Մալթայում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը - Mediamax.am

8368 դիտում

Մալթայում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Այման Մուսախոջաեւան
Այման Մուսախոջաեւան

Լուսանկարը` Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամ

Վիկտորիա Բաղդասարյանը եւ Կոնստանտին Իշխանովը
Վիկտորիա Բաղդասարյանը եւ Կոնստանտին Իշխանովը

Լուսանկարը` Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամ

Լուսանկարը` Մեդիամաքս


Ապրիլի 18-ին Մալթայի 6-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը, որոնք կտեւեն մինչեւ ապրիլի 30-ը: 

 

Հայաստանի մշակույթի օրերի ընթացքում կկայանան 9 համերգներ, ցուցահանդեսներ եւ ֆիլմերի ցուցադրություններ: 

 

Հայկական մշակույթի օրերն անց են կացվում Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ՝  Մալթայի մշակույթի, սոցիալական արդարության եւ տեղական ինքնակառավարման նախարարության, Հայաստանի մշակույթի նախարարության, Arts Council Malta-ի եւ Valletta-2018 Foundation-ի հետ համատեղ: 

 

Այս տարի լրանում է Հայաստանի եւ Մալթայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:  

 

Մամուլի ասուլիսում Իտալիայում եւ Մալթայում Հայաստանի դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը ընդգծեց Հայաստանի մշակութային օրերը նման լայնածավալ կերպով անցկացնելու կարեւորությունը հատկապես հիմա, երբ Մալթայի մայրաքաղաք Վալետան հռչակվել է 2018 թվականի Եվրոպայի մշակութային մայրաքաղաք:

Վիկտորիա Բաղդասարյանը եւ Կոնստանտին Իշխանովը Վիկտորիա Բաղդասարյանը եւ Կոնստանտին Իշխանովը

Լուսանկարը` Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամ

Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովի խոսքով, Մալթայում հայկական մշակույթը ներկայացնելու գաղափարը տարիներ առաջ էր ծագել: Այն փաստը, որ այս տարի Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախումբը դարձավ Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի ռեզիդենտ, նպաստեց Հայկական օրերի անցկացմանը: 

 

Առաջին համերգը, որը կայացավ Վալետայի Միջերկրածովյան կենտրոնի (Mediterranean Conference Centre-MCC) Republic Hall-ում, նվիրված էր Արամ Խաչատրյանի 115-ամյակին: Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կատարեց «Դիմակահանդես» սյուիտը, հատվածներ «Գայանե» բալետից:

Լուսանկարը` Մեդիամաքս

Համերգի առանցքային մասը Արամ Խաչատրյանի՝ ջութակի եւ նվագախմբի համար կոնցերտն էր՝ Ղազախստանի ժողովրդական արտիստուհի, Ղազախստանի արվեստների ազգային համալսարանի ռեկտոր, հեղինակավոր մրցույթների դափնեկիր, ջութակահարուհի Այման Մուսախոջաեւայի կատարմամբ: 

 

Համերգին նախորդող մամուլի ասուլիսում ջութակահարուհին խոստովանել էր, որ կոմպոզիտորը կարեւոր դեր է խաղացել իր կյանքում.

Այման Մուսախոջաեւան Այման Մուսախոջաեւան

Լուսանկարը` Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամ

«Երբ 12 տարեկան էի, Արամ Խաչատրյանը ժամանել էր Ալմա-Աթա եւ ինձ բախտ վիճակվեց նվագել նրա համար: Նա ասաց, որ ես մեծ երաժիշտ եմ լինելու, սակայն միշտ պետք է հիշեմ, որ համբերությունն ու քրտնաջան աշխատանքն անչափ կարեւոր են՝ հաջողության հասնելու համար եւ նվիրեց իր՝ ջութակի համար գրված կոնցերտի նոտաները»: 

 

Նույն օրը MCC-ում բացվեց նաեւ «Երաժշտության միջազգային լեզու» վերնագրված Արամ Խաչատրյանի լուսանկարների ցուցահանդեսը, որը կտեւի մինչեւ ապրիլի 22-ը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայ մշակույթի օրերի մասնակիցներից են «Արաքս» պարային համույթը, դաշնակահարուհի Նարե Արղամանյանը, Խաչատուրյան տրիոն: Բեմում կմիավորվեն Հայաստանի եւ Մալթայի՝ նվագախմբերը, Մալթայի երգչախմբի կատարմամբ կհնչի Կոմիտաս, կկայանա Տիգրան Մանսուրյանի հեղինակային համերգը, կցուցադրվեն Զավեն Սարգսյանի հեղինակած «Խաչքարեր» եւ «Քարերի գաղտնիքը» ֆոտոցուցահանդեսները, Կոմիտասի կյանքին նվիրված ֆոտոցուցահանդեսը, Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակները» ֆիլմը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկական օրերը եզրափակող The Magic Cello համերգով հանդես կգա Չայկովսկու անվան միջազգային մրցույթի դափնեկիր Նարեկ Հախնազարյանը:  

 

Աննա Բուբուշյան (Մալթա)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին