4053 դիտում

Մալթայի փառատոնի շրջանակներում կկայանան Հայաստանի մշակույթի օրեր



Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ որպես պաշտոնական նվագախումբ, կմասնակցի ապրիլի 15-ից մայիսի 1-ը կայանալիք Մալթայի միջազգային երաժշտական փառատոնին։

Փառատոնի բացման գալա համերգը կայանալու է ապրիլի 16-ին. Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունենալու Մալթայի հանրահայտ արտիստները։

Փառատոնն ընդգրկում է 18 համերգային ծրագիր։

Երկշաբաթյա երաժշտական տոնի ընթացքում ներկայացվելու են ինչպես համաշխարհային կոմպոզիտորական արվեստի դասական ներկայացուցիչների, այնպես էլ ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ։

Կհնչեն Մոցարտի, Շտրաուսի, Վիվալդիի, Ռախմանինովի, Չայկովսկու, Ռիմսկի-Կորսակովի, Բիզեի, Մենդելսոնի, Խաչատրյանի, ժամանակից կոմպոզիտորներ Գիա Կանչելիի, Ալեքսեյ Շորի և բազմաթիվ այլ հեղինակների ստեղծագործություններ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան համաշխարհային մեծության մենակատարներ՝ Մաքսիմ Վենգերովը, Ռեյ Չեն, Նիկոլայ Լուգանսկին, Դենիս Կոժուխինը, Սալվատորե Ակկարդոն, Անդրեաս Օտենսամերը, Ջուլյա Զիլբերքվիթը, Նարեկ Հախնազարյանը և այլք։

Հայաստանյան նվագախումբը հանդես կգա ինչպես Սերգեյ Սմբատյանի, այնպես էլ հայտնի դիրիժորներ Սերգեյ Ստադլերի, Դմիտրի Սիտկովեցկու, Տիգրան Հախնազարյանի ղեկավարությամբ։

Փառատոնային մեկ երեկոյի ընթացքում համատեղ կներկայանան Հայաստանի պետական սիմֆոնիկ և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբերը՝ կատարելով Արամ Խաչատրյանի և Ալեքսեյ Շորի ստեղծագործություններից։

Կնշվեն նաև դասական երաժշտության երախտավորների հոբելյաններ՝ Սերգեյ Ռախմանինովի 145-ամյակը, Արամ Խաչատրյանի 115-ամյակը։

Ապրիլի 18-30-ը փառատոնի շրջանակներում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրերը։ Ապրիլի 18-ին Արամ Խաչատրյանի հոբելյանը կնշանավորվի առանձին համերգով. Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը խաչատրյանական երաժշտության երեկո կնվիրի փառատոնի ունկնդիրներին. կհնչեն Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը (մենակատար՝ միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր Այման Մուսահաջաևա), «Դիմակահանդես» սյուիտը, հատվածներ «Սպարտակ» բալետից։

Խաչատրյանի երաժշտությունը հնչեցվելու է նաև փառատոնի այլ համերգային երեկոների ընթացքում։

Ապրիլի 30-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգը կղեկավարի դիրիժոր Տիգրան Հախնազարյանը։ Հայկական մշակույթի օրերի ընթացքում ներկայացվելու է նաև Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի, Արտավազդ Փելեշյանի արվեստը։

Փառատոնի հյուրերն են լինելու հայտնի կոմպոզիտորներ, այդ թվում՝ Քշիշտոֆ Պենդերեցկին, Գիա Կանչելին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am