Ազնավուր. Շնորհակալ եմ հպարտության այս մեծ զգացման համար - Mediamax.am

19348 դիտում

Ազնավուր. Շնորհակալ եմ հպարտության այս մեծ զգացման համար


Լուսանկարը` Getty Images


Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը բաց նամակ է հղել իր հայրենակիցներին՝ շնորհավորելով, որ «կարողացել են առանց արյան, բռնության, արժեքների ոտնահարման անցում ապահովել երկրում մեկ այլ իրողության»։

«Հայաստանում գտնվող իմ շա՛տ սիրելի քույրեր եւ եղբայրներ,

 

Քաղաքացիական անհնազանդության օրերին եւս դրսեւորեցիք արժանապատիվ ու մարդասիրական կեցվածք՝ լուծում առաջարկելով ծագող խնդիրներին այնքան սահուն ու արագ, ասես դա դյուրին էր։

 

Սա զարմացրեց եւ մտածելու տեղիք տվեց շատ այլ երկրների կառավարությունների։ Մեզ՝ սփյուռքի հայերիս համար մեծ հպարտություն էր ցույց տալ աշխարհին, որ կա մի փոքր երկիր, որի քաղաքացիները բացառիկ իմաստնություն եւ մարդասիրություն դրսեւորեցին՝ ապացուցելով, որ բռնությունը խաղաղության եւ փոխըմբռնման տանող ճանապարհ չի կարող լինել։ Մեր պատմության ընթացքում շատ դժվարություններ ենք ճանաչել։ Հիմա բացում ենք երջանկության, իմաստնության եւ սիրո էջը»,- գրել է շանսոնյեն իր նամակում, որը հրապարակել է «Ազնավուր» հիմնադրամը:

 

Շառլ Ազնավուրի խոսքով՝ հայաստանցիներին հաջողվել է ապացուցել, որ հայերն ունի գիտակցության բարձր աստիճան, եւ որ Հայաստանի համար առաջնահերթ է միավորումը։

 

«Այս միավորումն է, որ թույլ է տալու ապահովել երկրի բարեկեցությունը եւ քաղաքացիների միջեւ բարյացակամ վերաբերմունքը։ Ձեզ հաջողվեց ապացուցել, որ հնարավոր է ապրել միավորված եւ պատասխանատվության բարձր զգացումով։

 

Մենք՝ հայերս, կարողացանք ցույց տալ, որ «ժողովուրդ», «հայրենիք», «դրոշ», «մշակույթ», «կրոն» եւ «ընտանիք» բառերը մեր արժեքներն են։ Եվ որ յուրաքանչյուր հայ իր երկրում ունի հավասար իրավունքներ ու ազատություններ։ Ես, հավանաբար, աշխարհի հայերից ամենաֆրանսիացին եմ, սակայն ես հպարտ եմ իմ Հայաստանով եւ երբեք չեմ թաքցրել դա»,- ասել է շանսոնյեն։

 

Շառլ Ազնավուրը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին «աշխարհին մեր մարդասիրությունը ցույց տալու համար»:

 

«Հայաստանը մեծ է իր արժեքներով։ Օրինա՛կ լինենք բոլոր նրանց համար, ովքեր տարբեր են, գուցե նաեւ՝ ոչ այնքան բաց փոփոխությունների առջեւ։ Եկեք առաջ ընթանանք նույն ճանապարհով։ Վստահ եմ՝ այն լավագույնն է մեր ազգի եւ ժողովրդի ապագայի համար։ Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ հպարտության այս մեծ զգացումն ինձ պարգեւելու համար։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- ամփոփել է նամակը շանսոնյեն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին