Ամուլսարի ծրագիրը ներկայացվել է Տորոնտոյի PDAC համաժողովում - Mediamax.am

4795 դիտում

Ամուլսարի ծրագիրը ներկայացվել է Տորոնտոյի PDAC համաժողովում



Երեւան: Մեդիամաքս: «Լիդիան Ինթերնեյշնլ»-ն արդեն 10-րդ անգամ ներկայացրել է Ամուլսարի ծրագիրը հանքարդյունաբերության ոլորտի ամենախոշոր միջազգային համաժողովում՝ PDAC-ում:

Այն այս տարի անցկացվել է մարտի 4-7-ը Տորոնտոյում:

 

ՀՀ կառավարության պատվիրակությունը՝ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Վարդան Գեւորգյանի գլխավորությամբ, արդեն երկրորդ անգամ է մասնակցում PDAC համաժողովին: Փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտում ներդրումային հնարավորությունները եւ բարեփոխումները, որոնք միտված են ոլորտի արդիականացմանն ու ազատականացմանը:

 

Նույն ծրագրի շրջանակում «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը ներկայացրել է Ամուլսարի ծրագիրը: Ամուլսարն այսօր աշխարհում շինարարության փուլում գտնվող հանքարդյունաբերական ամենախոշոր ծրագրերից մեկն է, որն ունի ընդլայման եւ ներկա ու պոտենցիալ ներդրողների համար շահավետ լինելու մեծ ներուժ: 

 

Այս տարի «Լիդիանը» նաեւ մասնակցել է PDAC-ի շրջանակում Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը նվիրված կոնֆերանսների շարքին: «Լիդիան Արմենիայի» Կայուն զարգացման սոցիալական ղեկավար Նառա Ղազարյանը ներկայացրել է Ամուլսարի ծրագրի սոցիալական զարգացման նախաձեռնությունները «Ընդլայնման բարդությունները. ինչպես են փոքր ընկերությունները կառավարում ռիսկերը հետազոտությունների եւ շինարարության փուլում»:

 

Անդրադառնալով «Լիդիանի»՝ PDAC-ում ներկայության 10 տարիներին «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն ընդգծել է ներդրողների շրջանում Հայաստանը ճանաչելի դարձնելու կարեւորությունը: Ներկայացնելով Ամուլսարի ծրագրի հաջողությունը, թե՛ ծրագրի իրականացման, թե՛ շահագրգիռ կողմերի ներգրավման առումով, ներկայացվում է նաեւ այս մասշտաբի ներդրումային ծրագիր հաջողությամբ իրականացնելու Հայաստանի կարողությունը:

 

«Այս տարի եւս մեկ անգամ հնարավորություն ունեցանք ներկայացնելու Ամուլսարի ծրագիրը եւ Հայաստանը աշխարհի խոշորագույն հանքարդյունաբերական համաժողովին,- ասել է Հայկ Ալոյանը: -Մենք այս համաժողովն ընկալում ենք ոչ միայն որպես մեր ծրագիրը ներկայացնելու առիթ, այլեւ որպես հնարավորություն՝ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտ բերելու բնապահպանական, սոցիալական, առողջության եւ անվտանգության կառավարման այն բոլոր նորամուծությունները, որ առաջարկում է ժամանակակից հանքարդյունաբերությունը: Մենք կարծում ենք, որ այս փորձը կարող է եւ պետք է գա Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտ եւ շարունակում ենք վստահ լինել, որ Ամուլսարի ծրագիրն այդ ուղղությամբ կարեւոր քայլ է»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին