«Ավրորա»-ն երկար ճանապարհ ունի անցնելու, ասել է Վարդանյանը - Mediamax.am

6494 դիտում

«Ավրորա»-ն երկար ճանապարհ ունի անցնելու, ասել է Վարդանյանը


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն ասել է, որ հունիսի 8-10-ը կայանալիք «Ավրորա» մարդասիրական միջոցառման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են:

Մարտի 20-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նա ասել է, որ միջոցառումներն այս տարի կազմակերպվելու են «ուրիշ ձեւով եւ ուրիշ վայրում»:

 

«Ճանապարհը երկար է: Ամենահետաքրքիր դժվարությունն այն է, որ նախաձեռնության ծավալները մեր պատկերացումներից ավելի արագ են աճում: Այս տարի մենք ստացանք 500 բացառիկ պատմություն, եւ այդ թիվը 5 անգամ գերազանցում է առաջին տարվա ցուցանիշը: Շատ բարդ աշխատանք է պատմությունների միջեւ ընտրություն կատարելը, բայց մենք ունենք բացառիկ մարդկանց խումբ, որոնք այդ գործն անում են շատ ազնվորեն»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

 

Նա նշել է, որ մյուս դժվարությունը կապված է միջոցառումների աշխարհագրության ընդլայնման հետ՝ վերջին ամիսներին առաջին անգամ միջոցառումներ են կազմակերպվել ոչ միայն Երեւանում, այլեւ Նյու Յորքում, Բեռլինում, կլինեն նաեւ Մոսկվայում եւ Լոնդոնում:

«Մենք միշտ հարցնում ենք ինքներս մեզ՝ որքանո՞վ է կայուն այս շարժումը, որքանո՞վ կարող է լայնածավալ դառնալ: Մյուս կողմից՝ փորձում ենք այնպես անել, որ Հայաստանում մարդիկ ճիշտ ըմբռնեն «Ավրորա»-ի գաղափարը: Հուսով ենք, որ այս տարի եւս կունենանք կամավորների մեծ քանակ»,- նշել է Ռուբեն Վարդանյանը:  

«Ավրորա»-ն հավաքագրում է կամավորներին

«Ավրորա» մարդասիրական մրցանակի մեկնարկը, ըստ Ռուբեն Վարդանյանի, ճիշտ պահին տրվեց, երբ Սիրիայի ժողովուրդն էր հայտնվել նույն այն իրավիճակում, ինչ հայերը 100 տարի առաջ.

 

«Շատ կարեւոր է խոսել մարդկային արժեքների մասին: Մարդ մնալն այն պայմաններում, երբ դու ինքդ ծանր վիճակում ես, խիստ կարեւոր է: Մենք երկար ճանապարհ ունենք անցնելու, ամենադժվարը մարդկանց մտածելակերպը փոխելն է»:

 

IDeA հիմնադրամի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդն անդրադարձել է «Ավրորա»-ի եւ «Scholae Mundi Armenia» հիմնադրամի կողմից համատեղ կրթաթոշակների տրամադրմանը Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողներին, որոնք Սիրիայի, Իրաքի, Լիբանանի, Հորդանանի եւ Եգիպտոսի քաղաքացիներ են:

Նա ասել է, որ 1 միլիոն դոլար կազմող կրթաթոշակային ֆոնդն այժմ հասանելի կլինի նաեւ Իրանից եւ Վրաստանից ժամանած ուսանողների համար:

 

Վերոնիկա Զոնաբենդը նշել է, որ այդ ուսանողները, բացի մեր երկիրն իրենց մշակույթով հարստացնելուց, դառնում են Հայաստանի դեսպաններն իրենց երկրներում:

 

«Այդ ուսանողները Հայաստան են բերում իրենց մշակույթ ու հարստացնում են մեր երկիրը: Օգնելով այդ ուսանողներին, մենք մեր պարտքն են տալիս այն ոչ այդքան հարուստ ընտանիքներին, որոնք, չնայած բազմաթիվ դժվարություններին, Հայոց ցեղասպանության ժամանակ փրկել եւ օգնել են հայերին: Հիմա էլ մեր ազգը, ամենահարուստը չլինելով, օգնում է ուրիշներին», - հավելել է Ռուբեն Վարդանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին