Գրող-ընթերցողը ցանցում՝ գիրքը ձեռքին - Mediamax.am

exclusive
9060 դիտում

Գրող-ընթերցողը ցանցում՝ գիրքը ձեռքին


Արմեն Հայաստանցին
Արմեն Հայաստանցին

Լուսանկարը` անձնական արխիվից

Արամ Ավետիսը Լուսանկարը
Արամ Ավետիսը Լուսանկարը

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` Էլեն Սիմոնյանի

Սյունե Սեւադան
Սյունե Սեւադան

Լուսանկարը` անձնական արխիվից


Ժամանակակից գրականության կարեւորագույն առանձնահատկություններից մեկը դրա այլընտրանքային հասանելիությունն է: Մինչ համացանցի ի հայտ գալը հեղինակին ճանաչում էին միայն սեփական գրքի հրատարակվելուց հետո: Այսօր արդեն հնարավորություն կա բացահայտելու հեղինակներին եւ հասկանալու նրանց ոճը՝ առանց նրանց առաջին գիրքը ձեռքդ վերցնելու: Ուրեմն հարց է առաջանում՝ արդյո՞ք ժամանակակից գրականությունը տպագիր տեսքով մատուցվելու կարիք ունի:

Լուսանկարը` Էլեն Սիմոնյանի

Արմեն Հայաստանցի. Գրականությունը՝ ո՛չ ապրանք, ո՛չ էլ ծառայություն

 

(Արմեն Հայաստանցու «Կիկոսի Վերադարձը» պատմվածքների ժողովածուն ու «Մայրենիք. Դրոշ» վեպը վաճառքում են, անվճար առկա են նաեւ էլեկտրոնային տարբերակով:)

 

Հայաստանում էլեկտրոնային գրաշուկան դեռ սաղմնային վիճակում է, կարելի է ասել՝ չկա, ուրեմն էլեկտրոնային գրքերի հեղինակին դեռ կայացած գրող չեն համարում։

 

Տպագիր գիրքը գրողի ինքնությունը հաստատող փաստաթուղթն է։ Ասում ես՝ գրող ես, դե՛, գիրքդ ցույց տուր։ Նույն կերպ էլ ավտոտեսուչի համար ամեն մեքենա վարող վարորդ չէ, պիտի վարորդական իրավունքդ հաստատող փաստաթուղթ ցույց տաս, որ համոզվի։

Արմեն Հայաստանցին Արմեն Հայաստանցին

Լուսանկարը` անձնական արխիվից

Ուրիշ հարց է, որ ամեն վարորդական իրավունք ունեցող չէ, որ վարել գիտի, օրինակ՝ կարող է կաշառքով ձեռք բերած լինել, եւ կան այնպիսիք, որ փաստաթուղթ չունեն, բայց ավելի լավ են վարում, քան շատ ունեցողներ։ Հայաստանում ավտոտեսուչին չես կարող ցույց տալ քո էլեկտրոնային վարորդական իրավունքը, որովհետեւ այդպիսին դեռ գոյություն չունի։

 

Գիրքն ապրանք է, որը գին ունի, գրականությունն ապրանք չէ, ոչ էլ անգամ՝ ծառայություն։ Գրողն էլ մեկն է, ով գրելով է ապրում։ Ապրել՝ չի նշանակում փող աշխատել։ Ուրեմն, միամտություն կլինի գրական գործընթացը կապել գրաշուկայի կայացման հետ, որովհետեւ լավ վաճառվող գեղարվեստական գրքերը կարող են գրական արժեք չունենալ, երբեմն անգամ՝ չկարդացվել, օրինակ, գրքասերներ կան, որ գիրքը գնում ու չեն կարդում, կամ «նարեկապաշտներ», որ այն բարձի տակ են պահում։

 

Մյուս կողմից՝ գիրքն իբրեւ նվեր ձրիաբար ընթերցողի հետ կիսողի համար դժվար կլինի անմնացորդ նվիրաբերել իր կյանքը գրականությանը եւ սովամահ չլինել։ Մի բան հստակ է՝  գիրք կարդացողն ու ընթերցողն այլեւս նույնական չեն։ Ընթերցողների մի մեծ խումբ այսօր գիրք չի կարդում, որովհետեւ պատրաստ չէ վճարելու, երբ կարող է համացանցից անվճար ներբեռնել համաշխարհային գրականության հազարավոր գլուխգործոցներ ու կարդալ։

 

Ինձ համար ելքը հետեւյալն է՝ իմ համեստ լումայով սատարել հայաստանյան գրաշուկային՝ չզրկելով սպառող-ընթերցողին իմ գրքերը գնելու եւ կարդալու հնարավորությունից (որովհետեւ կան մարդիկ, ովքեր սիրում են տպագիր գիրքը), մյուս կողմից` լինել հասանելի առցանց, անվճար այնքան ժամանակ, մինչեւ այդ հանրային բարիքից օգտվող լսարանում կգտնվեն մարդիկ, որոնք իմ նվիրատվությունը կարժեւորեն ու, գուցե, ի նշան շնորհակալության՝ որոշեն ինձ ֆինանսապես սատարել։

 

Արամ Ավետիս. Գրականությունը՝ ինքնաճանաչողության միջոց

 

(Արամ Ավետիսի «Կույր Կետադրություն» էսսեների ժողովածուն վաճառքում է, որոշ էսսեներ առկա են նաեւ առցանց)

 

Համացանցը սկսնակ գրողի համար ճանաչում ձեռք բերելու հիանալի հնարավորություն է: Իսկ սկսնակ գրողի առաջնային խնդիրը հենց ճանաչում ձեռք բերելն է ու ոչ թե գումար վաստակելը:

 

Մյուս կողմից՝ հեղինակի համար հաճելի է, երբ իր գիրքը դրված է որեւէ գրախանութում՝ Վիանի կամ Բեքեթի գրքերի կողքին: Գրողն իրեն գրող է կնքում, հենց իր աշխատանքը շոշափելի է դառնում, իսկ համացանցում ամեն ինչ, կարծես, անլուրջ լինի: Ի վերջո, ընթերցողների որոշակի խումբ կա, որը նախընտրում է տպագիր գրքեր կարդալ:

Արամ Ավետիսը Լուսանկարը Արամ Ավետիսը Լուսանկարը

Լուսանկարը` անձնական արխիվից

Գրականության՝ էլեկտրոնային կամ տպագիր լինելուց առավել կարեւոր՝ դրա տարածվածության խնդիրն է: Կան թեմաներ, որոնք ընդհանուր են բոլորի համար, սակայն լավ գրականության նպատակը ո՛չ մասսայական լինելն է, ո՛չ էլ մարդկանց կրթելը:

 

Հեղինակը գրում է, որպեսզի դուրս գա իրականությունից, իր հերոսների միջոցով կատարի իր չիրականացած ցանկություններն ու, որ ամենակարեւորն է, ճանաչի ինքն իրեն: Նույն ձեւով էլ ընթերցողն է փորձում ինքն իրեն ճանաչել գրականության միջոցով ու միաժամանակ կտրվել առօրյա խնդիրներից:

 

Սյունե Սեւադա. Գրականությունը՝ ռոքի պես անաձնական

 

(Սյունե Սեւադայի պատմվածքները առկա են առցանց, առաջին գիրքը կտպագրի այս տարի)

 

Համացանցը լավ գործիք է սկսնակ գրողների համար, բայց այն երկու ապերախտ կողմ ունի՝ այստեղ ստեղծագործությունը արագ մոռացվում է եւ մնում է սիրողական մակարդակում։ Անգամ ամենահրաշալի պատմվածքը համացանցում կարող է ձուլվել բազմաբնույթ թեմաների մեջ, անգամ ամենասիրելի գրողին կարող են մոռանալ, երբ ավելի հետաքրքիր մեկը հայտնվի: 

 

Տպագրված գիրքը հիմնաքարային է գրողի համար: Այն հեղինակին սոցցանցային քննարկումներից տեղափոխում է գրական քննարկումների միջավայր, որտեղ գրողին քննադատում են անձնականից դուրս՝ իր ստեղծագործությունների շրջանակում:

Սյունե Սեւադան Սյունե Սեւադան

Լուսանկարը` անձնական արխիվից

Այլ հարց է, թե ինչպես է գրողն ինքը վերաբերվում գրականությանը: Շատերի համար գրելը ինքնանպատակ է, շատերը գրելով փորձում են իրենց սեփական կյանքը կարգավորել, իսկ գրականությունը դուրս է անձնական խնդիրներից: Այն նման է ռոք երաժշտությանը. գրողները՝ ինչպես ռոք երաժիշտները, պատմում են անանձնական խնդիրների մասին:

 

Ամենակարեւորը հասկանալն է, որ գրելը աշխատանք է, ինչպես, օրինակ, սուրճ եփելը կամ այդ սուրճը մատուցելը, որը եւս տաղանդ է պահանջում: Միակ տարբերությունն այն է, որ գրելը հանրային աշխատանք է: Գրողը պետք է մտածի հանրությանը ավելի հասանելի լինելու մասին: Տանը փակված ստեղծագործելով ու ընթերցողին իր գրականությունից հեռու պահելով՝ հեղինակը լճանում է: Եթե չկան կարծիքներ, քննարկումներ ու մեկնաբանություններ, գրողը ուղղակի մի օր դադարում է աշխատելուց:

 

Իսկ տպագիր գիրքը որոշակի ավարտ է հեղինակի համար, ու այն միաժամանակ նաեւ սկիզբ է: Գիրքը տպագրելուց հետո գրողը հնարավորություն ունի գնահատական ստանալու ու հասկանալու իր աշխատանքի լավ ու վատ կողմերը: Ի վերջո, եթե ռադիոն չխանգարեց տպագիր թերթերին գոյություն ունենալ, ապա առցանց գրականությունն էլ չի կարող փոխարինել տպագիր գրքերին:

 

Քնարիկ Մարտիրոսյան, Լիա Շահնազարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին