Թավշյա հեղափոխության ազդակը՝ «Երկրի հակառակ կողմից» - Mediamax.am

exclusive
65337 դիտում

Թավշյա հեղափոխության ազդակը՝ «Երկրի հակառակ կողմից»


«Երկրի հակառակ կողմը» գրքի շապիկի մակետը
«Երկրի հակառակ կողմը» գրքի շապիկի մակետը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արքմենիկ Նիկողոսյանը
Արքմենիկ Նիկողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Երկրի հակառակ կողմը» գրքի շապիկի մակետը
«Երկրի հակառակ կողմը» գրքի շապիկի մակետը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Մարտիրոսյանը
Արմեն Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


2008 թվականի մարտի 2-ին, քաղաքական հետապնդումներից խուսափելու նպատակով, Նիկոլ Փաշինյանն անցավ ընդհատակ։ Ոստիկանությունը փնտրում էր նրան Հայաստանում ու Հայաստանից դուրս։ Դրսում փնտրելու պատճառը նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակվող «Երկրի հակառակ կողմը» հոդվածաշարն էր, որում Փաշինյանը նկարագրում էր երկրից երկիր իր ճամփորդությունները։ Իրականում հեղինակը «ճամփորդում» էր՝ չհեռանալով Երեւանի ծայրամասում գտնվող առանձնատնից։ 2012-ի ԱԺ ընտրություններին ԿԸՀ-ն հրաժարվեց գրանցել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը՝ պատճառաբանելով, թե նա 2008-ի մարտին ապօրինի հատել է Հայաստանի սահմանն ու 2009-ին ապօրինի վերադարձել։ 

 

10 տարի անց՝ «Երկրի հակառակ  կողմը» վերընթերցելուց հետո, Փաշինյանը հասկացավ՝ եկել է ժողովրդի հաղթանակի ժամը։

 

«2018 թվականի հունվարին ինձ մոտեցավ մի սկսնակ հրատարակիչ եւ առաջարկեց կազմակերպել «Երկրի հակառակ կողմը» վեպի տպագրությունը՝ առանձին գրքով։ Ես թերահավատությամբ վերաբերվեցի այդ գործը կազմակերպելու նրա հմտությանը, այնուամենայնիվ, ժամանակ խնդրեցի վեպը կարդալ-խմբագրելու համար։ Վեպի ընթերցումը 10 տարի անց ինձ տակնուվրա արեց պարզապես։ Իմ ներսում մի իսկական փոթորիկ սկսվեց, մի իսկական հեղափոխություն։ Ես հասկացա, որ ժողովրդի հաղթանակի ժամը եկել է։ Հիմա այս գիրքը հրատարակում է բոլորովին ուրիշ հրատարակիչ, բայց ցանկացա ընդգծել, որ սկսնակ հրատարակչի հետ մեր հունվարյան հանդիպումն էական դեր ունեցավ հետագա զարգացումերի համար», - այս տողերը Նիկոլ Փաշինյանը գրել է «Երկրի հակառակ կողմը» գրքի համար, որը հրատարակության է պատրաստում «Անտարես»-ը:

 

«Անտարես»-ը 2010-ին էր որոշել հրատարակել «Երկրի հակառակ կողմը» վեպը, բայց երբ Նիկոլ Փաշինյանը համաներմամբ ազատ արձակվեց, հրատարակելու գաղափարը «սառեցվեց»։ 

 

«Քանի որ Նիկոլն ինքը հրատարակիչ էր, այդ հարցը դուրս եկավ։ Եթե Նիկոլը չլիներ հրատարակիչ, կպնդեինք»,- Մեդիամաքսին ասել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Վեպի վերածված հոդվածաշարը հրատարակելու գաղափարին Արմեն Մարտիրոսյանը վերադարձավ 2018 թվականի փետրվարին։ Իր մտադրությունը Նիկոլ Փաշինյանին փորձում էր հասցնել ծանոթների միջոցով, որովհետեւ «Իմ քայլը» նախաձեռնությունն արդեն հասել էր Երեւան, ու անհնազանդության գործողությունները համատարած էին։

 

«Մի օր զանգեց, ասաց՝ Նիկոլն է Փաշինյան, Ձեր առաջարկները լսում եմ։ Հրավիրեց Ազգային ժողով։ Կիրակի էր, գնացի, խոսեցինք, պայմանավորվեցինք։ Գիշեր-ցերեկ բոլոր սրբագրիչներն ու խմբագիրներն աշխատում էին, որ մի շաբաթում հասցնենք գիրքը նախապատրաստել։ 

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ես պայմանավորվել էի վարչապետի ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ պայմանագիրը ստորագրեցինք Նիկոլ Փաշինյան վարչապետի հետ։ Բայց մեզ համար այն ժամանակ էլ, հիմա էլ նա հեղինակ է»։ 

 

«Երիտասարդ հեղափոխականի ձեռնարկ»․Արմեն Մարտիրոսյանի՝ վեպին տված բնորոշումն է։ Ասում է՝ տողերի արանքում կարող եք տեսնել այն, ինչ Հայաստանում կատարվեց վերջին մեկ ամսում, նաեւ՝ դրա նախապատրաստական աշխատանքը։ 

 

«Անտարես»-ի տնօրենը վստահ է՝ գրողները կանխատեսում են ապագան։ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն էլ թվարկել է հայ եւ համաշխարհային գրականության գործեր, որոնցում նկարագրված դեպքերն իրականություն են դարձել։ 

 

«Նիկոլը պատասխանեց․ «Շատ հետաքրքիր է, փետրվարին, երբ խմբագրում էի այս գիրքը, ես հստակ որոշում կայացրեցի, որ պետք է հեղափոխություն անեմ»։

 

Արքմենիկ Նիկողոսյանը Արքմենիկ Նիկողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանն ասում է, որ վեպը կառուցված է որպես փախուստի եւ վերադարձի էֆեկտ։ Հերոսը, հետապնդվելով ԱԱԾ-ի կողմից, ստիպված հեռանում է Հայաստանից ու շրջում աշխարհով, փոխում անունը, մասնագիտությունը, ընկնում արկածների մեջ, տեսնում երկրի հակառակ կողմն ու նորից վերադառնում Երեւան։ Բայց ամենաարժեքավոր, ըստ խմբագրի, վեպի գաղափարական կողմն է։

 

«Գրված լինելով 10 տարի առաջ եւ լինելով Նիկոլ Փաշինյանի գաղափարական մանիֆեստը՝ զարմանալի է, որ այս 10 տարվա ընթացքում որեւէ շեղում չի արձանագրվել այդ գծից։ Մեր երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը, ըստ էության, այդ գրքում նախանշված գաղափարական ուղղությունների, թիրախների իրագործումն է», - Մեդիամաքսին ասել է Արքմենիկ Նիկողոսյանը:

 

«Երկրի հակառակ կողմը» գրքի շապիկի մակետը «Երկրի հակառակ կողմը» գրքի շապիկի մակետը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Նրա խոսքով, կլինեն մասնագետներ, որոնք գրքում վիպական կոմպոզիցիայի խախտումներ կգտնեն։ Պետք չէ մոռանալ, որ հեղինակը գրող չէ, թեեւ վեպում «գրողական բազմաթիվ լավ հատկանիշներ կան»։

 

«Սյուժեն այնպես է կառուցում, որ սկզբից մինչեւ վերջ քեզ պահի լարվածության մեջ։ Կարողանում է կառուցել շատ կենդանի երկխոսություններ տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ։ Տիրապետում է փայլուն համեմատությունների, կարողանում է կենսական օրինակներ բերել։ Գրքում շատ են նաեւ պոետիկ, քնարական հատվածները, հատկապես՝ հայ կանանց, սիրո, իսպանական ֆլամենկո պարի մասին»,- ասում է Արքմենիկ Նիկողոսյանը։ 

 

Խմբագիրը վստահ է՝ վեպն ընթերցելիս արտերկրում ապրող յուրաքանչյուր հայի մոտ կարթնանա Հայաստան վերադառնալու շատ մեծ ու բուռն ցանկություն՝ գաղափարական հենքով։

 

Արմեն Մարտիրոսյանը Արմեն Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Երկրի հակառակ կողմը» հավանաբար մեկ շաբաթից կհասնի ընթերցողին։ Մի քանի փուլով կտպագրեն 5 հազար օրինակ։ Կազմի ձեւավորումը հեղինակինն է։ Վեպով հետաքրքրված են նաեւ հրատարակիչներ արտերկրից։ «Անտարես»-ի տնօրենը վստահ է՝ Հայաստանում գրքի չտեսնված «բում» է լինելու։

 

«Ուզում ենք, որ ինչպես Նիկոլ Փաշինյանը դարձավ թավշյա հեղափոխության առաջնորդը, այնպես էլ դառնա գրքի հեղափոխության առաջնորդը եւ բացի ընթերցանության փակ դաշտը։ 20 տարի անց Հայաստանում իշխանության են եկել կարդացող եւ գրող մարդիկ։ Այդ հնարավորությունը պետք է օգտագործել»,- կարծում է Արմեն Մարտիրոսյանը։

 

Նա Նիկոլ Փաշինյանին առաջարկել է որոշակի պարբերականությամբ ուղիղ եթերով հեքիաթ կարդալ։ «Պատկերացրեք՝ ինչքան մարդ կուզենա նմանվել Նիկոլ Փաշինյան ծնողին, իսկ դա ավելի կփոխի Հայաստանը»։ Վարչապետը համաձայնել է։

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին