Գարիկ Իսրայելյան. Հոքինգը մարդ էր, ով ցանկանում էր ապրել ամեն ինչ - Mediamax.am

exclusive
13342 դիտում

Գարիկ Իսրայելյան. Հոքինգը մարդ էր, ով ցանկանում էր ապրել ամեն ինչ


Լուսանկարը` Stamus


Երեւան: Մեդիամաքս: Աշխարհն այսօր սգում է անվանի բրիտանացի ֆիզիկոս-տեսաբան, տիեզերագետ Սթիվեն Հոքինգի մահը, իսկ մտերիմները թերթում եւ վերհիշում են 76 տարեկանում տիեզերք հեռացած գիտնականի կյանքի էջերը:

Սթիվեն Հոքինգը ջերմ հարաբերություններ ուներ հայազգի գիտնական Գարիկ Իսրայելյանի հետ, աջակցում էր նրա հիմնադրած Starmus գիտության եւ արվեստների փառատոնին:

 

Այսօր Մեդիամաքսի հետ զրույցում Գարիկ Իսրայելյանն ասել է, որ «կորցրել է հրաշալի ընկերոջ, մեծագույն մարդու, մարտիկի եւ երազողի: Մարդ, ով ոգեշնչում էր իր սերնդից շատերին»: 

«Սթիվեն Հոքինգը մահացավ մարտի 14-ին, նույն այն օրը, երբ ծնվել է Ալբերտ Էյնշտեյնը եւ նույն տարիքում, որում մահացել է նա: Որքան համընկնումներ…

Ես հասկանում եմ, որ այն քիչ մարդկանցից եմ, ում բախտ է վիճակվել անձամբ հանդիպել Սթիվենին:

 

2015-ին հիմնադրեցինք Սթիվեն Հոքինգի անվան մեդալը: Մենք շատ երջանիկ էինք, երբ Starmus փառատոնը ստացել էր Սթիվենի համաձայնությունը՝ նրան հարգանքի տուրք մատուցելու համար: Մարդիկ ինձ հարցնում էին՝ ինչպե՞ս կարելի է հարգանքի տուրք մատուցել ողջին: Եւ ես պատասխանում էի՝ դա այն է, ինչ մենք պարտավոր ենք անել, քանի որ այնպիսի մարդիկ, ինչպիսին Հոքինգն է, պետք է զգան մեր հարգանքը: Այժմ ես շատ հպարտ եմ Starmus-ի երրորդ գրքով, որը կոչվում է «Հորիզոնից անդին. հարգանքի տուրք Սթիվեն Հոքինգին»: Չեմ հասկանում՝ ինչու են մարդիկ սպասում, որ ինչ-որ մեկը մահանա, հետո միայն նրան տան աշխարհի բոլոր գերազանցությունները, ինչո՞ւ դա չեն անում, երբ մարդը ողջ է:

 

Կարծում եմ, որ Կանարյան կղզիները (այստեղ են անցկացվել Starmus փառատոնները - խմբ.) շատ հաջողակ էին Սթիվեն Հոքինգին երեք անգամ հյուրընկալելով: Այժմ մենք վավերագրական ֆիլմ ենք պատրաստում այդ զարմանահրաշ պատմությունների մասին:

Սթիվեն Հոքինգն այլեւս մեզ հետ չէ, բայց նրա ոգին այստեղ է՝ ինձ հետ, Starmus-ի մասնակիցների, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի հետ: Նա միշտ ներկա կլինի: Քչերը գիտեն, որ նա Starmus-ն առաջադրել է Աստուրիայի արքայազնի մրցանակի: Ես դեռ պահում եմ Սթիվենի նամակը, եւ այն այնքան ոգեւորիչ է, որ ինձ ստիպում է մտածել, որ այդ փառատոնը պետք է առաջ ընթանա:

 

Ես կհիշեմ Սթիվենին, որպես մարդ, ով ցանկանում էր ապրել, փորձել եւ տեսնել ամեն ինչ, լսել, թե ինչ են խոսում շրջապատում (քչերը գիտեին, բայց նա շատ ուշադիր հետեւում էր եւ լսում ամեն ինչ): Երազող մարդ, ով կարող է բարկանալ, բայց մեկ րոպե անց ժպիտով կատակներ անել: Ես կարծում եմ, որ դա շատ մարդկային է: Այդպիսին էր Սթիվենը, իմ եւ Starmus-ի մեծագույն ընկերը»,- Մեդիամաքսին ասել է Գարիկ Իսրայելյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին