Արմեն Սարգսյանը` կրթության, տեսլականի եւ ազատ սերնդի մասին - Mediamax.am

3984 դիտում

Արմեն Սարգսյանը` կրթության, տեսլականի եւ ազատ սերնդի մասին


Արմեն Սարգսյանը
Արմեն Սարգսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Արմեն Սարգսյանը
Արմեն Սարգսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


ՀՀԿ-ի կողմից հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը փետրվարի 23-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Ամերիկյան համալսարանում:

 

Նա պատմել է, որ որպես անձ իր աշխարհայացքի ձեւավորման վրա մեծապես ազդել է մայրը, ով իրեն եւ քրոջը միայնակ է մեծացրել հոր մահից հետո:

 

«Ինձ վրա ազդել է նաեւ հորս ոգին, նրա կերպարը: Ինչ վերաբերում է համաշխարհային լիդերներին, ապա շատերն են եղել, որոնք ազդել են իմ մտածելակերպի վրա, բայց ես կհիշատակեմ Մահաթմա Գանդիին, ով չունենալով ռեալ քաղաքական ուժ, կարողացել է փոխել իր ժողովրդի ճակատագիրը եւ ազատագրել նրան»,- ասել է Արմեն Սարգսյանը:

 

«Իմ կյանքում ամենահիշարժան եւ հուզումնալից պահն այն էր, երբ Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի անդամ: Ես այն երեք բախտավորներից մեկն էի, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի հանդիսավոր նիստին ներկայացնում էի Հայաստանը: Մտածում էի՝ ինչ լավ կլիներ, որ հայրս տեսներ այս օրը, որի մասին փոքր տարիքից խոսում էինք եւ երազում: Մյուս հիշարժան պահը, երբ որպես ՀՀ դեսպան հավատարմագրերս էի հանձնում Թագուհուն, իսկ բրիտանական թագավորական գվարդիան մեր օրհներգն էր նվագում: Զինանշանը, դրոշն ու օրհներգը մեծ իմաստ ունեն, եւ երբ աշխատում ես այդ մեծ իմաստի համար, այդ պահերը շատ էական են դառնում»,- ասել է նա:

 

Արմեն Սարգսյանը հիմնականում խոսել է կրթության եւ ապագայի մասին: Մեդիամաքսն առանձնացրել է հանդիպմանը հնչած առավել ուշագրավ մտքերը:

 

Կրթություն անունով կարեւոր գործիքը

 

Ես ունեմ այն զգացումը, որ 21-րդ դարը հայերի դարն է: Մենք պետք է կենտրոնանաք մեկ պարզ բանի վրա՝ կրթության: Աշխարհում ցանկացած երկիր այս մարտահրավերի առաջ է կանգնած՝ լինել կիրթ, խելացի եւ զարգացած: Կարծում եմ, որ սա մեր ազգի համար նոր մեկնարկ է, մենք պետք է կենտրոնանանք կրթության, տեխնոլոգիաների վրա եւ զարգացնենք դրանք:

 

Կրթությունը շատ էական է բոլորիս համար եւ շատ էական է, որ այդ կրթությունն ունենա ուղղվածություն։ Յուրաքանչյուր երիտասարդ ու դպրոցական պետք է հստակ պատկերացնի, թե ինչ է ուզում։ Հնարավորություն ունենա լավագույն կրթությունը ստանալ եւ իմանա, թե ինչ է անելու իր կրթության հետ ավարտելուց հետո։ Այսինքն՝ ունենա հույս, հավատ իր ապագայի նկատմամբ եւ դա ունենա մեր երկրի ներսում։ Այդ դեպքում այդ երիտասարդը նվիրումով կաշխատի եւ կրթությունն արժեք կունենա։

 

Երիտասարդները չեն տեսել, թե ինչպիսին էր նախորդ դարը եւ ինչ կար այնտեղ: Ես այլ մոլորակում եմ ծնվել, այդ մոլորակի անունը Խորհրդային միություն էր: Կյանքն այլ էր, շատ բաներ սխալ էին, բայց կային բաներ, որ ճիշտ էին արվում, եւ դրանցից մեկը կրթությունն էր: Դա գաղափարախոսություն էր: Խելացի գիտնականների շնորհիվ էր, որ ԽՍՀՄ-ը, չունենալով մեծ արդյունաբերություն՝ ԱՄՆ-ի կամ Արեւմուտքի նման, կարող էր մրցել ԱՄՆ-ի հետ տիեզերագիտության կամ ռազմական գիտության մեջ: 

Արմեն Սարգսյանը Արմեն Սարգսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Իմ կարծիքով՝ այսօր զարգացման հիմնական ուղղությունը լինելու է դեպի գիտելիք, նոր տեխնոլոգիաներ: Ինչ վերաբերում է այդ նոր տեխնոլոգիաների հետեւանքով մարդկանց աշխատանք կորցնելու խնդրին, պետք է ասեմ, որ եթե անգամ այսօր մեքենաները կատարում են շատ աշխատանքներ, միեւնույն է՝ մարդը կարեւոր ռեսուրս է մնալու, պարզապես նրա դերը փոխվելու է, ուրիշ որակի աշխատանք է անելու:

 

Կրթության ոլորտի խնդիրները՝ հավասարությունից մինչեւ բնական գիտություններ

 

Կրթական ոլորտում խնդիրները մեծ են: Կրթության նպատակը միայն առանձին բարձրորակ դպրոցներում երեխաների համար լավ ուսուցում ապահովելը չէ: Երբեք էլիտար կրթությունն ազգային խնդիր չէ: Հանճարները չեն ծնվում միայն մայրաքաղաքի դպրոցներում, մեր խնդիրն է հայտնաբերել բոլոր շնորհալի երեխաներին եւ աջակցել նրանց, որոնք պետք է դառնան մեր երկրի առաջնորդները գիտության, մշակույթի, սպորտի եւ այլ ոլորտներում:

 

Կրթական համակարգը, ինչ-որ իմաստով, արտացոլում է հասարակությանը: Երբ ես էի դպրոց գնում եւ պետք է մասնագիտական ընտրություն կատարեի, այդ ժամանակ գիտնականները շատ բարձր դեր ունեին, ուսուցիչն ու պրոֆեսորը հարգված մարդ էին: Այդ տարիներին Հայաստանում բնական գիտություններով հետաքրքրված լինելը շատ բնական էր:

 

Հիմա, եթե զուտ այսօրվա հասարակության արտացոլմամբ ապրենք, ապագայում հաջողությունների չենք հասնի: Պետք է տեսլական ունենանք եւ փորձենք փոխել հասարակության կարծիքը: Մեզ համար կարեւոր մասնագիտություններն արժեւորենք, ցույց տանք, որ եթե անգամ այսօր մասնագիտությունը Հայաստանում չկա, ապագայում մեզ համար կարեւոր է լինելու, որպեսզի գան եւ սկսեն զբաղվել դրանով: 

 

Ապագայի տեսլականը

 

Անկախությունից հետո շատ դժվար էր, բայց մարդիկ հույս ունեին եւ այդ հույսն ու հավատը յուրաքանչյուր հային դարձնում էր քաղաքացի, որը նվիրված է իր երկրին, հավատում է, որ իր աշխատանքով ավելի լավ երկիր կկառուցի: Դա էր պատճառներից մեկը, որ կարողացանք հաղթել Արցախյան պատերազմում: Հետեւաբար, ապագայի տեսլականը շատ էական է: Դրա էությունը շատ պարզ է: 21-րդ դարը արագ փոփոխությունների եւ ժամանակակից տեխնոլոգիաների դար է, որտեղ աշխարհը շատ փոքր է դարձել: Այսօր ամեն ինչ շատ ավելի արագ է, բոլորս միմյանց հետ կապակցված ենք ու կախված են աշխարհից: Ժամանակակից տեխնոլոգիաների աշխարհում մենք՝ որպես պետություն եւ ազգ, ունենք մեծ ներուժ:

 

Ժամանակը երիտասարդների կյանքի սկզբի համար լավն է, դա նշանակում է, որ պետք է շատ հարցեր բարելավենք մեր երկրում: Հաջորդ քայլերը պետք է առաջադեմ լինեն եւ պետք է դառնանք բաց հասարակություն: Ցանկանում եմ, որ Հայաստանը լինի փոքր պետություն, բայց համաշխարհային ազգ:

 

Ինձ համար դժվար է պատկերացնել, թե ինչպիսին կլինի Հայաստանը 25 տարի անց, բայց կուզենամ վստահ լինել, որ 7 տարի անց ձեր սերունդն է ղեկավարելու երկիրը, որովհետեւ ես կարծում եմ, որ դուք ավելի ազատ, ավելի ուժեղ սերունդ եք: Ուզում եմ Հայաստանը տեսնել առաջադեմ, ուժեղ, ժամանակակից տեխնոլոգիաներով հարստացած, որտեղ ամեն հայ Հայաստանն իր հայրենքին է համարում ոչ միայն խոսքով, ոչ միայն տարին մի քանի անգամ որպես զբոսաշրջիկ գալով, այլեւ ներդրում ունենալով, համարելով, որ իր հայրենիքի զինվորն է՝ ոչ միայն որպես զինվոր, այլեւ որպես քաղաքացի:

 

Գրի առավ Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին