Արմեն Դարբինյան․ նոր սերունդը մերժեց «փափուկ ավտորիտարիզմը» - Mediamax.am

8068 դիտում

Արմեն Դարբինյան․ նոր սերունդը մերժեց «փափուկ ավտորիտարիզմը»


Արմեն Դարբինյանը
Արմեն Դարբինյանը

Լուսանկարը` http://theworldmag.com


Հայաստանի նախկին վարչապետ, Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը Մեդիամաքսին է տրամադրել իր գնահատականները Սերժ Սարգսյանի գործունեության եւ հայկական հեղափոխության մասին, որոնք ներկայացնում ենք ստորեւ․

 

«Ստիպված եմ մեկ անգամ եւս անդրադառնալ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի գործունեության արդյունքներին վերաբերող իմ գնահատականներին եւ հայկական հեղափոխության կապակցությամբ իմ մոտեցումներին.

 

1) Մնում եմ բացարձակ նույն կարծիքի. հենց Սարգսյանի կառավարման վերջին տարիներին ձեւավորված ՀՀ իշխանությունների միջազգային լեգիտիմությունը թույլ չտվեց նրանց կիրառելու ռեպրեսիվ միջոցներ՝ հեղափոխությունը սաղմնային շրջանում վիժեցնելու համար: Մենք նաեւ ականատեսը եղանք, թե ինչպես միջազգային ողջ հանրությունը ուշի ուշով հետեւում էր ՀՀ լեգիտիմ քաղաքացիների դրսեւորումներին եւ ՀՀ լեգիտիմ խորհրդարանի կողմից՝ իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված որոշումներին: Այս ամենը ապացուցում է Սերժ Սարգսյանի կառավարման օրոք ՀՀ իշխանություններին, եւ ուրեմն՝ ՀՀ քաղաքացուն լեգիտիմության վերադարձի իմ թեզը:

 

2) Միաժամանակյա անդամակցությունը ԵԱՏՄ-ին եւ ԵՄ-ի հետ համապարփակ համագործակցության համաձայնագրի կնքումը, ինչպես նաեւ ԱՄՆ, ԵՄ, Կանադայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի հետ առեւտրի արտոնյալ պայմանների սահմանումը Հայաստանի համար՝ այո, արտաքին քաղաքականության տեսանկյունից գրոսմայստերական արդյունք է: Ինչին, ըստ էության, համաձայնեց նաեւ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձանագրելով որ անխտիր շարունակելու է նախորդ կառավարիչների՝ միջազգային քաղաքականությանը վերաբերող գիծը:

 

3) Ադրբեջանի համեմատ Հայաստանի դիրքը՝ ԼՂՀ շուրջ բանակցություններում բացառիկ շահեկան է. մենք հանդես ենք գալիս խաղաղասիրական դիրքերից:

 

4) Հենց այս երեք նվաճումների մասին էր իմ կողմից Սերժ Սարգսյանի կառավարման տարիների գնահատականը: Բնական է, որ այն չի փոխվել: Փոխվել է ուրիշ բան. մեր երիտասարդ սերունդը՝ երիտասարդ քաղաքական առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մերժեց Սերժ Սարգսյանի եւ հանրապետականների կառավարչական թիմի կողմից երկրին հրամցվող «փափուկ ավտորիտարիզմի» մոդելը, եւ ըստ էության բեկեց երկրի զարգացման կարծես թե երկար տարիների համար նախօրոք կանխանշված ընթացքը՝ փորձելով վերադարձնել այն ժողովրդավարական սկզբունքների: Ասեմ որ 90-ականների սերնդին (ինձ՝ ներառյալ) դա չի հաջողվել՝ ընթացող պատերազմի եւ ծանրագույն սոցիալական վիճակի պատճառով. մենք 1996 թվականից սկսած շեղվեցինք դեպի ավտորիտար կառավարում՝ դրա տարբեր դրսեւորումներով, սկսած «կռված տղերքի» դիկտատուրայից, շարունակելով կոշտ ու կոպիտ ավտորիտարիզմով, եւ վերջում ճաշակելով հարաբերականորեն «փափուկ» ավտորիտարիզմը:

 

5) Մեր ժամանակակից պատմությունը, ցավոք, բավական հարուստ է ավտորիտար համակարգերի հաջողության պատմություններով եւ չափազանց աղքատ՝ ժողովրդավարական մոդելների հաջողությունների տեսանկյունից: Սինգապուրը, Մալայզիան, Ղազախստանը, Չինաստանը, անգամ Ճապոնիան եւ Հարավային Կորեան ավտորիտարիզմի այս կամ այն մոդելի կիրառման արդյունքում են հասել նախանձելի հաջողությունների: Եվ հակառակը՝ Խորհրդային Միության փլուզումից հետո գրեթե չկա դասական ժողովրդավարական ճանապարհով ընթացած եւ տնտեսական զգալի հաջողություններ արձանագրած երկիր:

 

6) Վերջին տարիներին մեր հասարակությունը ուներ առնվազն երկու լեգիտիմ առիթ՝ մերժելու երկրի ավտորիտար կառավարման մոդելը. սահմանադրական հանրաքվե եւ խորհրդարանական ընտրություններ: Այդ առիթները չօգտագործվեցին, ինչի արդյունքում անշեղորեն ավելացավ սոցիալական եւ քաղաքացիական անտարբերությունը, ինչպես նաեւ՝ ավտորիտար կառավարման մոդելի ամրապնդման հավանականությունը: Որեւէ բան անելու չէր մնում, քան ամենայն հաջողություն ցանկանալ այդ մոդելի հեղինակին եւ մարմնավորողին՝ կրկնում եմ, հասարակության գրեթե ամբողջական անտարբերության ներքո:

 

7) Զարգացման նման ընթացքին սակայն կատեգորիկ դեմ էր քաղաքական եզակի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը եւ իր հրաշալի թիմակիցները, որոնց հաջողվեց «արթնացնել» մեր հասարակությունը այդ զառամյալ նիրհից: Փառք ու պատիվ իրենց: Եվ իհարկե այս իրավիճակում իմ տեղը չի կարող լինել այլ, քան այս գեղեցիկ երիտասարդների կողքին եւ թիկունքում՝ առավելեւս որ դրանց զգալի մասը մեր համալսարանականներն են:

 

8) Դժվար է լինելու. անհամեմատ ավել դժվար, քան ավտորիտար մոդելն էր: Վտանգները չափազանց լուրջ են: Բայց կա անշեղ հավատը մեր նոր երիտասարդության նկատմամբ, նրանց գաղափարական եւ քաղաքացիական արիության նկատմամբ. սա մի գուցե հենց այն ռեսուրսն է, որ չբավարարեց մեզ 90-ականներին, սա ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴՆ Է, որը իր իրավունքներն ու պատասխանատվությունն է հաստատում երկրիս նկատմամբ, եւ հենց դրա համար եմ բացականչում. ՁԵՐ ՑԱՎԸ ՏԱՆԵՄ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին