Անտոնիո Մոնտալտոն հայկական եղբայրության եւ Երեւանի մայթերի մասին - Mediamax.am

exclusive
6070 դիտում

Անտոնիո Մոնտալտոն հայկական եղբայրության եւ Երեւանի մայթերի մասին


Լուսանկարը`


2001 թվականից Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս հանդիսացող Անտոնիո Մոնտալտոն Մեդիամաքսի հետ զրույցում պատմել է Հայաստանում ապրելու եւ աշխատելու առանձնահատկությունների մասին։

 

Նա 1994 թ․-ից մշտական բնակություն է հաստատել Հայաստանում։ Տարբեր բժշկական օգնության ծրագրեր է իրականացրել հիմնականում մոր եւ մանկան առողջապահական ոլորտում։ Ներկայում Երեւանում եւ Գյումրիում զբաղվում է պատմամշակութային արժեք ունեցող շինությունների վերականգնմամբ եւ մշակութային գործունեությամբ:

 

***

 

Հայաստանում հաստատավելս համարում եմ հայ-իտալական համագործակցության լավ օրինակ։ Այստեղ ապրելու տարիներին կարողացել եմ ինտեգրվել հայկական միջավայրում։ Իհարկե, դա եղել է աստիճանաբար, որին նպաստել է նաեւ հայերի եւ իտալացիների խառնվածքային նմանությունները։ Ինձ բախտ է վիճարկվել տեսնել Խորհրդային Հայաստանը, այնուհետեւ պատերազմող Հայաստանը եւ այսօրվա զարգացող Հայաստանը։ Շատ փոփոխություններ են եղել, բայց կա մի բան, որը շարունակել է մնայուն լինել։ Դա հայերի հարուստ պատմամշակութային ժառանգությունն ու ավանդույթներ են։

 

Կարծում եմ, հայերը պետք է աշխարհին ավելի ակտիվ ներկայացնեն այն, ինչն այս երկիրը շատ առանձնահատուկ են դարձնում։ Մարդկային արժեքները, ընտանիքի հանդեպ սերը, եղբայրության զգացումը Հայաստանի գանձերն են։ Աշխարհն այսօր դրա կարիքն ունի։

 

***

 

Հայերը խելացիության ընդգծված յուրահատուկ հատկանիշ ունեն։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայերը փորձում են առաջատար դիրքեր գրավել եւ նորովի ներկայանալ աշխարհին։

 

Միեւնույն ժամանակ, հայ երիտասարդները պետք է ավելի ակտիվ լինեն հասարակական եւ քաղաքական կյանքում։ Մտահոգվում եմ, երբ տեսնում եմ, որ երիտասարդների մոտ, երբեմն, ազատ գործելու ցանկություն չկա։ Պետք է պատրաստ լինել ակտիվ կյանքի՝ աշխարհին ցույց տալով, թե ինչպես է Հայաստանը զարգանում։

 

Մեր առօրյայում հանդիպող մի շարք խնդիրներ հնարավոր է լուծել շատ պարզ քայլերով։ Շատերն են տեսնում, թե Երեւանի մայթերով քայլելը ինչպիսի դժվարություններ է առաջացնում՝ սահմանափակելով մարդկանց ազատ տեղաշարժը։ Քաղաքացիները կարող են քաղաքապետին կամ պատկան մարմիններին առաջարկել եւ շաբաթը մեկ անգամ մի քանի րոպե միասին քայլել Երեւանի մայթերով։ Կարծում եմ, խնդիրները կհարթվեն, եթե նրանք անձամբ տեսնեն, թե ինչպիսի դժվարություններ կան։ Նման պարզ քայլերը կարող են բերել քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը։

 

***

 

Տխրում եմ, երբ տեսնում եմ, որ հատկապես Գյումրիից մարդիկ շարունակում են արտագաղթել։ Այսօր միգուցե ավելի քիչ, քան նախկինում։ Նկատել եմ, որ շատերը դա անում են ստիպված, քանի որ չեն կարողանում ապահովել բավարար պայմաններ իրենց ընտանիքի համար։

 

Արդարությունը, հավասարությունը կարող են Գյումրում երջանկության եւ զարգացման հիմքեր ստեղծել։ Յուրաքանչյուրը ուղղակի պետք է փորձի հասկանալ, թե ինչն է խանգարում դրան հասնելու համար։

 

***

 

Հայերի հետ աշխատելը ե՛ւ հեշտ է, ե՛ւ դժվար։ Շատ բան նաեւ ինձանից է գալիս, քանի որ ինձ հետ աշխատելը եւս հնարավոր է դժվար լինի։ Ես եւս փորձում եմ ամեն օր ինքս ինձ վրա աշխատել։

 

Ինչքան էլ՝ կարծիքներ հնչեն այն մասին, թե Հայաստանում հույս եւ վաղվա օրվա հանդեպ վստահություն չկա, միեւնույն է, հայ ընտանիքներում տիրող սերը, ուժը, հույս է ներշնչում, որ ամեն ինչ լավ է լինելու։

 

Հայերին եւ իտալացիներին շատ է օգնում հումորի զգացումը։ Շատ դժվար իրավիճակներից մենք կարողանում ենք ելքեր գտնել հենց հումորի օգնությամբ։

 

Գրի առավ Թագուհի Հովհաննիսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին