Փղերի քարավանը՝ մազի վրա - Mediamax.am

exclusive
10211 դիտում

Փղերի քարավանը՝ մազի վրա


Էդուարդ Տեր-Ղազարյանի աշխատանքը
Էդուարդ Տեր-Ղազարյանի աշխատանքը
Էդուարդ Տեր-Ղազարյանի աշխատանքը
Էդուարդ Տեր-Ղազարյանի աշխատանքը
Էդուարդ Տեր-Ղազարյանը
Էդուարդ Տեր-Ղազարյանը

Բեռնված փղերը՝ մազի վրա: Անիրական թվացող համադրությունն անզեն աչքի համար անտեսանելի է: Միայն խոշորացույցով կամ մանրադիտակով են պարզ երեւում կիսաթանկարժեք քարերի փոշեհատիկներից պատրաստված 0.55 մմ բարձրությամբ 6 փղերը, որոնք անցնում են կամրջի վրայով: Կամուրջն էլ հատուկ նյութերով մշակված մազ է:

 

«Սա իմ ամենաբարդ աշխատանքներից մեկն է. ոչ թե մեկ միկրոքանդակ է, այլ բարդ կոմպոզիցիա՝ տարբեր փղեր իրենց բեռներով: Բոլոր աշխատանքներն էլ յուրովի բարդ են, բայց նման աշխատանք ստանալու համար պահանջվել է երկար տարիների փորձ, ձեռքի հմտություն եւ ամենակարեւորը՝ միկրոքանդակագործության ոլորտում գիտելիքների մեծ բազա: Անկեղծ՝ ես հիմա չեմ էլ կարող կրկնել այս գործը, կամ գուցե ավելի շատ ժամանակ խլի»,- ասում է մանրաքանդակագործ Էդուարդ Տեր-Ղազարյանը:

Էդուարդ Տեր-Ղազարյանը Էդուարդ Տեր-Ղազարյանը

 

Քանդակի միտքը ծագել է հանկարծակի, երբ ձեռքն ընկել է բեռնված ձիերի մի լուսանկար: Աչքի առջեւ անմիջապես պատկերվել է ապագա միկրոքանդակը: Այդ շրջանում փղերի քանդակներ էր անում, բայց չէր կողմնորոշվում՝ որտեղ տեղադրել՝ ասեղի անցքի մեջ, բրնձի հատիկին:

 

«Այդ նպատակով յոթ փիղ էի սարքել: Ամենալավին թողել էի, որ վերջում դնեմ: Սկսեցի հերթով շարել կամրջի վրա ու տեսա, որ այդ փղին տեղ չի մնում: Կոմպոզիցիայից դուրս մնաց, բայց՝ չկորավ: Հետագայում տեղադրեցի մազի ծայրին, իսկ քթին ռուբինից գնդակ դրեցի: Ինքն իրենով շատ բարդ միկրոքանդակ ստացվեց, որը նվիրեցի Շարլ Ազնավուրին»:

Էդուարդ Տեր-Ղազարյանի աշխատանքը Էդուարդ Տեր-Ղազարյանի աշխատանքը

 

Մասնագիտությամբ իրավաբան Էդուարդը մանրաքանդակով սկսել է զբաղվել շուրջ տասը տարի առաջ: Սկզբում պապի՝ աշխարհահռչակ մանրաքանդակագործ Էդուարդ Տեր-Ղազարյանի ցուցահանդեսներն էր կազմակերպում, հետո անիրական թվացող ցանկություն ունեցավ՝փորձել զբաղվել միկրոքանդակագործությամբ:

 

Էդուարդի աշխատանքները ցուցադրվել են Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Արաբական Միացյալ Էմիրություններում: Առաջին անգամ որոշել է մասնակցել մրցույթի: «Փղերի քարավանը կամրջի վրա» միկրոքանդակով դիմել է ՀՀ նախագահի 2017 թ. մրցանակի համար:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին