Ամուլսարի ծրագիրը կարեւոր ցուցանիշ է գրանցել - Mediamax.am

3894 դիտում

Ամուլսարի ծրագիրը կարեւոր ցուցանիշ է գրանցել


Լուսանկարը` «Լիդիան Արմենիա»


Երեւան: Մեդիամաքս: «Լիդիան Արմենիա»-ն տեղեկացնում է առողջության եւ աշխատանքային անվտանգության ոլորտում ընկերության կարեւոր ձեռքբերման մասին՝ 2 միլիոն մարդ/ժամ առանց աշխատաժամանակի կորստով պատահարի:

«Հատկանշական է, որ այս ցուցանիշը գրանցվել է շինարարական աշխատանքների ամենաթեժ ժամանակահատվածում՝ ընդգրկելով ձմռան ամիսները: Սա միջազգային ստանդարտ է, որով գնահատվում է առողջության եւ աշխատանքային անվտանգության ոլորտում ընկերությունների գործունեությունը:

 

Այս ցուցանիշը նշանակում է, ընկերության աշխատակիցները բոլորը միասին աշխատել են 2 միլիոն ժամ առանց որեւէ այնպիսի պատահարի, որի հետեւանքով ընկերության աշխատակիցը կարող էր բացակայել աշխատանքից կամ ի վիճակի չլիներ վերադառնալ իր հիմնական պարտականություններին: Արդյունաբերական եւ շինարարական ընկերությունները սովորաբար 1 միլիոն մարդ/ժամ առանց աշխատաժամանակի կորստով պատահարի ցուցանիշը համարում են մեծ ձեռքբերում: Իսկ Ամուլսարում շինարարության փուլում գրանցված 2 միլիոն մարդ/ժամ ցուցանիշը նշանակալի է նույնիսկ միջազգային փորձառու ընկերությունների համար»,- ասված է հաղորդագրությունում:

 

Ծրագրի շինարարությունն այս պահին ընթացքում է, մոտ 80%-ն արդեն իրականացվել է: Մի քանի միլիոն խ/մ հողային աշխատանքներ են կատարվել, 9000 խ/մ` բետոնային աշխատանքներ, 90 000 խ/մ դատարկ ապար արդեն իսկ տեղաշարժվել է, կառուցվել 1 մոտավորապես 20 կմ ճանապարհ: Ջրերի կառավարման համակարգի, ինչպես նաեւ բնապահպանական կառավարման մյուս համակարգերի շինարարության զգալի մասն արդեն իրականացվել է:

 

«Այն փաստը, որ բարդ լեռնային տարածքում եւ եղանակային անբարենպաստ պայմաններում շինարարության ընթացքում որեւէ լուրջ պատահար չի գրանցվել, ցույց է տալիս ընկերության պատրաստակամությունը հետեւելու առողջության եւ աշխատանքային անվտանգության խիստ կանոնակարգերին»,- ասված է հաղորդագրությունում:

 

«Մեզ համար ամենաբարդ խնդիրներից մեկն առողջության եւ աշխատանքային անվտանգության մշակույթը Լիդիանի եւ կապալառուների աշխատակիցներին փոխանցելն էր»,- ասել է ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանը:

 

«Երբեմն մենք ստիված ենք եղել կանգնեցնել մեր կապալառուների աշխատանքները, օրինակ, շինարարությունը ոչ անվտանգ իրականացնելու, կամ աշխատակիցների կողմից անհատական պաշտպանիչ միջոցները չկրելու պատճառով, քանի դեռ նրանք չեն ապահովել անվտանգության եւ առողջության անհրաժեշտ ստանդարտները: Շինարարության ռիսկերը շատ են եւ անվտանգության հստակ մշակույթի ներդրումը ապահովում է աշխատակիցների անվտանգությունը, նվազեցնում է ռիսկերը եւ խրախուսում է աշխատակիցներին աշխատել անվտանգ: 2 միլիոն  մարդ/ ժամ  առանց աշխատաժամանակի կորստով պատահարի ցուցանիշը եւս մեկ անգամ ընդգծում է, որ «Լիդիան Արմենիա»-ն պատրաստ է ապահովել անվտանգության պրակտիկան ընդունված միջազգային ստանդարտներին համապատասխան եւ շարունակել զարգացնել աշխատանքային անվտանգության մշակույթը Հայաստանում»,- ամփոփել է Արմեն Ստեփանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին