Մալթայում հնչում է Արամ Խաչատրյանի երաժշտությունը - Mediamax.am

6833 դիտում

Մալթայում հնչում է Արամ Խաչատրյանի երաժշտությունը


Սերգեյ Սմբատյանը
Սերգեյ Սմբատյանը
Զիգմունդ Միսֆուդը
Զիգմունդ Միսֆուդը

Մալթայում շարունակվում է Միջազգային երաժշտական փառատոնը, որն օր օրի էլ ավելի հագեցած եւ տպավորիչ է դառնում:

 

Ապրիլի 22-ին Վալետայի Միջերկրածովյան կենտրոնի լեփ լեցուն Republic Hall-ում կայացավ ժամանակակից ամենահայտնի կոմպոզիտորներից մեկի՝ Ալեքսեյ Շորի «Մեծ Պաշարում» սիմֆոնիկ շարքի համաշխարհային պրեմիերան, որից հետո հնչեց  Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի անմահական երաժշտությունը: Բեմում միավորվել էին Հայաստանի Պետական սիմֆոնիկ եւ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբերը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

 

Այս հիշարժան համերգին կարելի էր հետեւել նաեւ ուղիղ եթերում՝ աշխարհի առաջատար դասական երաժշտական ալիքի՝ Medici TV-ի հեռարձակմամբ, որն ունի 700 000 հոգուց բաղկացած ակտիվ լսարան։

Զիգմունդ Միսֆուդը Զիգմունդ Միսֆուդը

 

Համերգից առաջ կայացաց ասուլիսի ժամանակ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Զիգմունդ Միսֆուդը նշեց, որ իրենց համագործակցությունը Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ սկսվել է 2018-ի հունվարին եւ այժմ նոր զարգացումներ է ապրում: Նա ասաց, որ բեմում միաժամանակ երկու նվագախումբ ունենալու փորձ մինչ այդ չէին ունեցել եւ այդ ձեւաչափը շատ հետաքիքիր է լինելու թե երաժիշտների եւ թե հանդիսատեսի համար:

 

Սերգեյ Սմբատյանն իր հերթին նշեց, որ նվագախմբերից յուրաքանչյուրն ունի իր ուրույն գեղարվեստական ոճը եւ նրանց միավորումը թույլ է տալիս հետեւել իրար լրացնող տեմբրերի համադրությանը, որն արդյունքում հզոր հնչեղություն է ստեղծում:

 

Համերգից հետո (որն ավարտվեց երկար ոտնկայս ծափահարություններով) Սերգեյ Սմբատյանը Մեդիամաքսի հետ կիսվեց իր տպավորություններով:

Սերգեյ Սմբատյանը Սերգեյ Սմբատյանը

 

«Այս համերգը շատ կարեւոր էր մեր նվագախմբի համար, որն այս տարի հանդես է գալիս որպես Մալթայի Միջազգային երաժշտական փառատոնի ռեզիդենտ: Եվրոպական երաժշտական «անցուդարձի» մեջ Մալթայի փառատոնը վայելում է բարձր հեղինակություն, առաջին հերթին՝ համաշխարհային ճանաչում վայելուղ երաժիշտների ներգրավվածությամբ: Մեծ պատիվ է Հայաստանի մշակույթի օրերի շրջանակներում եւ 2018 թվականի Եվրոպայի մայրաքաղաք հռչակված Վալետայում Խաչատրյան կատարել եւ ներկայացնել համաշխարհային պրեմիերա:

 

Նման նախագծերը լավագույն տարբերակն են՝ միջազգային մակարդակով մեր արվեստը ցուցադրելու համար: Հանրությանը ներկայացվում է Հայաստանի հարուստ մշակույթը եւ պրոֆեսիոնալ կատարողական դպրոցը: Այս առաքելության մեջ ոչ պակաս կարեւոր տեղ են զբաղեցնում համատեղ կատարումները՝ այլազգի երաժիշտների հետ», - պատմել է Սերգեյ Սմբատյանը։

 

Աննա Բուբուշյան (Մալթա)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին