Ռուբեն Վարդանյան. Դուրս եկեք քառակուսի արկղից եւ ազատվեք վախերից - Mediamax.am

43304 դիտում

Ռուբեն Վարդանյան. Դուրս եկեք քառակուսի արկղից եւ ազատվեք վախերից


Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը 2018թ. մարտի 20-ին հանդիպել են Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոսական կազմի եւ  ուսանողների հետ։

 

Հանդիպման ժամանակ Ռուբեն Վարդանյանը առաջին անգամ ներկայացրել է IdeA-ի ապագա նոր կարգախոսը՝ «Մտածիր եւ կապիր, մտածիր եւ ստեղծիր, մտածիր եւ գործիր» (Think to connect, think to create, think to act):

 

«Աշխարհը դառնում է փոխկապակցված եւ մենք ապրում ենք յուրահատուկ ժամանակներում: Մտածիր եւ կապիր (think to connect). սա խելացի, կրթված մարդկանց նույն արժեքի շուրջ համախմբելու լավագույն ուղին է:

 

Մտածիր եւ ստեղծիր (think to create), երբ այդ մարդկանց իրար հետ կապելուց հետո դու մտածում ես ինչ-որ հետաքրքիր, անսովոր, նոր բան ստեղծելու մասին: Մտածիր եւ գործիր (think to act), երբ դու ոչ միայն մտածում ես, այլեւ գործում: Ես կարծում եմ, սա այն հիմնական բացատրությունն է հարցին, թե ով ենք մենք եւ ինչ ենք անում: Մեր նպատակն է անել մի բան, որը չի չափվում գումարով եւ բերում է երջանկություն»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

 

Նա անդրադարձել է ՄԱԿ-ի զեկույցին, ըստ որի Հայաստանը երջանիկ երկրների սանդղակում 129-րդ տեղն է զբաղեցնում: Ռուբեն Վարդանյանն ասել է, որ այդ ցուցանիշն իրեն դուր չի գալիս, քանի որ խոսում է այն մասին, թե «ինչպես ենք մենք մեզ զգում, որն է մեր երազանքը, ինչ ենք մտածում մեր ապագայի մասին, եւ, արդյոք, իսկապես հավատում ենք, որ կարող ենք ավելի լավ բան անել հաջորդ սերնդի համար»:

 

Մեդիամաքսը գրի է առել հանդիպմանը հնչած առավել ուշագրավ մտքերը:

 

Եռանկյունու կարեւոր կողմերը

 

Կրթությունը, կայուն զարգացումը եւ միգրացիան եռանկյունու կողմերն են, որոնք ի մի բերելը եւ զարգացնելն ավելի ու ավելի կարեւոր է դառնում: Սա երկրի հաջողության կամ անհաջողության կարեւոր տարր է: Կան միգրացիայի տարբեր տեսակներ եւ դրանք շատ մեծ ազդեցություն են թողնում տնտեսական աճի վրա:

 

Միգրացիայի տեսակներից մեկն ուղեղների արտահոսքն է: Շատերը լքում են երկիրն ավելի լավ կրթություն ստանալու համար: Ուղեղների արտահոսքը միայն հայերին չէ բնորոշ, նույնիսկ զարգացած երկրներից են մարդիկ հեռանում: Մարդիկ գնում են այլ երկրներ, որտեղ կարող են հաջողության հասնել: 

Ռուբեն Վարդանյանը Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ես հավատում եմ, որ աշխարհի ապագայի կարեւոր շարժիչը կրթությունն է: Այն այսօրվա աշխարհում մեծագույն արդյունաբերություն է, որը, ցավոք, վատ է կառավարվում: Այն հեռանկարային ներդրում է՝ համարժեք բանկային գործին կամ տեխնոլոգիաներին:

 

Կրթությունն այսօր փոխվում է, որովհետեւ մասնագիտությունը, որն ընտրում ես այսօր, կարող է տասը տարի անց գոյություն չունենալ տեխնոլոգիաների պատճառով: Դա բոլորիս դրդում է սովորել ողջ կյանքի ընթացքում:

 

Կրթության առաջ կանգնած մարտահրավերները

 

Այսօրվա ամենակարեւոր ճգնաժամն այն է, որ շատ երկրներում ուսուցիչները պատշաճ հարգանքի չեն արժանանում հասարակության կողմից: 

 

Լավ օրինակ է Ֆինլանդիան, որի բանաձեւը շատ պարզ է՝ 10 լավագույն ուսանողներից 7-ն ուզում է ուսուցիչ դառնալ: Ամերիկայում, օրինակ, 10 լավագույն աշակերտից միայն 2-ն ունեն այդ ցանկությունը, Ռուսաստանում՝  միայն 1-ը 30-ից:

 

Ուսուցչի կերպարի վերադարձը մեծագույն մարտահրավեր է ցանկացած հասարակության համար: Ուսուցիչները, մենթորները, մարդիկ, ովքեր ոչ միայն կրթում են եւ կիսվում տեղեկատվությամբ, այլեւ արժեքներ են փոխանցում եւ ոգեշնչում են: Դա հեշտ չէ, քանի որ բոլորս վախենում ենք ապագայից, չգիտենք ինչ է լինելու վաղվա օրը:

 

Մենք ուզում եք որոշակի կայունություն ստանալ այն պարագայում, երբ արագ փոփոխություններ են տեղի ունենում միաժամանակ բազմաթիվ ուղղություններով:

 

Ազգայնականությունը, մեկուսացումը եւ պոպուլիզմը դառնում են հիմնական տրենդերը: Մարդիկ իսկապես վախենում են իրենց ապագայի համար:

 

Կեղծ իրականությունն ու փողի անկարեւորությունը

 

Կեղծ նորությունները նոր իրականության մի մասն են: Այսօր իրականությունների միջեւ տարբերություններն անկառավարելի են դարձել: Ոչ ոք չի կարող տարբերակել: 10 տարի անց մենք կարող ենք ապրել մի աշխարհում, որտեղ կեղծված իրականությունն ու ճիշտ իրականությունը չեն տարբերվի:

 

Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ փողը գնալով քիչ կարեւոր է դառնում, եւ առաջնային է դառնում տաղանդավոր մարդը: Գումարը դառնում է անկարեւոր, քանի որ մեկ տաղանդավոր մարդ, ում համար, օրինակ, ֆուտբոլային ակումբը հսկայական գումարներ է վճարում, կարող է փոխել ողջ խաղը: Սա միայն ֆուտբոլում չէ, ամենուր է:

 

Լեզուների իմացության կարեւորությունը

 

Ես ուզում եմ հարցնել՝ քանի՞ մարդ կա այստեղ, որ գիտի չորս եւ ավելի լեզու: Ձեզանից քանի՞սն է խոսում պարսկերեն: Ինչո՞ւ եք կարծում, որ պարսկերենը կարեւոր չէ, ինչու եք միայն հայերենի, անգլերենի եւ ռուսերենի մասին մտածում:

 

Այժմ Հայաստանը ընդլայնում է կապերը Եվրամիության հետ: Մենք բացառիկ դիրք ունենք ԵՄ-ի, Եվրասիական միության եւ Իրանի մեջտեղում: Ինչպե՞ս կարող է Հայաստանն օգուտ քաղել դրանից: 

Ռուբեն Վարդանյանը Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մենք առավելություններ ունենք, եւ առաջինը հայերի ցանցն է, որ սփռված է ամբողջ աշխարհում:

 

Ձեզ համար հիմա լավ մասնագիտություն կա՝ թարգմանչի մասնագիտությունը: Դուք ոչ միայն պետք է խոսեք անգլերեն, ռուսերեն կամ հայերեն, այլեւ պետք է հասկանաք տարբեր մարդկանց մտածելակերպը: 

 

Ձեզ խորհուրդ կտամ մտածել եւ կապեր հաստատել, արարել ու գործել, դա հրաշալի է հնչում, բայց հեշտ չէ անել:

 

Շատ կարդալու անհրաժեշտությունը

 

Ես ամեն ամիս երեք-չորս գիրք եմ կարդում: Շատ գրքեր կան, որոնք ազդել եմ իմ վրա: Կարդացեք եւ կարդացեք անդադար: Շատ գրքեր կարդացեք, դրանք կնպաստեն ձեր կայացմանը: Մի վատնեք ձեր ժամանակը, ծախսեք այն կարդալու վրա:

 

Իմ խորհուրդն է՝ չվախենալ, շատ սովորել: Դա կլինի լավագույն շարժիչը Հայաստանում ամեն ինչ փոխելու համար: Առաջարկում եմ դուրս գալ քառակուսի արկղից, ձերբազատվել վախից, չվախենալ ասել՝ «ես չգիտեմ»:

 

Մեծ երազանքը

 

Մեծ երազանք ունենալու համար հարկավոր է շատ քաջ լինել, քանի որ երազանքը ենթադրում է նաեւ ձախողումներին պատրաստ լինել: Մարդիկ կարող են չհավատալ, որ դուք կանեք դա: Այն, ինչ ունեինք 15 տարի առաջ, Հայաստանի մեր տեսլականն էր: Մենք հաճախ լսում էինք, որ այն, ինչ պատրաստվում ենք անել, անհնար է: Մենք նաեւ շատ սխալներ ենք գործել այս 15 տարվա ընթացքում, բայց միայն գործելով կարելի է փոփոխություններ անել: Հուսով եմ, որ այն, ինչ սովորում եք համալսարանում, չի սահմանափակվում միայն լավ, կարեւոր գիտելիք ստանալով, նաեւ սովորում եք քաջ լինել, գործել, հավատալ, կապեր հաստատել եւ արարել: Ես ցանկանում եմ, որ դուք խիզախ լինեք եւ չվախենաք սխալներից:

Ռուբեն Վարդանյանը Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մենք «իդեալական փոթորիկի» իրավիճակում ենք, այնքան բաներ են փոխվում քաղաքական, սոցիալական, մարդկային արժեքների տիրույթում:

 

Համարում եմ, որ իմ ընտանիքի հետ կարող եմ դերակատարություն ունենալ ապագան ավելի պայծառ դարձնելու հարցում: Ես ցանկանում եմ ցույց տալ, որ չնայած փոքր երկիր լինելուն եւ բարդ տարածաշրջանում գտնվելուն, Հայաստանը կարող է շատ ազգերի համար առաջատար մոդել լինել: Մենք կարող ենք ոչ միայն լավը լինել մեզ համար, այլեւ որեւէ լավ բան անել աշխարհի համար: Իմ մեծ երազանքն է՝ նպաստել, որպեսզի աշխարհն ավելի լավն ու ավելի ապահով դառնա: 

 

Գրի առավ Մարի Թարյանը

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին