քաղաքաշինության պետական կոմիտեն ու շինարարներն ասում են, որ շենքը պատրաստ կլինի, նկատի ունեն շենքը հանձնելը: Բայց դա չի նշանակում, որ նույն օրը թանգարանը կսկսի գործել: Ներքին հարդարման հսկայական ծավալի աշխատանք կա անելու, ցուցադրության նախապատրաստության խնդիր գոյություն ունի, ինչը ժամանակ է պահանջելու եւ ինչը դեռ չի նախաձեռնվել, չնայած՝ կա հայեցակարգը, որ պետք է աշխատել, պետք է մասնագետներ ներգրավել եւ, բնականաբար, պետք է ծախսեր անել: Ներքին աշխատանքների նախահաշիվ դեռ չի արվել: Եթե մենք սպասենք շենքի շինարարությունն ավարտվի, նոր սկսենք հաշվարկել, եւս մի քանի ամիս կանցնի»,- ասել է Դավիթ Մաթեւոսյանը:

 

«Հրանտ Մաթեւոսյան» մշակութային հիմնադրամի տնօրենը նշել է, որ ցանկանում են փոխել մշակութային քաղաքականության տրամաբանությունը: Կենտրոն-թանգարանը շենքից բացի, համապատասխան՝ մաթեւոսյանական միջավայր է ստեղծվելու: Շենքը շրջապատող այգին դառնալու է բուսաբանական այգի:

 

«Տերյան եւ Աբովյան փողոցները կապող մի անանուն փողոց կա: Առաջարկել ենք այն կոչել Մաթեւոսյանի անունով: Մենք ուզում ենք մաթեւոսյանական ամբողջականություն լինի՝ կենտրոնը, զբոսայգին, փողոցը»,- ասել է նա:

 

Դավիթ Մաթեւոսյանի խոսքով՝ ի սկզբանե հրաժարվել են տուն-թանգարանի գաղափարից: Մշակութային կենտրոն-թանգարանում կլինեն Հրանտ Մաթեւոսյանին պատկանող ցուցանմուշներ, բայց այն ավելի լայն գործունեություն կծավալի:

 

«Մենք միջավայր ենք ստեղծելու մշակույթ սիրող մարդկանց եւ արվեստի մարդկանց համար, որոնք այնտեղ կհավաքվեն, եւ դա իրենց օջախը կդառնա: Մենք պետք է ցուցանմուշներ ունենանք՝ առաջին հերթին շեշտը դնելով այն միջավայրի վրա, որ ինքը՝ Մաթեւոսյանն է ձեւավորել՝ տեքստի վրա: Խոսքը միայն Մաթեւոսյանի մասին չէ, այլ գրողների, գրականագետների, արվեստաբանների մի ամբողջ սերնդի, որոնք նրա ընկերներն են եղել ու ստեղծագործել են Հայաստանում եւ Հայաստանից դուրս»,- ընդգծել է «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային հիմնադրամի տնօրենը:

 

Թանգարանն ունենալու է նաեւ կացարան-արվեստանոց, որտեղ կարող են աշխատել Հայաստան եկած գրողներն ու արվեստագետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին