Ամուլսարի անկախ խորհրդատվական խումբը ներկայացրել է զեկույցը - Mediamax.am

4776 դիտում

Ամուլսարի անկախ խորհրդատվական խումբը ներկայացրել է զեկույցը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ամուլսարի «Անկախ խորհրդատվական խումբն» այսօր Երեւանում ներկայացրել է իր առաջին զեկույցը։ 

 

Խմբում ընդգրկված կայուն զարգացման հարցերով զբաղվող հայ եւ միջազգային յոթ փորձագետներ հետեւել են Ամուլսարի ոսկու ծրագրի իրականացմանը՝ լավագույն միջազգային չափանիշներով աշխատելու պարտավորության կատարման մասով։ 

 

Խումբը ձեւավորվել է 2017 թ. Ամուլսարի ծրագրի սոցիալական եւ բնապահպանական պարտավորությունների կատարման մշտադիտարկման,  ինչպես նաեւ միջազգային լավագույն փորձի սկզբունքներին համահունչ ընկերության ստանձնած պարտավորությունների իրագործման հաշվետվողականությունն ապահովելու նպատակով։

 

Ամուլսարի անկախ խորհրդատվական խմբի նախագահ դոկտոր Ջոն Հարքերը ներկայացնելով զեկույցը ասել է, որ իրենց հաշվետվության մեջ ներկայացրել են 19 առաջարկություն այն ուղղություններով, որտեղ «Լիդիանը» կարող է  բարձրացնել իր գործունեության արդյունավետությունը։

 

Ջոն Հարքերը նշել է, որ հանքարդյունաբերության ոլորտի թերի գործունեության պատճառով հայ հանրության շրջանում վստահության աստիճանը ցածր է եւ խմբի առանցքային երաշխավորություններից մեկն այն է, որ Ամուլսարի ծրագիրը պետք է աշխատի ակադեմիական հաստատությունների եւ տեղի բնակչության հետ՝ ջրի, փոշու աղտոտվածության եւ կենսաբազմազանության ուղղություններով։

 

«Մենք դա դիտում ենք որպես քաղաքացիներին լիազորելու եւ, եթե ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է խոստացածի համաձայն, մտահոգություններ ունեցողներին համոզելու, իսկ հակառակ պարագայում՝ ընկերությանը պատասխանատվության կանչելու միջոց»,- ասել է նա:

 

Խումբը հորդորել է հզորացնել կապալառու ընկերությունների կողմից սոցիալական եւ բնապահպանական գործունեությունը կառավարելու մեխանիզմները։

 

Անդրադառնալով բնապահպանների այն պնդումներին, որ հանքարդյունաբերությունը չի կարող որեւէ օգուտ բերել Հայաստանին, դոկտոր Հարքերն ասել է․

 

«Մենք միշտ բաց ենք քննարկումների համար։ Մենք այս խմբին չէինք անդամակցի, եթե չհավատայինք, որ հանքարդյունաբերությունը կարող է անվտանգ լինել, որ ռիսկերը հնարավոր է նվազեցնել եւ օգուտները առավելագույնի հասցնել։ Հույս ունենք՝ կկարողանանք խթանել Հայաստանում պատասխանատու հանքարդյունաբերությունը։ Չկա որեւէ պատճառ մտածելու համար, որ անհնար է հանքարդյունաբերությունը օգտագործել ի շահ ժողովրդի, ուղղակի պետք է աշխատել այդ ուղղությամբ»։ 

 

Ամուլսարի «Անկախ խորհրդատվական խումբը» կրկին Հայաստան է այցելելու աշնանը՝ շահագրգիռ կողմերի հետ կլոր սեղանի ձեւաչափով քննարկման նպատակով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին